կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-24 14:05
Քաղաքական

Ոստիկանապետի հրաժարականի նախադրյալներ չկան. Ալիկ Սարգսյան

Ոստիկանապետի հրաժարականի նախադրյալներ չկան. Ալիկ Սարգսյան

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախագահ Սարգսյանի` ոստիկանությանն ուղղված քննադատություններին, ոստիկանապետի հրաժարականի հիմքերին և այլ հարցերի: Նրա խոսքով` նախագահը ճիշտ է ներկայացրել, մատնանշել ոստիկանության թերությունները:

«Նախագահը ճիշտ է ներկայացրել թերությունները: Նախազգուշացրեց, որպեսզի ոստիկանությունն իր հետագա գործունեության ընթացքում հաշվի առնի դրանք, չեմ ասում` ամբողջությամբ վերացնի, ճիշտ չի լինի, գոնե հասցնի մինիմալի»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով` ոստիկանությունը երբեք էլ բացարձակ գովասանքի չի արժանացել: «Ոստիկանությունը ե՞րբ է աբսալյուտ գովասանքի արժանացել, կամ երբ է, որ ոստիականության գնահատականը միանշանակ եղել է գերազանց, այդպիսի բան ես երբևիցե չեմ հիշում: Ոստիկանությունն իր գործառույթները իրականացնելիս պետք է ունենա «բացթողումներ» և ոչ իր կամքից ելնելով: Ոստիկանության աշխատանքը շատ բարդ է և հարյուր տոկոսով իրականացնել հնարավոր չէ»,- շեշտեց պատգամավորը:

Հարցին` հնարավո՞ր է այս խիստ ելույթը դառնա Վովա Գասպարյանի հրաժարականի հիմք, նա արձագանքեց. «Ես ամբողջությամբ ելույթը չեմ կարդացել, մամուլից եմ իմացել որոշ բաներ: Ոչ էլ ելույթից եզրակացրել եմ, որ խոսքը վերաբերում էր Վովա Գասպարյանի հրաժարականին: Չեմ կարծում, թե հրաժարականի նախադրյալներ կան»:

Դիտարկմանը` նախագահը նկատել էր, որ ոստիկանությունը չի կարողանում ապօրինի զենք-զինամթերքի դեմ պայքարել, Սարգսյանը պատասխանեց, որ դրանք լատենտային հանցագործություններ են: «Այդ հանցագործությունների թիվն ինքնին ցույց է տալիս, որ զենք-զինամթերք ժողովրդի ձեռքին կա, դրանց դեմ ավելի արդւյունավետ պայքար պիտի տարվի, և այս միջոցները, որոնցով հիմա ոստիկանությունը դրա դեմ պայքարում է, այդքան էլ արդյունավետ չեն: Ոստիկանությունը կամա, թե ակամա, ուզած, թե չուզած որդեգրել է զգուշավորության տարբերակը, որ ամեն տեղ չփորձեն զենք-զինամթերք փնտրել, որովհետև հակառակ դեպքում` չգտնելու դեպքում, այդ ոստիկաններն աշխատանքից կազատվեն»,- ասաց նախկին ոստիկանապետը: