|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայտնել ենք, որ երեկ` ժամը 18:00-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկում անցկացվեր «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի վերաբերյալ, սակայն քվորում չապահովելու պատճառով նիստը հետաձգվել է մինչև երկուշաբթի` ժամը 11:00-ն:
Այդուհանդերձ, քննարկումը կայացավ երեկ երեկոյան` ժամը 21:00-ին: Yerkir.am-ը նիստը վարող ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանից փորձեց ճշտել` ո՞րն էր պատճառը, որ քննարկումը կայացավ երեկ ուշ ժամի, և ինչո՞ւ քննարկմանը ներկա չէր ընդդիմությունը:
Սարգսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի 4 պատգամավոր իրեն գրավոր դիմումով խնդրել էին, որ այդ ժամին անցկացվի նիստը: «Հանձնաժողովի ո'չ նախագահը, ոչ' քարտուղարը երկրում չէին: Ես ընդամենը փոխարինել էի նրանց և պարտավոր էի 4 պատգամավորի դիմումի հիման վրա հրավիրել նիստը»,- բացատրեց նա:
Պատգամավորը նշեց, որ նիստն անցկացնելու որոշում կայացնելուց հետո հրավիրել է հանձնաժողովի բոլոր անդամներին, այդ թվում` ընդդիմադիրներին: ««Ելք»-ի ներկայացուցչին էլ եմ հրավիրել: Ներկա են եղել ՀՀԿ-ի 3 ներկայացուցիչ, ՀՅԴ ներկայացուցիչը: Հանձնաժողովի անդամների մեկ քառորդը ներկա է եղել, քվորում եղել է, քննարկումն անցկացրել ենք, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ խնդիր կա այստեղ»,- հարցրեց նա:
Սարգսյանից հետաքրքվեցինք` որքանո՞վ են արդարացված ուսանողների դասադուլն ու պահանջները, նա պատասխանեց, որ լավ կարծիք չունի ուսանողների դասադուլի մասին: «Սա մեծամասնության շահերից չի բխում, մեծամասնության շահերը չի արտահայտում, մի քանի մարդու շահ է արտահայտում: Այս օրենքը գիտությամբ զբաղվելուն չի խանգարում: Վերջապես, գիտությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր իսկապես ձգտում ունեն, ովքեր, իրոք, մի բան պիտի անեն»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Ոչ թե դա լինի ձևական` ինչ-որ պապայի երեխեք գնան արագ-արագ դիսերտացիաներ պաշտպանեն, որ բանակ չգնան: Ես դրան դեմ եմ եղել ի սկզբանե, թող գնան, ծառայեն` ոնց որ էն մնացած հասարակ ժողովուրդն է ծառայում»:
Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց` եթե որոշել են սովորել, մագիստրատուրա էլ ավարտել, ասպիրանտուրա էլ, ապա պետությունը նրանց կվարձատրի: «Որպես սպա` թող գնան, երեք տարի ծառայեն ու վարձատրվեն, գիտությամբ էլ դրան զուգահեռ զբաղվեն: Չեն ուզում` թող ծառայելուց հետո գան, նորից զբաղվեն գիտությամբ»,- եզրափակեց նա: