Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս հրապարակված «ՌԴ տնտեսական վիճակի մոնիտորինգի մասին» ուսումնասիրության մեջ, որը պատրաստվել է Գայդարի ինստիտուտի փորձագետների կողմից, նշվում է, որ Ռուսաստան ամենաշատ ներգաղթում են Հայաստանից ու Ուկրաինայից։ Մասնավորապես` 2019 թ. հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստան է ժամանել 12, 8 հազար մարդ, մինչդեռ` 2018 թ. այդ ցուցանիշը կազմել էր 4.9 հազար մարդ: Հետազոտության մեջ նաև նշվում է, որ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածք է ժամանել Հայաստանի ավելի քան 49 հազար քաղաքացի:
Այսօր այս վիճակագրությունը լրագրողները ներկայացրեցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ հիշեցնելով «թավշյա հեղափոխության»՝ արտագաղթը նվազեցնելու և ներգաղթ ապահովելու խոստման մասին, նաև` որ ՀՀ-ի և Արցախի անվտանգության ամրապնդման գործում մեծապես կարևոր է արտագաղթի կանխումը:
«Արտագաղթը սպառնալիքներից մեկն է, որը բացասաբար է ազդում մեր անվտանգության միջավայրի վրա, քանի որ այն ուղղակի ազդում է բանակի վրա: Մենք փորձում ենք հասկանալ, թե որոնք են այդ ճանապարհները, որ կարողանանք այս խնդիրը լուծել: Այս հարցի լուծումը բազմաշերտ է: Վարչապետի գլխավորությամբ` բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե ինչպես կարող ենք նվազեցնել արտագաղթը, միաժամանակ մեծացնել ծնելիության թիվը: Այս առումով քաղաքականություն է մշակվում, որ կարողանանք գոնե նվազագույնի հասցնել արտագաղթը: Մյուս կողմից հրապարակվել է մեկ այլ վիճակագրություն, ըստ որի՝ այս տարի, 2015-ի թվականի նկատմամբ, արտագաղթի թիվը 35 անգամ նվազել է: Ինչ վերաբերում է Հայաստան մուտք գործողներին, պետք է պարզել՝ նրանք ներգաղթե՞լ են Հայաստան, թե՝ ուղղակի տուրիստ են: Օրինակ՝ Լիբանանի հայերի մոտ Հայաստան գալու ցանկություն ենք տեսնում, քանի որ հայկական անձնագիր ստացողների թիվը մեծացել է: Իհարկե, սա չի նշանակում, որ ներգաղթ է, այլ որոշակի մեսիջներ»,- ասաց ԱԽ քարտուղարը: