կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 17:42
Աշխարհ

Չինաստանն ընդդեմ թուրք ֆուտբոլիստի. Օզիլը Persona non grata է Չինաստանում

Չինաստանն ընդդեմ թուրք ֆուտբոլիստի. Օզիլը Persona non grata է Չինաստանում

2014 թ. Գերմանիայի կազմում աշխարհի չեմպիոն, Մադրիդի Ռեալի նախկին և լոնդոնյան Արսենալի թուրքական ծագմամբ գերմանացի հայտնի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլն օրեր առաջ թվիթերյան էջում գրառում էր կատարել, որտեղ քննադատել էր Չինաստանի՝ երկրի արևմտյան շրջաններում բնակվող ույղուր-թյուրքերի հանդեպ պետության վարած քաղաքականությունը:

Թուրքիան բազմիցս է բողոքի նոտա հղել՝ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար հանրապետությունում թյուրքերի նկատմամբ կիրառվող քաղաքականությանը վերջ տալու համար: Նշվում է, որ ինքնավար հանրապետությունում ստեղծվել են ճամբարներ, որտեղ պահվում են ազգային փոքրամասնություն համարվող ույղուրները: 2018 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը զեկույց էր հրապարակել, որում նշվում էր, որ իբր այդ ճամբարներում պահվում են մոտ 1 մլն ույղուր, և այնտեղ «վերադաստիարակում են» ույղուրներին, սովորեցնում չինական ազգային երգեր, չինարեն, պարտադրում երկրի առաջնորդ Սի Ցզինպինի գաղափարախոսությունը: Ի պատասխան դրա՝ Չինաստանը հայտարարում է, որ դա պարզապես կրթական կենտրոն է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ռուսական BBC-ին:

«Նրանք ոչնչացնում են Ղուրանը, փակում են մզկիթները, արգելում են մեդրեսեները ( կրոնական դպրոցներ` Yerkir.am ), սպանում են աստվածաբաններին: Տղամարդկանց հարկադրաբար ուղարկում են ճամբարներ և նրանց ընտանիքներ ուղարկում չինացի տղամարդկանց: Քույրերին պարտադրում են ամուսնանալ չինացիների հետ: Չնայած այս ամենին՝ մուսուլման աշխարհը լռում է». – նշել է Օզիլը:

Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշում է, որ ֆուտբոլիստը տրվել է կեղծ տեղեկություներին և հայտարարություններին և հրավիրել ֆուտբոլիստին Չինաստան՝ անձամբ այցելելու Սինցզյան և սեփական աչքերով տեսնելու ճշմարտությունը:

Կիրակի չինական CCTV հեռուստաալիքով հեռարձակվող նախատեսվող Արսենալ-Մանչեսթեր Սիթի հանդիպման փոխարեն ցուցադրվել է Տոտենհեմ-Վուլվերհեմփթոն խաղը: Չինական Global Times պարբերականը հաստատել է, որ փոփոխությունը տեղի է ունեցել Օզիլի խոսքերի պատճառով:

Չինական Baidu հարթակում ֆուտբոլիստի ֆան-ակումբ, որտեղ գրանցված էին 30 հազար մարդ, հեռացվել է անձամբ հիմնադրի կողմից, ով նշել է, որ ազգային շահը վեր է ամեն ինչից:

Արսենալից հայտնում են, որ ակումբը զերծ է ամեն տեսակ քաղաքականությունից և նշել, որ դա ֆուտբոլիստի անձնական կարծիքն է:

Սա Օզիլի առաջին սկանդալը չէ ֆուտբոլից դուրս: 2018 թ. Օզիլը լուսանկարվել էր մարդու իրավունքները ոտնահարող, բռնապետ Էրդողանի հետ, որը մեծ աղմուկ էր բարձրացրել ֆուտբոլիստի նոր հայրենիքում՝ Գերմանիայում և աշխարհում: Սկանդալից հետո Օզիլը հեռացել էր Գերմանիայի ազգային հավաքականից: