Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիտվայի պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Պետք է թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ 1915 թվականին։ Այս մասին ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշևիչիուտեն, որն իր գլխավորած պատվիրակության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Այսօր ծանոթացանք փաստերի հետ, որոնք մեզ հայտնի չեն եղել: Լիտվայի ժողովուրդն էլ է անցել դժվարությունների միջով, բայց մեր պատմությունն այդքան ողբերգական չէ: Պետք է ապրել խաղաղ, միշտ հիշել անցյալը, դրանից անել հետևություններ և թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ»,–ասել է Ռիմանտե Շալաշևիչիուտեն:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Լիտվայի խորհրդարանականներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Պատվիրակության անդամ, Լիտվայի Հանրապետության Սեյմի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիտաուտաս Ռասկեւիչյուսը, ծանոթանալով վավերագրերին, նշել է.
«Կարծում եմ` մարդկությունը պետք է ուշադիր լինի անցյալում տեղի ունեցած դաժանությունների` հատկապես Հայոց ցեղասպանության հանդեպ: Ուզում եմ համոզված լինել, որ այսպիսի դաժանություններ այլևս չեն կրկնվի»,–ասել է նա։
Հավելենք, որ Լիտվայի պատվիրակությանն ուղեկցել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը և Գայանե Եղիազարյանը։