Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացրել է իր լոբբինգը, եւ որոշ երկրների խորհրդարաններում լուրջ գործընթացներ են ընթանում: Իսկ թե ինչ քայլեր են ձեռնարկվում դրանց դեմ, ներկայացրեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա` թեեւ այսօր Հայաստանում թիվ մեկ թեման ընտրական եւ հետընտրական գործընթացներն են, բայց չպետք է մոռանալ արտաքին քաղաքականության օրակարգում գտնվող կարեւորագույն խնդիրները եւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը բանակցային գործընթացին զուգահեռ տարբեր երկրների խորհրդարանները դարձնում է թիրախ՝ հակամարտության շուրջ ծագած խնդիրները քննարկելու համար:
«Որոշ երկրների խորհրդարաններ Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունը ինքնաբերաբար հեշտությամբ «մարսում» են, հատկապես` Խոջալուի դեպքերի հետ կապված: Օրինակ` Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձեւը, Սերբիայի և Բոսնիայի պառլամենտներում նախապատրաստվող քննարկումները որոշակի գործընթացներ սկսելու փորձեր են համարվում»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ այս երկրների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել:
Նրա հավաստիացմամբ` Հայաստանի դիվանագիտական ողջ ուժն ուղղված է` կասեցնելու նմանատիպ գործընթացները, եւ մեր խորհրդարանական պատվիրակությունները, բարեկամական խմբերն այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են ԱԳՆ-ի հետ համատեղ: «Շատ վատ է, երբ երկու երկների միջեւ առկա հակամարտությունները դառնում են 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրի քննարկման առարկա: Այդ քննարկումները բացասական են անդրադառնալու արդեն իսկ 20 տարի իրականացվող միջնորդական գործունեության վրա, երկու հասարակությունների միջեւ առկա լարվածությունը մեղմելու»,- ասաց պատգամավորը:
Զաքարյանի խոսքով` ոչ միայն շարունակելու են պայքարել ադրբեջանական ցանկացած լոբբիստական գործունեության դեմ, այլեւ որոշակի մթնոլորտ են ձեւավորելու տարբեր երկրների խորհրդարանում, որն, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտության» դեմ է ուղղված լինելու: Ըստ Զաքարյանի` նման քաղաքականության պտուղները տարբեր կերպ են ի հայտ են գալու, ինչպես տեղի ունեցավ Լիտվիայի խորհրդարանի դեպքում: