Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Լիտվայի խորհրդարանում մի խումբ պատգամավորներ հռչակագիր ստորագրեցին` Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին, ինչն անչափ կարեւոր է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում: Yerkir.am-ը այս կապակցությամբ զրուցեց հռչակագիրը ստորագրած լիտվացի պատգամավորներից մեկի` Դանգուտե Միկուտիենեի հետ:
- Տիկի’ն Միկուտիենե, կպատմե՞ք, թե ինչը առիթ հանդիսացավ, որ Արցախի հետ բարեկամական խումբ ստեղծելու որոշում ընդուվի:
- Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության անկախության ու համագործակցության 25-ամյակին նվիրված կոնֆերանսի ժամանակ Լիտվայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներիս մոտ Արցախի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու միտք ծագեց, ինչի մասին անմիջապես հռչակեցինք:
- Ինչպե՞ս ընդունվեց այդ որոշումը Լիտվայի Սեյմասի ձեր մյուս գործընկերների կողմից:
- Կան որոշ խմբեր, որոնք չեն աջակցում, կան գործընկերներ, ովքեր Ադրբեջանի հետ միջխորհրդարանական խմբի անդամներ են, եւ նրանք չէին ցանկանա, որ այսպիսի բան լիներ, բայց մենք ազատ, ժողովրդավարական երկիր ենք, եւ բարեկամությունը կառուցվում է նաեւ բարեկամական խմբերի միջոցով: Մենք այստեղ ինչ-որ վատ բան չենք տեսնում:
- Բազմիցս բարձրաձայնվել է ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» մասին, որով այդ երկիրը փորձում է փողով, նավթով ու խավիարով կաշառել օտարերկրացի քաղաքական ու պետական գործիչներին, որպեսզի նրանց հետ պահի ԼՂՀ-ի նկատմամբ արդարացի եւ միջազգային իրավունքների դրույթներից բխող դիրքորոշումից կամ դրդի ադրբեջանամետ կեցվածք ընդունել: Արդյո՞ք Ադրբեջանի կողմից Ձեր հանդեպ նման ճնշումներ չեն եղել, կամ հռչակագրի ընդունումից հետո Ձեզ հետ կապվելու փորձեր ադրբեջանցիներն արե՞լ են:
- Հռչակագրից հետո ինձ հետ կապվելու կամ ինչ-որ մեթոդներով որոշմանս փոփոխությանը հասնելու փորձեր ադրբեջանական կողմից դեռեւս չեն եղել: Հավանաբար` նրանք ինձ ճանաչում են եւ այդպիսի փորձեր չեն արել: Բայց ես ուզում եմ ասել, որ ազատ, ժողովրդավարական երկրում բարեկամական բոլոր շփումները, ինչ-որ բարեկամական խմբերի ստեղծումը նորմալ պետք է ընկալվեն: Ու եթե մարդիկ հռչակում են, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով, միայն կարելի է շնորհավորել այսպիսի դրսեւորումները: Կա, իհարկե, այսպես ասած, real politics եւ համագործակցության այլ միջոցներ, որոնց դեպքում կարող են «խավիարային դիվանագիտության» բնորոշ դրսեւորումներ լինել: Բայց անձամբ ինձ համար դրանք ընդունելի չեն:
- Հռչակագրի ընդունումից հետո կարեւոր է, որ այն չմնա` որպես զուտ փաստաթուղթ: Ի՞նչ գործնականն քայլեր եք նախատեսում իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, իրոք, բարեկամական հարաբերություններ ստեղծելու համար: Պատրաստվո՞ւմ եք այցելել ԼՂՀ, շփվել տեղի` Ձեր գործընկերների հետ, մոտիկից ծանոթանալ ԼՂՀ-ին, նրա ժողովրդի հետ կամ անձամբ տեսնել, թե ինչպես է ԼՂՀ-ում զարգանում ժողովրդավարությունը:
- Ես ուզում եմ մեկ անգամ եւս հավաստիացնել, որ իրոք, բոլոր կոնֆլիկտային իրավիճակները կարելի է լուծել փոխզիջումային տարբերակով: Աազգերը, ժողովուրդները ապրում են կողք կողքի եւ կապրեն այդպես: Եվ միայն խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով է այդ տարածաշրջանում հնարավոր հասնել խաղաղության: Ինչ վերաբերում է Արցախ այցելելուն, բարեկամության խմբի անդամները, ինչպես նաեւ պառլամենտի բոլոր այն անդամները, ովքեր ստորագրել են հռչակագրի տակ, Արցախ այցելելու համար արտգործնախարարության համաձայնությունն ունեն: Այսինքն` հնարավոր է այցելել Արցախ, ծանոթանալ երկրի, ժողովրդի հետ, քաղաքական համակարգին եւ այլն:
- Անձամբ Դուք պատրաստվո՞ւմ եք այցելել ԼՂՀ:
- Ես այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ մեզ մոտ հիմա շատ զբաղված ժամանակաշրջան է. Լիտվան պետք է ընդունի Եվրամիության նախագահությունը, եւ երբ ազատ ժամանակ լինի, արդեն մենք կմտածենք Արցախ այցելելու մասին: Բայց ամեն դեպքում հրավերը մենք արդեն ընդունել ենք եւ հույս ունենք, որ նրանք, ովքեր մեզ քննադատում են, կգտնեն ուժ եւ քաջություն` հասկանալու, որ բոլոր սուր իրավիճակները հնարավոր է խաղաղ ճանապարհով կարգավորել` միայն դեմոկրատական ճանապարհով:
- Հայտնի է, որ Ադրբեջանը բավականին հիվանդագին է ընդունում, երբ մի օտարերկրացի, առավել եւս` պետական պաշտոնյա կամ քաղաքական գործիչ այցելում է ԼՂՀ կամ ԼՂՀ-ի օգտին ինչ-որ քայլ է ձեռնարկում: Այդ դեպքում տվյալ մարդիկ անմիջապես Ադրբեջանի համար persona non grata են հայտարարվում: Չե՞ք վախենում Ադրբեջանի համար persona non grata համարվելուց:
- Ո’չ, չեմ վախենում, եւ եթե այդպիսի բան լինի` կծիծաղեմ: Այո’, իսկապե’ս, եթե նրանք ունեն միայն այդ միջոցները, եթե նրանք միայն այդպիսի քայլեր կարող են ձեռնարկել` ես ափսոսանքս եմ հայտնում նրանց համար: Ադրբեջանական կողմից սպառնալիքներ ես չեմ ստացել: Ես քաղաքականության մեջ եմ արդեն 12 տարի, եւ այդպիսի սպառնալիքներն ինձ չեն հետաքրքրում: Եթե նույնիսկ այդպիսիք լինեն, դա միայն կցուցադրի նրանց շատ ցածր քաղաքական կուլտուրան:
- Եթե Ադրբեջանը մեծացնի ճնշումը ձեզ վրա, կարո՞ղ է դա հանգեցնել նրան, որ դուք հրաժարվեք հռչակագրի դրույթների իրագործումից:
- Ո’չ, ո’չ եւ եւս մեկ անգամ` ո’չ: Եվ թող նույնիսկ չփորձեն: Մենք ժողովրդավարական երկիր ենք, եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի անդամի մանդատը թույլ է տալիս լիակատար ազատ լինել: Եվ ինձ ոչ ոք չի կարող ուղղորդել` ում հետ բարեկամություն անեմ, ում հետ` ոչ:
- Ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը, ինչպիսի՞ քայլեր կարելի է ակնկալել:
- Մենք արդեն ստեղծել ենք բարեկամության խումբը, կտեսնենք, թե հետագայում ինչ կարելի է անել: Խումբը կհավաքվի, կընդունի գործողությունների պլան: Առայժմ վաղ է խոսելն այն մասին, թե ինչպիսին կլինեն հաջորդ քայլերը, դեռ տեսնենք, թե ինչպիսի արձագանք կլինի, ու հետո նոր կորոշենք, թե պայքարի ինչ միջոցներ կձեռնարկենք:
- Համենայն դեպս, Ադրբեջանի արձագանքն արդեն կա. այդ երկիրն արդեն իր բողոքն արտահայտել է...
- Նրանք դրա իրավունքն ունեն, դա միայն ցույց է տալիս նրանց քաղաքական կուլտուրան: Միշտ էլ ճիշտ է, որ լինեն խաղաղ բանակցություններ, կարծիքների փոխանակում, բանավեճեր, խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու փորձեր: Իսկ եթե այդպես չեն ուզում, դա արդեն իրենց խնդիրն է:
- Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում, որ կամք ու վճռականություն դրսեւորեցիք եւ ձեր երկրի խորհրդարանում ընդունեցիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու մասին հռչակագիրը: Մաղթում ենք ձեզ խաղաղություն:
Հարցազրույցը` Գեւորգ ԱՎՉՅԱՆԻ