Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Դժվար է թերագնահատել Սփյուռքի դերը Հայաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային, միջազգային հարաբերությունների եւ մնացած բոլոր այլ բնագավառներում: Այդ առումով հետաքրքիր է դառնում, թե ինչպե՞ս են պատկերացնում նախագահի թեկնածուները Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները եւ այդ ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են ներկայացնում հանրությանը:
ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նշում է, որ մեր համատեղ ներուժը, համայն հայության համախմբվածության ու համագործակցության հարյուրավոր օրինակները բազմապատկել են մեր մրցակցային առավելությունները: Բայց, միաժամանակ, առկա արդյունքները չեն արտացոլում մեր հավաքական հնարավորությունների ողջ բազմազանությունն ու խորությունը: Ուստի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման համար նախագահը, որպես նպատակ, կարեւորում է երկքաղաքացիության ինստիտուտի հետագա զարգացումը: Սերժ Սարգսյանն իր ծրագրում նշում է, որ առաջիկա տարիներին Սփյուռքի հետ կմշակվեն համագործակցության նոր ձեւաչափեր: Ընդ որում` առաջնային են համարվելու սփյուռքահայ երիտասարդներին կրթության նպատակով տրամադրվող կրթաթոշակների նպատակաուղղված ավելացումը, Սփյուռքի կրթօջախների հետ փոխգործակցության ծրագրերի ընդլայնումը, հայագիտության ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը: Սերժ Սարգսյանն իր ծրագրում ամրագրում է նաեւ, որ Հայաստան վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում` սիրիահայերի համար, պետք է ստեղծել բոլոր հնարավոր պայմանները` հայրենիքում նրանց ինտեգրումն արագացնելու նպատակով:
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր ծրագրում գրում է, որ ՀՀ-ն պարտավորվում է առաջիկա 1-2 տարիների ընթացքում Հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ կանոնակարգ մշակել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ, որում կարտացոլվեն Հայաստանի պարտավորությունները սփյուռքահայերի եւ նրանց կառույցների հանդեպ պատկան երկրներում եւ Մայր Հայրենիքում, ինչպես նաեւ ՀՀ-ի ակնկալիքները սփյուռքահայությունից:
Բացի այդ` նախագահի թեկնածուն համարում է, որ սփյուռքահայության հետ հարաբերությունները պետք է զարգացնել` նկատի ունենալով նրանց` Հայաստանում ներդրող ու ակտիվ գործարար լինելու կարգավիճակը, եւ որ օգնության այլ ձեւերը` բարեգործական ու հումանիտար ակցիաները, մեծ հեռանկարներ չունեն: Այս առումով Բագրատյանն առաջարկում է Սփյուռքի պասիվ ներդրողների համար համահայկական բանկը վերածել համահայկական ներդրումային հիմնադրամի, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կարգի կառույցների գործունեությունն այդ դեպքում աստիճանաբար կսառեցվի:
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ով հենց սփյուռքահայ է, իր ծրագրում խոստանում է Սփյուռքի հետ արդյունավետ ու բազմակողմանի կապերի խորացում, Սփյուռքում հայապահպանությանը միտված քայլերի, ազգային նպատակներին հասնելու համար Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ռազմավարությունների ու մարտավարությունների ներդաշնակեցում: Նախագահի այս թեկնածուն պլանավորում է ապահովել իրենց կամ նախնիների բնակավայրեր` Ադրբեջան, Արցախ, Նախիջեւան, Հայաստան, Թուրքիա, բոլոր փախստականների ու նրանց ժառանգների վերադարձի «արդեն համատարած իրավունքը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է նաեւ հայրենադարձությունը, վերաբնակեցումը եւ հայրենատիրությունը խթանելու, այդ գործընթացները կանոնակարգելու նպատակով «Հայրենադարձության մասին» օրենք ընդունելու մասին` պետության կողմից հստակ պարտավորությունների ստանձնմամբ, այդ թվում` վերադարձողների բնակարանային, սոցիալական մյուս հիմնահարցերի լուծման, հասարակությանը նրանց սերտաճման համար տարբերակված մեխանիզմների ամրագրմամբ:
Ի տարբերություն Հրանտ Բագրատյանի, ով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության աստիճանաբար սառեցում է նախատեսում, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձելու է վերաիմաստավորել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները` այն վերածելով Հայրենիք-Սփյուռք համագործակցությանը նպաստող, այդ ոլորտի գործունեությունը համակարգող կառույցի, որի աշխատանքը վերահսկելի լինի Հայաստանի հասարակության ու Սփյուռքի համար:
Նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանն ու Պարույր Հայրիկյանը Սփյուռքին վերաբերող դրույթներ իրենց ծրագրում չեն ներառել:
Իսկ նախագահի մյուս թեկնածուն` Անդրիաս Ղուկասյանը, համոզված է, որ համազգային միասության հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային իրավական դաշտ, որում սահմանված կլինեն համայն հայության բոլոր հատվածերի իրավունքներն ու պարտականությունները միմյանց նկատմամբ: Այդ նպատակով Անդրիաս Ղուկասյանը նշում է, թե Հայաստանը պետք է օրինականացնի իր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ եւ ճանաչի Սփյուռքի քաղաքական կարգավիճակը: Նախագահի թեկնածուն իր ծրագրում ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական, բարոյական եւ իրավական պարտավորություն` հարգելու Օսմանյան կայսրության հայերի ժառանգների իրավունքները: Ըստ այդմ, ըստ Ղուկասյանի, Հայաստանը պետք է ընդունի, որ Օսմանյան կայսրության հայերի ժառանգների օրինական իրավունքներին վերաբերող` հանրապետության իշխանությունների որեւէ որոշում, առանց այդ ժառանգների օրինական ներկայացուցիչների կողմից հաստատման, չի կարող իրավական ուժ ունենալ: Դրա համար Ղուկասյանը նշում է, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել իր պատվիրակներին ընտրելու` Սփյուռքի իրավունքը եւ հնարավորություն տա Հայաստանում ստեղծելու Սփյուռքի պատվիրակների ներկայացուցչություն:
Սրանք են այն սպասելիքները, որ կարող ենք ունենալ փետրվարի 18-ից հետո ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած անձնավորությունից` Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասով:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ