կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-21 19:23
Առանց Կատեգորիա

Իսկ գուցե տներով ցրվելու ժամանա՞կն է

Իսկ գուցե տներով ցրվելու ժամանա՞կն է

Արդեն հետընտրական երրորդ օրն է, եւ ոչ ոք չի կարողանում հասկանալ` ի՞նչ է ուզում անել կամ ինչի՞ է ուզում հասնել Րաֆֆի Հովհաննիսյանը: Չնայած սկսած պայքարին, որը նոր հույսեր արթնացրեց հասարակական լայն զանգվածների մոտ, և չնահանջելու մասին խրոխտ հայտարարություններին` Հովհաննիսյանի իրականացրած քայլերը սկսել են ոչ թե ամրապնդել հավատը նրա և նրա վճռականության նկատմամբ, այլ հակառակը` տարակուսանք ու հիասթափության, «դեժավյուի» զգացողությունից ծնված ժպիտ հարուցել:

 

Նախ` այդպես էլ ոչ մի բացատրություն չտրվեց, թե ինչու է Հովհաննիսյանի շտաբը, ըստ պաշտոնական տեղեկատվության, ԿԸՀ դիմել ընդամենը 10 ընտատեղամաս բացելու և քվեաթերթիկների վերահաշվարկ կատարելու պահանջով, այն դեպքում, երբ թե' նրանք և թե' Ազատության հրապարակում արդարություն փնտրող բազմությունը առավել քան համոզված են, որ ամենամեծ ընտրակեղծիքները կատարվել են հենց ձայների հաշվարկի ժամանակ: Հովհաննիսյանը դեռ չի պարզաբանել` ուզում է հասնել քվեարկության արդյուքների վերանայմանը ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելո՞ւ համար, թե՞ ուղղակի պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նախագահին Ազատության հրապարակ կանչելու և իշխանությունը ժողովրդին հանձնելու նրա պահանջը չի տեղավորվում այս երկու մոտեցումներից և ոչ մեկի համատեքստում: Այն բնույթով այնքան ռոմանտիկ է, իրականությունից այնքան կտրված, որ ավելի շատ հիշեցնում է գեղեցիկ, գունավոր երազ կամ հեքիաթային ինչ-որ իրականություն, քան ռացիոնալ քաղաքական հաշվարկի արգասիք: Այնպիսի տպավություն է, թե Րաֆֆին ուղղակի ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը զուռնահոլով գա Ազատության հրապարակ, ներողություն խնդրի իրեն չարաճճի պահելու համար, «թագը» նրա գլխին դնի ու, ոտքերի տակ խալի փռելով, ուղեկցի դեպի Բաղրամյան 26:

 

Իհարկե, անլուրջ է կարծես, թե Հովհաննիսյանն իսկապես այս աստիճան պրիմիտիվ պատկերացումներ ունի նախագահի, ընդհանրապես պետական ինստիտուտների և իրավական, սահմանադրական ընթացակարգերի մասին: Նրա խնդիրը ոչ թե դա է, այլ թերևս, այն համոզմունքը կամ կարծիքը, որ հասարակությունն է այդքան պրիմիտիվ` չընկալելու համար այս պահանջի սնանկությունը:

 

Հովհաննիսյանը ոչ մի կերպ չի ուզում պարզաբանել նաև, թե եթե անգամ իր մտքում ունի որոշակի հանգուցակետ, մաքսիմում ծրագիր, ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով ու գործիքներով է դա կենսագործելու: Փետրվարի 20-ի հանրահավաքում, պատասխանելով իրեն նախագահական նստավայր հրավիրելու մասին` նախագահի մամլո խոսնակի առաջարկին, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիսավոր հայտարարեց, որ իր համար այդ հրավերն անընդունելի է, քանի որ նախ` հասարակությունից թաքցնելու բան չունի, երկրորդ` կարող է Սերժ Սարգսյանի հետ քննարկել միմիայն իշխանությունը ժողովրդին հանձնելու տարբերակները: Բայց հաջորդ օրը նա նույն հանդիսավորությամբ հայտարարեց, որ գնում է նախագահականի հրավերին ընդառաջ, քանի որ... «հարգում է երրորդ նախագահի ներդրումը Հայաստանի պատմության մեջ»: Ավելին` փետրվարի 21-ին նա արդեն հայտարարում էր, որ գնում է ոչ թե իշխանությունը հանձնելու պայմանների, այլ միայն... «ճգնաժամից դուրս գալու ելքերի» շուրջ բանակցելու: Ինչ է` փետրվարի 20-ին, երբ մերժում էր առաջարկը, նա դեռ չգիտե՞ր Հայաստանի պատմության մեջ Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման մասին, թե՞ կարծում է, որ բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներն այդ պահին ոչ միայն ժամանակավոր հիշողության կորուստով, այլ նաև, մեղմ ասած, մտավոր ունակությունների պակասով էին տառապում` «իշխանությունը հանձնելու պայմաններ» և «ճգնաժամից դուրս գալու ելքեր» բառակապակցությունների իմաստային ու ենթատեքստային տարբերությունները հասկանալու համար:

 

Բայց հարցը միայն նախագահական գնալ-չգալը չէր, այլ նաև դրա ենթատեքստը: Նա պարզորոշ հիմնավորել էր, որ նախագահի նստավայր չի գնում, որովհետև հանրությունից թաքցնելու բան չունի: Որոշումը վերանայելիս արդյո՞ք Հովհաննիսյանն ինքը հանրությունը իրավունք չի տալիս մտածելու, որ թաքցնելու բան, այնուամենայնիվ, կա կամ կարող է լինել: Առավել ևս, երբ նա ինքն է խորացնում կասկածները, երբ տեսախցիկի առջև իր կամքով հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ խոսելու, այսինքն` բանակցությունները հրապարակայնորեն վարելու հնարավորությունից: Ով-ով, բայց քաղաքական հոտառություն ունեցող` անգամ միջին ունակություններ ունեցող գործիչը չէր կարող մոռանալ, թե ինչպես ընդամենը 2 տարի առաջ ՀԱԿ-ը, հանրության թիկունքում«երկխոսելու» նույն թակարդն ընկնելով, տանուլ տվեց ողջ խաղը: Ինչպե՞ս կարող է այդ ամենի պտուղերը տեսած որևէ մեկն այսքան հեշտությամբ կուլ տալ միևնույն խայծը և, ըստ էության,  ավերել սեփական ձեռքով նոր կառուցվող վստահության տունը:

 

Ի վերջո, սկզբունքային ոչ մի տարբերություն չկա` գնո՞ւմ ես նախագահական` սեղմելու ՆԱԽԱԳԱՀԻ ձեռքը, թե՞, թեկուզ սևազգեստ, գնում ես նրա ինաուգուրացիային: Իսկ գուցե այս ամենը բոլորովին էլ պատահական սխալներ չե՞ն, և Հովհաննիսյանը պարզապես անուղղակիորեն խնդրում է Ազատության հրապարակի «տերերին»`... ցրվել տներո՞վ... Եթե այո, ապա փետրվարի 22-ին կլինի այս ներկայացման վերջին արարը:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ