Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պայքարի ձեւը ժողովրդի համախմբումն է հստակ ծրագրերով եւ հստակ քայլերով: Հստակ ծրագիրն այն է, որ շարժումը պետք է իսկապես ձեւավորվի. Ազատությանն հրապարակում այսօր կայացած հանրահավաքից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ հավելեց, որ դա լուրջ ու երկարատեւ աշխատանք պահանջող հարց է, եւ բոլորի ջանքերտը պետք է գումարվեն:
Նա նշեց, որ ցանկացած շարժում հախուռն վիճակով չի կարող արդյունք տալ: Դա պետք է կազմակերպված պայքարի վերածվի: Ինչ վերաբերում է շարժումը մարելու` լրագրողների մտահոգությանը, ապա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ այն կախված է բոլորից, եւ բոլորը պետք է այնպես անեն, որ չմարի:
«Իշխանությունների ուզածն էլ հենց այն է, որ այս շարժումը մարի: Մենք պետք է քաջ գիտակցենք, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այն ոչ թե մարի, այլ թափ հավաքի»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով կազմակերպչական միջոցներին, նշեց, որ շարժումն առավել ընդլայնելու համար տարբեր ձեւեր, մեթոդներ, եղանակներ կան. աշխարհը բազմաթիվ փորձեր ունի` նման շարժումներ ձեւավորելու եւ իրականացնելու:
«Մենք մեր փորձն ունենք, եւ հաշվի առնելով, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր այդպիսի երկարատեւ պայքարի փորձ ունեն, իրար հետ համատեղվելով` լուծումներ կարելի է գտնել»,- ասաց նա եւ հավելեց, որ, ՀՅԴ-ի փորձը նկատի ունենալով, չկրկնելով անցած սխալները, կարելի է այնպիսի շարժում կազմակերպել ու իրականացնել, որ այն օր օրի թափ հավաքի, եւ դրանով միեւնույն ժամանակ մնա սահմանադրական ո օրինական շրջանակներում:
Արմեն Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ այդ եղանակով պայքարը վաղ թե ուշ հենց իշխանության մոտ է ստեղծելու այնպիսի վիճակ, որ իրենք են դուրս գալու Սահմանադրության շրջանակներից, իսկ այդ ժամանակ արդեն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, խնդիրները կտեղափոխվեն այլ դաշտ:
Իսկ շարժման գլխավոր նպատակը, ըստ Արմեն Ռուստամյանի, ժողովրդի իշխանություն հաստատելն է: «Եթե մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով, դա իրենից ենթադրում է ամեն առիթ օգտագործել` նպատակին հասնելու համար: Այդ առիթները կլինեն, այդ առիթները մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել եւ չուշանալ»,- եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: