կարևոր
3919 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 17:27
Քաղաքական

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում անգլո-ադրբեջանական փոխշահավետ համագործակցության արդյունքն է․ Տարոն Ղազարյան

Եկել ենք դեսպանին մեր հարցերը հղելու և պահանջները ներկայացնելու։ Այս մասին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ, 44-օրյա պատերազմի մասնակից, «Արցախի համար» նախաձեռնող խմբի անդամ Տարոն Ղազարյանը։

«Ինչու Մեծ Բրիտանիայի դեսպանին, որովհետև այդ պետությունը իր ուղիղ կապն ունի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս պետությունը ուղիղ կապ ունի շուրջ 120․000 մեր հայրենակիցների շրջափակման մեջ հայտնվելու հանգամանքի հետ։ Այս պետությունը ուղիղ կապ ունի Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետ։ Այն ինչ հիմա տեղի է ունենում Արցախի հանրապետությունում անգլո-ադրբեջանական  փոխշահավետ համագործակցության արդյունքն է։ Մեկի համար բիզնես շահեր, ոսկի, բազմամետաղային հանքավայրեր, մյուսի համար իր ձեռագրին, ոճին համապատասխան ցեղասպան քաղաքականություն, էթնիկ զտման միջոցով հայրենազրկում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկը Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորությունը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրության կարևորագույն դրույթներից մեկը․ «Սա ոչ միայն բիզնես փոխգործակցությանն  է վերաբերվում, ալ նաև վերաբերվում է իր անորոշ, ոչ հասցեական, Ադրբեջանի ագրեսիան չդատապարտող հայտարարությունների։ Միացյալ թագավորությունը որպես ժողովրդավարական արժեքների կրող պետություն դեռևս հասցեական կերպով դատապարտող հայտարարություն չի տվել։ Մենք նամակ ունենք, որտեղ մեր ձևակերպումները, հարցերն ու պահանջները հստակ ներկայացված են և պահանջում ենք, որ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը իջնի որպեսզի նամակը փոխանցենք իրեն։ Եթե նա չիջնի, ապա մենք կբարձրանանք իր մոտ»,- ասաց նա։