Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արիս Նալջը
Թեև Թուրքիայի և Հայաստանի միջև դարձյալ հարաբերությունների բնականոնացման քամիներ են փչում, և չնայած, որ նախագահ Էրդողանի և Փաշինյանի՝ Պրագայում կայացած հանդիպումը համարվում է նշան, թե սույն հարցին լուրջ մոտեցում է ցուցաբերվում, սակայն իմ կարծիքով՝ Թուրքիայի պետական մտածելակերպում առանձնապես բան չի փոխվել։
Էրդողանի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Էրդողանի պահվածքը նման էր մեծ եղբոր վերաբերմունքի․ կարծես 40 տարվա բարեկամներ լինեին, և ներկայացվեց, թե այդ հանդիպման ընթացքում կողմերը փոխադարձ ցանկություններով էին հանդես եկել։ Առանձնապես երկար մտածելու կարիք չկա, որպեսզի գլխի ընկնենք, թե որոնք կարող էին այդ ցանկությունները լինել․
-Զանգեզուրի միջանցքը և Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա հաղորդակցությունը։
-Գերիների վերադարձը։
-Թուրքիայի հուր-հավիտյան շարունակող ժխտողականության ամենամեծ գլխացավանքը՝ հայերի կողմից ներկայացվող Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման պահանջից հրաժարումը։
Հայաստանը և հայերն ի սկզբանե էլ գիտեին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար ի վերջո մի նախապայման և բանակցությունները խաթարող դեր պարտադրվելու էր Թուրքիայի կողմից։
Արդեն իսկ հենց դրանից էր բխում Սփյուռքի կողմից ներկայացվող այն պնդումը, թե Փաշինյանը համագործակցելու է Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի հետ։
Այսօր հայկական աշխարհում ինքնության կառուցման և հայ համայնքի ապագայի վերաբերյալ խորը և լուրջ քննարկումներ անող ամենանշանավոր ուսումնասիրողները և գաղափար ստեղծողները վերջին մի քանի տարում ընդգծում են․
Հայկական ինքնությունը և երկիրը չի կարող պահպանվել միայն հայերի՝ Ցեղասպանության ենթարկված լինելու փաստը աշխարհին ընդունել տալու գաղափարը պաշտպանելով։ Հատկապես Սփյուռքում 1915 թ․ մինչ օրս դրությունն ակամա այդպիսին էր։ Այսինքն՝ Ցեղասպանության տրավման այնքան խորն էր, որ ինքնության, լեզվական և կրոնական գոյությունը հիմնվում էր հակաթուրքականության և Ցեղասպանությունը ժխտող պետության դեմ պայքարի վրա։ Ինչպես որ դա նկատվում է յուրաքանչյուր ազգային պետության դեպքում, դիմացի ցեղի (հաղթանակած կամ սպանված) դեմ թշնամության հրահրումը ևս շատերին է երջանկացրել և հարստացրել թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ։
Սակայն հայկական Սփյուռքն այդպիսին չէ։
Երկար ժամանակ է, որ Սփյուռքը իր երիտասարդներին և ապագան հուսալի տեղ հասցնել է պատրաստվում։
Այո, վերջին շրջանում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը մի պատերազմ ևս սկսելով՝ ամուր հող նախապատրաստեց հայերի շրջանում իր հանդեպ թշնամության զարգացման համար։
Հրապարակված զազրելի տեսանյութերը և Հայոց ցեղասպանությունը վկայակոչող նախագահների ելույթներն իրականում այդ ատելության սերմերը շարունակել ցանելու նպատակով էին։
Քանզի Թուրքիան ժխտողականությունը կարող է շարունակել միայն այն դեպքում, երբ դեռ իրեն ատող հայեր կլինեն։
Քանզի ժխտումը և Թուրքիային «բանի տեղ չդնող» հայկական սերունդն իր ճանապարհը թուրքիացի սերնդակիցներից շատ ավելի արագ կկարողանա շարունակել։
Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը իրենցից ուժեղ հարևան չեն ուզում ունենալ։ Նրանք ցանկանում են հնազանդ և իրենցից կախյալ հարևան տեսնել։
Սակայն իրականությունն այդպիսին չէ։ Չնայած այդչափ պատերազմներին՝ վերջին քառորդ դարում Հայաստանի տնտեսության հզորացումը դրա ապացույցն է։ Սննդի ոլորտից մինչև թվայնացում՝ բազմաթիվ զարգացումներ են գրանցվում Հայաստանում։
Անշուշտ, Ռուսաստանից փախուստը ևս սնում է բանկային ոլորտը։ Սակայն դա միակ պատճառը չէ։ Պատերազմից հետո զբոսաշրջությունը նույնիսկ վերադարձավ 2018 թվականի մակարդակ։ Դեռ Նոր տարին չեկած՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիոն 240 հազարի։ 2022 թ․ հունվար-օգոստոս ամիսներին զարգացման միտումները հետևյալն են՝
–Արդյունաբերություն՝ %16,
–Արտահանման ծավալներ՝ %57,
–Տեխնոլոգիայում՝ %29,5,
– Սննդի ոլորտում՝ %27.9։
Արդեն հասկացաք վիճակը․ Թուրքիայի հետ համեմատելու դեպքում, եթե նկատի ունենանք Հայաստանի փոքր երկիր լինելը, բավականին բարձր ցուցանիշներ են սրանք։ Հենց այս զարգացումը, տարածաշրջանային առումով, կարող է անհանգստացնել շրջակա երկրներին։ Վերոհիշյալ «բանակցությունների խաթարման» մասին հիշատակությունս հենց դրանից է բխում։ Ճիշտ է, Թուրքիան բանակցային սեղանին անընդհատ խոսում է նաև «Ցեղասպանության ճանաչումից հրաժարման» մասին, բայց մի մտածեք, թե այդ հարցը միայն Էրդողան-Փաշինյան բանակցությունների առանցքում է եղել։
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ ներդրում է արել այս օրերի համար։
Լոս Անջելեսի Ֆերահյան հայկական դպրոցի դեմ իրականացված հարձակումները, Բրյուսելում Ցեղասպանության հուշարձանի և Եվրոպայում դեռ քանի հուշարձանների վրա ուլտրաազգայնականների հարձակումները Մեվլյութ Չավուշօղլուի ասած «պայքարի» ծրագրի մի մասն են։
Արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն այս շաբաթ Ստրասբուրգում թուրքական համայնքի հետ հանդիպման ժամանակ կրկնեց իր այդ ծրագիրը և շեշտեց սփյուռքում թուրքերի կազմակերպված լինելու անհրաժեշտության մասին։
Իսկ կոնկրետ ի՞նչ է նա ասել․
«800 հազար հոգանոց թուրք քաղաքացիներ ունեցող Ֆրանսիայում մենք կարող ենք ավելի ազդեցիկ լինել։ Դժբախտաբար, այստեղ ևս հայկական Սփյուռք կա, և նրա մի մասը բարի մտադրություններ չունի։ Նրանք դեմ են նաև Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը»։
Չավուշօղլուի ամբողջական ելույթը կարող եք գտնել այս լինքով։
Այդ ծրագիրը և արտաքին քաղաքականությունը, իհարկե, Ֆեյզիօղլուի, Փերինչեքի և Մեհմեդ Ալի Չելեբիի հետ հիմնված կեղտոտ միության մի արտացոլումն է։
Կարելի է ենթադրել, որ Փերինչեքը Թուրքիայի արտաքին քաղաքականության համար ներշնչանքի աղբյուր է դարձել իր հետևյալ քայլով․ նա արտասահման էր գնացել, ժխտել Ցեղասպանությունը, դրա կապակցությամբ իրականացված միջազգային դատաքննության ժամանակ էլ շոու սարքել և ապա իրեն երևակայել, թե «ապացուցել է Ցեղասպանության սուտ լինելը»։
Հիշենք նրան աջակցելու նպատակով դատարան գնացած անձանց՝ Դենիզ Բայքալին և ներկա պահին Պրագայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշին։
«Մեր Սփյուռքից» մինչև «Դժբախտաբար Սփյուռք»
Իրականում դրանից առաջ՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այժմյան ուղեգծից տարբերվող ուղեգիծ էր որդեգրել։
Դավութօղլուն մինչև իսկ հանդիպել էր հայկական Սփյուռքի տարբեր շրջանակների հետ և օգտագործել «մեր Սփյուռքը» արտահայտությունը։
Դավութօղլուն վարչապետ եղած ժամանակ, 2015 թ․ փետրվարին, երբ հայերի դեմ իրականացված Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր մոտենում, Անկարայում հանդիպել էր փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ և նշել․
«Հայկական Սփյուռքը թշնամի սփյուռք չէ, մե՛րն է։ Սփյուռքի հետ կապված մեր նախաձեռնությունը շարունակական է լինելու։ Մենք զգում ենք հայերի ցավը։ Ոչ մի բան առաջվանը չէ և չի՛ էլ լինելու։ Մենք լուծելու ենք բոլոր խնդիրները»։
Այժմ Ապագա կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն երանի թե պատմի այդ օրերի հետ կապված իր փորձի մասին և իր տեսակետը ներկայացնի։ Սակայն նա դա չի անի, որովհետև նախընտրական քարոզարշավում հայերի հետ լավ հարաբերությունը քվե չի հավաքի։ «Մեր Սյուռքից» այսօր հասանք «դժբախտաբար Սփյուռքի»։
Չավուշօղլուն այն քաղաքական գործիչը չէ, որը չի գիտակցում, թե արտերկրում հանդիպումների ժամանակ իր հղած այդ ուղերձները ինչի կարող են հանգեցնել։ Իհարկե, նա գիտի, որ արտասահմանում ապրող ցեղապաշտներին և ազգայնամոլներին հրահրելով՝ նրանց այդ հարցում աջակցելու երաշխիքներ է տալիս։
Սակայն նրան լսող և մի օր էլ մեր այս հոդվածը հանդիպած թուրքերին էլ հարկ է հետևյալն ասել․
Հայերը «դժբախտաբար Սյուռք» չեն եղել։
Այդ «դժբախտաբար»-ի հեղինակը Թուրքիան էր։ Թալեաթ և Էնվեր փաշաներն էին։
Իսկ ներկայիս Թուրքիայի իշխանություններն էլ, դժբախտաբար, այդ փաշաների հետևից գնալով, ամեն անգամ որևէ պատրվակով նրանց վեհացնելով՝ մեր նմաններին «դժբախտաբար Սփյուռքի» վերածեցին։
Թուրքիայի իշխանությունները խլեցին մեր ունեցվածքը և գնացին հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, այսինքն՝ Թուրքիայում բոլոր տարբերվողներին «կներեք»-ով որակելու ճանապարհով։
Ի դեպ, այդ «կներեք» հայերը սփյուռքում ստեղծել են այսօր մեր կողմից օգտագործվող բազմաթիվ տեխնոլոգիաներ, բանկոմատները, էլեկտրական օդամղիչը և այլն։
Ոչ միայն հայերը։ Այդ «կներեք» որոշ ալևիների, քրդերի, զազաների կամ եզդիների թոռները ստեղծել են թագավարակի դեմ պատվաստանյութը, ինքնաթիռի շարժիչը, երկրաշարժը կանխատեսող սարքը․․․
Դժբախտաբար, նման երկիր է դարձել Թուրքիան, հարգարժա՛ն նախարար․․․
Թարգմանեց Մելինե Անումյանը