Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսական մրցակցության իրական պայմանների ապահովումը այսօր Հայաստանի Հարապետության տնտեսության կարեւորագույն եւ առաջնային խնդիրներից մեկն է. այսօր, ներկայացնելով «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի կատարած` «Մենաշնորհները Հայաստանում» թեմայով ուսումնասիրությունները, նշեց «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը:
Ըստ նրա` այսօր Հայաստանում բազմաթիվ տնտեսվարողներ տուժում են մենաշնորհների առկայության պատճառով, ուստի հարկավոր էր ուսումնասիրել այս խնդրի հաղթահարման միջազգային փորձը եւ, հայաստանյան իրողությունների հետ համադրելով, այն, առաջարկել համապատասխան դեղատոմսեր` հիմնախնդրի լուծման համար:
Իսկ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Մայքլ Ուայնխարդը նշեց, որ մենաշնորհների խնդիրը կարեւոր է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` նաեւ իր երկրում` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Նա հիշեց անցյալ տարվա նմանատիպ ուսումնասիրությունները, որի շրջանակներում ինքը հանդիպել էր Հայաստանի գործատուների միության նախագահի հետ, իսկ վերջինս էլ նրան բացատրել էր, թե ինչ խոչընդոտներ կան Հայաստանում մենաշնորհների խնդիրների կարգավորման ճանապարհին:
Ուսումնասիրությունն անդրադառնում է նաեւ մենաշնորհների կարգավորման գերմանական փորձին, թե ինչպես են կարգավորվել տնտեսությունը մի քանի հոգու ձեռքում կենտրոնանալու հարցերը: «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի տարածաշրջանային ներկայացուցիչը, խոսելով «Մենաշնորհները Հայաստանում» ուսումնասիրության մասին, հիշեցրեց, որ մենաշնորհների բացասական հետեւանքների դեմ պայքարը կարեւոր է ոչ միայն շուկա նոր մուտք գործող գործատուների համար, այլեւ, ինչպես Գերմանիայի փորձն է ցույց տվել, շատ կարեւոր է շուկայական տնտեսության կայացման գործում մրցակցային դաշտ ապահովելու համար:
Նա նշեց, որ մենաշնորհներն ունեն այլ հետեւանքներ եւս` շուկայում գնորդների եւ վաճառողների հարաբերությունների առումով, քանի որ այդ դեպքում շուկայում չի գործում առաջարկ-պահանջարկ սկզբունքը, այլ առկա են մենաշնորհատերերի պայմանավորվածությունների եւ այլ սկզբունքներ:
Մայքլ Ուայնխարդի հավաստմամբ`մենաշնորհները, բացի տնտեսական հարաբերություններից, ազդում են նաեւ քաղաքականության վրա, քանի որ մենաշնորհատերերը, փորձելով պահպանել իրենց դիրքը, տարբեր ուղիներ են փնտրում` ազդելու երկրի քաղաքական կյանքի վրա:
«Մենք գիտենք, որ քաղաքական ուժերին պետք է ոչ միայն քաղաքական տարրերի աջակցությունը, այլեւ այս կամ այն հիմնարկների աջակցությունը»,- նշեց նա: