Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր կյանքի, գործունեության, քաղաքական պատկանելիության բերումով լավ ենք հասկանում՝ ինչ է Սփյուռքն ու ինչ վիճակում է ապրում։ Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«70 տարի անկախ պետություն չունենալով հանդերձ՝ Սփյուռքում պահպանվել է հայությունը, Սփյուռքը հայ ժողովրդի դժբախտության և ողբերգության արդյունքում է ձևավորվել, բայց Սփյուռքն այսօր դարձել է մեր գոյատևման, պետականության հզորացման համար շատ կարևոր գործոն։ 70 տարի պետության բացակայության պայմաններում Սփյուռքը պահպանվել է, պահպանվել է իր եկեղեցու, ավանդական կառույցների, նվիրյալ հայորդիների աշխատանքի, անձնազորության և նվիրումի շնորհիվ։ Պետականություն ունենալուց հետո Սփյուռքը բացառիկ դերակատարություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում, այդ թվում նաև Արցախի՝ նյութական, գիտական, կրթական, ֆինանսական, ներդրումային, բոլոր ուղղություններով»։
Պատգամավորը շեշտեց, որ Սփյուռքը 30 տարի ապրել է Արցախով։ Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր ծայրերում, երբ մտնում ես հայկական դպրոցներ տեսնում ես Արցախյան ազատագրական պայքարի նկարը ցանկացած հայկական դպրոցի մուտքի մոտ կամ լսարանում, որով սերունդ են կրթում․«Կանադայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ֆրանսիայում ապրող հայ երիտասարդին ասում էին դուք Դրոյի, Արամ Մանուկյանի ժառանգներն եք, այնուհետև ասում էին Բեկորի, Շահեն Մեղրյանի, Թաթուլ Կրպեյանի, Արթուր Մկրտչյանի, նաև էս վերջին շրջանում էդ շարքի մեջ ավելացրել են Ռոբերտ Աբաջյանի, ով ասում էր՝ դիրք հանձնողի մերը…»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը կարծում է, որ հիմա ճգնաժամ կա։ Սփյուռքը խորը հիասթափության ու ընկճվածության մեջ է, որովհետև 30 տարի սերունդ են դաստիարակել, հիմա գլուխները կախ չեն իմանում՝ ինչ անել, բայց պետք է վերականգնվեն․
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ հնարավորությունը Հայաստան - Արցախ- Սփյուռք եռամիասնության վերականգնում է, մեր ուժի աղբյուրը դա է։ Էն, որ վազում ենք Արևմուտք, Ռուսաստան, Պարսկաստան, չգիտեմ՝ ուր, մեր ուժի աղբյուրը այստեղ է՝ մեր 10 մլն հայությունն է։ Հայ ժողովրդի ռեսուրսների մեծ մասը դրսում է, բայց այստեղ էլ է Նիկոլը քանդում, ավիրում։ Հիշո՞ւմ եք՝ էն իր հայտնի լայվը, որ ասում էր ինձ պետք չի որևէ ավանդական կառույց, ես Սփյուռքի ժողովրդի հետ կշփվեմ ուղիղ։ Բայց Թուրքիայի ԱԳ նախարարը շատ լկտի սպառնում է հայկական Սփյուռքին, հրահանգեր է տալիս, ընդամենը 4 օր առաջ Չաուշօղլուն հայտարարեց, որ Ֆրանսիայի հայկական համայնքին հակընդդեմ գործողություններ է պետք անել, պատժել, և պարզ է չէ՞ Փաշինյանն ինչու արգելեց Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական և ազգային գործիչներից մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Չավուշօղլին հրահանգը տալիս է, սրանք անում են։ Հիմա ես կարամ ասեմ որ ինքը դավաճան է։ Թուրքիայի պահանջն է հայկական Սփյուռքի հետ կապը խզելը, հետևաբար Սփյուռքը պետք է ոտքի կանգնի, չպետք է հուսալքվի, չպետք է պետությունից հեռանալու օրակարգի մեջ մտի։ Հայաստանի իշխանությունն ուրիշ բան է, Հայաստանի Հանրապետությունը՝ մեկ այլ բան։ Պետք է լինել ՀՀ-ի կողքին, բայց մերժել օրվա իշխանությանը»։
Պատգամավորը շեշտեց, որ հիմա Հայաստան-Սփյուռք գագաթնաժողով են անելու, ճոռոմ ելույթներ են ունենալու, խոսքեր են ասելու, որ տեսեք Սփյուռքը մեզ համար կարևոր է, բայց, ըստ նրա՝ սուտ են ասում․ «Իրենք իրենց ամեն օրվա գործունեությամբ քայքայում են Սփյուռքը։ Փորձում են Սփյուռքը ծառայեցնել իրենց նեղ կուսակցական և քաղաքական շահերին»,- ասաց նա։