կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-10 19:10
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է վախադուլ, ստադուլ, հացադուլ

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է վախադուլ, ստադուլ, հացադուլ

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` այս ելույթը ամենալավերից չէր, սակայն ամենապատասխանատուն էր, իսկ ահա մյուս հանրահավաքի ժամանակ «ավելի դուխով» է խոսելու:   

 

Այնուհետև անցնելով բուն ելույթին` Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին` անկախ կուսակցական պատկանելիությունից, գալ և կանգնել Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի կողքին:



«Հիմա է ժամը, կուսակցություն չխաղաք, սա մեր ժողովուրդն է: Սա ոչ թե կուսակցական շահի համար է, այլ մեր երկիրը ժողովրդին վերադարձնելու, մեր քաղաքացիների հավատավոր քվեն հարգելու համար է: Հարգեք  ժողովրդին: Փետրվարի 18-ին մենք ասել ենք «այո» մեր ապագային»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 



Այնուհետև նա նշեց, թե մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը պետք է ինքնաբացարկ հայտարարի, ճանաչի ժողովրդի հաղթանակը, իսկ եթե ցանկանա բանակցությունների մեջ մտնել իր հետ, ապա  այդ հանդիպումը կլինի Ազատության հրապարակում` ժողովրդի առջև:

 

«Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա Սահմանադրության և Սուրբ գրքի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը` օրհնելով ժողովրդին խեղող թեկնածուին, ապա դա անելու են իմ դիակի վրա: Ես մինչև մարտի 31-ը՝ մինչև Սուրբ Զատիկի տոնը հայտարարում եմ  իմ վախադուլը, ստադուլը: Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտարարել, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա նշեց նաև, որ եթե մինչև Զատկի տոնը Ս. Սարգսյանը «դուխ չունենա» ինքնաբացարկ անելու, ուրեմն թող Վեհափառին ասի` մի խմեք իմ կենացը, իսկ Վեհապափառն էլ` Սերժ Սարգսյանին ասի, որ եկեղեցին անջատ է պետությունից և գործիք չէ իշխանության ձեռքին: 



Մյուս հանրահավաքը լինելու է մարտի 15-ին, այդ օրը ժողովրդի հետ քննարկվելու են հետագա անելիքները` կապված Երևանի քաղաքապետի ընտրությունների, ՍԴ վճռի  և այլ հարցերի հետ: