կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 13:47
Իրավական

Իսկ աշխատողները կգան Աֆրիկայից

Իսկ աշխատողները կգան Աֆրիկայից

«Արմենալ» գործարանի 100-ից ավելի բանվորներ նամակ են ուղարկելու ՀՀ նախագահին' կապված իրենց աշխատանքային իրավունքերի խախտման հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն, «Արմենալ» գործարանում աշխատող բանվորների շահերի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը: Նա նշեց, որ գործը շուրջ 1.5 տարի է` գտնվում է դատարանում. «Գործարանի ադմինիստրացիան ամեն կերպ փորձում է զրկել բանվորներին իրենց իրավունքները պաշտպանելուց: Բանվորներին սպառնում են զանգվածային կրճատումներով»:

 

Բաղդասարյանը տեղեկացրեց, որ «Արմենալ» գործարանի գլանման արտադրամասի աշխատողները օրենքի ուժով շուտ են գնում թոշակի, քանի որ աշխատում են վնասակար պայմաններում: Գործարանի գլխավոր տնօրենի հրամանով, որպես վնասակար արտադրամասի աշխատողներ, տարեկան կտրվածքով պարտադիր բուժզննում են անցնում, բայց գործարանի ղեկավարությունը, որպես վնասակար արտադրամասի աշխատակողների, չի վճարում ամսական հասանելիք  հավելավճարները, որը կազմում է աշխատավարձի 50-100%-ը: Գործարանի մի խումբ աշխատողներ դիմել են դատարան' պահանջելով իրենց աշխատավարձի 100% կազմող հավելավճարը: «Դատարանը բավարարել է բանվորների հայցը մասնակի, այսինքն` որպես հավելավճար, սահմանել է աշխատավարձի 50%-ը, սակայն դատական ակտը օրենքի ուժ չի ստացել, եւ բանվորները չեն ստանում իրենց հավելավճարը»,- ասաց փաստաբանը:

 

Գործարանի ղեկավարությունը չի վճարում հավելավճարները այն դեպքում, երբ Ռուսաստանում գործող նույն գործարանի տվյալ արտադրամասի աշխատողներն օգտվում են վնասակարության դիմաց ամսական հավելավճարներից: Փաստաբանը ցավով է նշում, որ 100-ից ավելի աշխատողներ գործազուրկ մնալու վախը սրտներում են գնում աշխատանքի: Դա էլ հերիք չէ, գործարանի ղեկավարությունը, բանվորներից մեկի հավաստմամբ, սպառնացել է' ասելով. «Աֆրիկայից մարդ կբերենք, կաշխատեն»:

 

Լեւոն Բաղդասարյանը ավելացրեց, որ «Արմենալ»-ի բանվորները պայքարելու են մինչեւ վերջ: