Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախընտրական իր վերջին ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե 20 տարվա ընթացքում առաջին անգամ պետք է ունենանք դե յուրե նախագահություն, ամբողջությամբ արտահայտում է քաղաքական և ընտրական ներկայիս պրոցեսների իմաստը: Թեեւ պարզ է` մեծ հաշվով նա նկատի ունի, որ իր ընտրության պարագայում է Հայաստանը «դե յուրե նախագահություն» ունենալու, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Ընտրություններ կոչվող այս կիսախեղկատակային միջոցառումը բացառապես մեկ խնդիր է լուծելու` օրակարգից հանել Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմության, այսինքն` զուտ «դե ֆակտո» լինելու հարցը: Եվ, որքան էլ տարօրինակ հնչի, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն է, կամա, թե ակամա, ապահովելու Սերժ Սարգսյանից դե ֆակտոյից դե յուրե նախագահ կերտելու պլանի կենսագործումը: Ուզում է «Ժառանգության» ղեկավարը, թե` ոչ, գիտի այդ մասին, թե` ոչ, միևնույն է, իշխանությունը հենց նրան համար է նախատեսել պատվավոր երկրորդ հորիզոնականն ընտրություններում: Այդ նպատակով իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանի համար արհեստականորեն ստեղծել է յուրօրինակ ջերմոցային պայմաններ: Նախագահի թեկնածուներից երևի ոչ մեկի քարոզարշավն այնքան լավ ու այնքան մանրակրկիտ չլուսաբանվեց իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով, որքան Րաֆֆի Հովհաննիսյանինը: Անգամ Սերժ Սարգսյանը, թերևս այդ ջերմոցայնության ապահովման նկատառումներից ելնելով, բոլոր թեկնածուների մեջ, որպես հիմնական օպոնենտ, հենց Հովհաննիսյանին էր ընտրել` երբեմն-երբեմն կսմթում էր նրան, որոշակի չափաբաժնով քննադատում նրա հայտարարությունները` այդքանով իսկ ընդգծելով, թե որքան լուրջ է վերաբերվում Հովհաննիսյանին և ընտրություններում նրա ներգրավվածությանը:
Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի ամբողջ ընթացքում երբևէ չի հայտարարել, թե ինչ է անելու քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, եթե պարզի, որ առաջին իսկ փուլում ԿԸՀ-ն հաղթող է ճանաչում Սերժ Սարգսյանին: Ընդ որում` նա այդ մասին չի խոսում անգամ այն դեպքում, երբ բոլորից շատ ու բոլորից ակտիվն է ահազանգում արդեն իսկ արձանագրվող ընտրախատումների, իշխանությունների կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի մասշտաբային չարաշահումների մասին: Եվ դա թույլ է տալիս եզրակացնել, որ ցանկացած պարագայում Հովհաննիսյանը ընտրությունների արդյունքները չճանաչելու և դրանից բխող քաղաքական պրոցեսներ նախաձեռնելու ցանկություն չունի: Իսկ այդ դեպքում, անկախ արվելիք հետագա ցանկացած հայտարարությունից, դա նշանակելու է ընդունել Սերժ Սարգսյանի հաղթանակը:
Այն նույն եղանակով, ինչպես ԲՀԿ-ն` որպես ԱԺ ընտրություններում երկրորդ ամենաշատ ձայները ստացած կուսակցություն, չվիճարկելով ԿԸՀ հայտարարած արդյունքները, լեգիտիմացրեց ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակը, այնպես էլ նույնն անելու է Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի պարագայում: Բայց ընտրություններում երկրորդի կարգավիճակը Հովհաննիսյանին հնարավորություն է տալու նորովի ռեաբիլիտացվել ընդդիմադիր դաշտում և ընդդիմության լիդերը դառնալու հավակնություն հանդես բերել արդեն 2017-18-ի համապետական ընտրություններին ընդառաջ: Չի կարելի բացառել, որ դա նաև նրա մաքսիմում ծրագիրն է եղել:
Ի վերջո, Հովհաննիսյանը երբևէ չի թաքցրել այլընտրանքայնության դաշտում դրոշակակրի ֆունկցիաները ստանձնելու` իր հավակնությունները: Սկզբում հենց այս շարժառիթներով նա հակադրվեց Լևոն Տեր-Պետրոսյանին և համաժողովրդական շարժմանը, հետո արդեն, երբ ՀԱԿ-ի փոխարեն այլընտրանքայնության դաշտում հեգեմոնիան անցավ ԲՀԿ-ին, սկսեց հակադրվել նրան: Իսկ նախագահական ընտրություններից առաջ նա բաց տեքստով արդեն արտահայտեց ընդդիմության միասնական թեկնածու դառնալու` իր ցանկության մասին: Այնպես որ` բոլոր հիմքերը կան` մտածելու, որ Հովհոննիսյանն անպայման փորձելու է նախագահական ընտրություններից հետո, օգտագործելով հավաքած քվեների` քիչ, թե շատ նշանակալի տոկոսները, ի վերջո, լցնել այն վակուումը, որն առաջացել է Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի` ասպարեզից առժամանակ դուրսմղման, ընտրություններից ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ինքնակամ մեկուսացման հետևանքով:
Չի կարելի բացառել, որ իշխանության ցանկությունները տվյալ դեպքում համընկնում են «Ժառանգության» ղեկավարի ցանկությունների հետ, և երկրորդ հորիզոնականը նրան մոտեցնելով` փորձ է արվում ընդդիմության դաշտում ապահովել Հովհաննիսյանի դոմինանտությունը: Եթե այդպես է, ապա կարելի է արձանագրել, որ իշխանությունը, Սերժ Սարգսյանի վերընտրության հարցը լուծված համարելով, արդեն իսկ անցել է ապագա ընդդիմության ձևման պրոցեսին` թերևս օգտվելով հիմնական ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայիս մեկուսացվածությունից: Ըստ այդմ` ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե հենց վերոնշյալ այս ուժերն ինչպես են ինքնադրսևորվելու փետրվարի 18-ից հետո եկող իրականությունում:
Այս իմաստով ՀՅԴ-ի հետագա դիրքավորման և դերակատարության հարցը սկսում է նոր նշանակություն ձեռք բերել: ՀԱԿ-ը, թե' իր ներքին խնդիրների պատճառով, թե' հանրային լայն աջակցությունից զրկված լինելով, այլևս ի վիճակի չէ եղանակ ստեղծել ընդդիմադիր դաշտում: Նրանից ոչ ոք, կարծես, այլևս սպասելի չունի: ԲՀԿ-ի ամորֆությունը և Սերժ Սարգսյանին «դեմ լինելով` կողմ լինելու»` նրա բացահայտվող դիմագիծը գրեթե սպառում են այլևս նոր մանևրների դիմելու, հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու` նրա ռեսուրսը, մանավանդ` ԲՀԿ-ն չի թաքցնում Սերժ Սարգսյանի և նրա թիմի հետ կոալիցիա կազմելու շահագրգռությունը: Մնում է ՀՅԴ-ն, որն, ի դեպ, այս եռյակից միակ քաղաքական ուժն է, որը, հրաժարվելով մասնակցել ընտրություններին, նախապես հստակ դիրքորոշվեց գործող իշխանության նկատմամբ և սեղանին դրեց այն օրակարգը` ի դեմս իր մշակած 7 կետանոց պլատֆորմի, որը դարձնելու է իր հետագա գործունեության առանցքը:
Ի դեպ, այսօր ընտրողներին ուղղված` ՀՅԴ-ի կոչում գուցե ամենակարևոր ուղերձը այս մոտեցման վերահաստատում էր. «ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է պայքարը` նպատակ ունենալով իր հռչակած քաղաքական օրակարգով արմատապես շրջել անվստահության, հուսալքության մթնոլորտը, երկիրը դուրս բերել բնականոն զարգացման հուն, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը»:
Ամեն դեպքում, անկախ Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՅԴ-ի, մյուս ուժերի հետագա պլաններից, ամբողջ քաղաքական դաշտը կանգնած է հստակ երկընտրանքի առջև` կա'մ լցնում են ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումը, և որակապես նոր, ավելի մոբիլ, սկզբունքային և իրապես արժեքների ու գաղափարների վրա խարսխված ընդդիմություն է ձևավորվում, կա'մ այդ հարցը, սեփական «ասեղ-մկրատով» ձևելով, լուծում է իշխանությունը` մարգինալացնելով պոտենցիալ ունեցող ուժերին և վերջնականապես գրպանելով ողջ քաղաքական դաշտը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ