կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-29 05:01
Քաղաքական

Անդեմ դիվանագիտության պտուղները

Անդեմ դիվանագիտության պտուղները

ԵԽԽՎ Բյուրոն այսօր որոշում է կայացրել վերստեղծել Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովը, որի նախագահ է նշանակվել իսպանացի պատգամավոր, «Եվրոպայի դեմոկրատների եւ լիբերալների ալյանս» խմբի անդամ Ջորդի Խուգլա ի Կոստան: ԵԽԽՎ թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուի միջնորդությամբ շուրջ մեկ տարի է խորհրդակցություններ են ընթանում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը վերստեղծելու ուղղությամբ:


Այդ ընթացքում հայկական պատվիրակության բարձրացրած բոլոր հարցերն անտեսվել են, եւ ակնհայտ է, որ Չավուշօղլուն, իր դիրքն օգտագործելով, փորձում է անպայմանորեն կյանքի կոչել մի հանձնաժողով, որը ոչ առանց հիմնավոր պատճառների մինչեւ հիմա չի գործել: Իսկ եթե պատճառները չեն վերանում, ուրեմն նման հանձնաժողովի ստեղծումը կվնասի բանակցային գործընթացին: Հայկական պատվիրակությունը նման հանձնաժողով ստեղծելու աննպատակահարմարությունը պատճառաբանում է մի շարք գործոններով:


«Եվրախորհրդի մոտեցումը մշտապես եղել է այն, որ եթե պետք է ինչ-որ հանձնաժողով ստեղծվի, ապա այդ հանձնաժողովի գործունեությունը ոչ մի դեպքում չի կարող խաչաձեւվել եւ հակասել Մինսկի խմբի ձեւաչափին»,- մեզ հետ հեռախոսազրույցում Ստրասբուրգից հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա պնդմամբ` Եվրախորհուրդն իր բազմաթիվ հայտարարություններով ընդունել է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման առումով միակ մանդատը Մինսկի խումբն է, եւ հարկավոր է ոչ թե խանգարել, այլ նպաստել հենց այդ շրջանակներում իրականացվող կարգավորման գործընթացին:


«Եթե կա մի նեղ շերտ, որտեղ Եվրախորհուրդը կարող էր աշխատել, ապա դա այն թշնամանքի մթնոլորտի մեղմումն է, որ գոյություն ունի երկու կողմերի միջեւ, այսինքն`Եվրախորհուրդը պետք է փորձեր դրական մթնոլորտ ստեղծել կարգավորման գործընթացի շուրջ»,- նշեց Արմեն Ռուստամյանը:


Նրա համոզմամբ` ԵԽ-ն հեղեղված է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի եւ զանազան սուտ ու կեղծ լուրեր, հաստատումներ տարածելու փաստաթղթերով, եւ պարոն Չավուշօղլուն` որպես թուրք պաշտոնյա, անձնական շահագրգռվածություն ունի խնդիրն իր ուզած ճանապարհով տանելու: «Չավուշօղլուն ունի մեկ տարի աշխատելու հնարավորություն եւ ամեն ինչ անելու է, որպեսզի այս վերջին տարվա ընթացքում իր միջնորդությամբ հասնի ադրբեջանամետ բանաձեւերի, հաստատումների ու հայտարարությունների ընդունմանը եւ դա կատարի հատուկ հանձնաժողովի միջոցով, այսինքն` հատուկ հանձնաժողովն իր համար լինելու է մի միջոց, որով թուրք-ադրբեջանական տանդեմին համար ցանկալի հայտարարություններ ու բանաձեւեր կընդունի»,- ասաց Ա. Ռուստամյանը:


Նշենք, որ հատուկ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու վերջնական որոշումը հայկական պատվիրակությունը կկայացնի, երբ վերադառնա Հայաստան, բայց, Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ, հայկական կողմի ասելիքը արդեն իսկ հստակ է` հանձնաժողովը չի կարող աշխատել` խաչաձեւվելով Մինսկի խմբի գործունեության հետ: Հայկական պատվիրակությունը համապատասխան նամակով դիմել է ԵԽ անդամներին` հաստատելով, որ չպետք է մասնակցի հատուկ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետեւ կա փաթեթ, որից որեւէ էլեմենտ անջատելն անթույլատրելի է, եւ դրա մասին հայտարարել են հենց համանախագահները: Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ Հայաստանը չի կարող փոխարինել Ղարաբաղին այն հարցերով, որոնք ուղղակիորեն վերաբերում են Ղարաբաղի իրավասությանը, առնչվում են նրա կենսական շահերին, եւ Մինսկի խմբից դուրս որեւէ քննարկում կամ բանաձեւ, որ կառնչվի Ղարաբաղին, Հայաստանի համար անընդունելի է: