կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 14:13
Քաղաքական

Ոչ ստույգ տեղեկություններով տեսանյութերը բացասաբար են ազդում քեսաբահայերի վրա. քեսաբցի երիտասարդներ

Ոչ ստույգ տեղեկություններով տեսանյութերը բացասաբար են ազդում քեսաբահայերի վրա. քեսաբցի երիտասարդներ

Մարտի 21-ին Քեսաբի վրա «տեղացած» արկերի ու ռումբերի քանակն այնքան էր, որ, թերեւս, Սիրիայի վրա առաջին անգամ էր այդքան զինամթերք արձակվում. լրագրողներին այսօր պատմեցին քեսաբահայ եղբայրներ Սերժ եւ Արամ Քալուկյանները:

 

Նրանք պատմեցին, թե ինչպես է քեսաբահայությունը մարտի 21-ի առավոտյան արթնացել ռումբերի ուժգին պայթյուններից, ինչպես է Քեսաբը պաշտպանող կառավարական զորքը բնակչությանը տեղափոխել Քեսաբի մերձակա գյուղերը` մինչեւ իրավիճակի հանդարտեցումը, եւ ինչպես է դրանից հետո քեսաբահայությունը հասել Լաթաքիա' տեսնելով, որ իրավիճակը չի խաղաղվում:

 

Քեսաբցի եղբայրները նշեցին, որ 670 հայի ընտանիք է ապաստան գտել Լաթաքիայի հայկական եկեղեցու բակում, 1500-2000 քեսաբահայեր ստիպված են եղել լքել իրենց տները' բացի իրենց հագի շորերից, իրենց չկարողանալով վերցնել ուրիշ ոչինչ; Քեսաբահայերից 30-40 հոգի էլ անհայտ կորած են, ոչ ոք որեւէ ճշգրտված տեղեկություն չունի նրանց մասին: Արամ Քալուկյանը նշեց, որ այս 30-40 հոգու մեջ կան ինչպես տարեցներ, ովքեր չեն ցանկացել լքել Քեսաբը, այնպես էլ երիտասարդներ, կանայք ու աղջիկներ:

 

«Թեեւ տարբեր լուրեր են շրջանառվում, որ նրանց տարել են Թուրքիա, հետո' թե նրանցից 13-ը գտնվում են թուրքական բանտերում, բայց այդ լուրերից որեւէ մեկը ճշտել հնարավոր չէ, քանի դեռ ապստամբներն իրենք չեն հայտարարել դրանց մասին կամ լուսանկարներով, վիդեոներով ցուցադրել»,- ասաց Արամ Քալուկյանը:

 

Լաթաքիայում ապաստանած քեաբահայերը' բոլորը, պատրաստ են վերադարձնել Քեսաբը' իրենց Քեսաբը, նորից կառուցել այն, ամեն ինչ սկսել զրոյից ու շարունակել ապրել Քեսաբում: Լրագրողների դիտարկմանը, թե Քեսաբն արդեն անվտանգ չէ, Քալուկյան եղբայրները պատասխանեցին, որ հայերն էլ զենք ունեն, կառավարական զորքերը նույնպես իրենց անվտանգությունը կապահովեն: Նրանք նշեցին, որ Քեսաբում հայ երիտասարդներից ինքնապաշտպանական փոքր միավորներ կազմակերպելու միտք էլ կա:

 

Քալուկյանները անդրադարձան նաեւ այս օրերին համացանցում տարածված եւ տարածվող լուանկարներին, տեսանյութերին, որոնցում ապստամբները սպանում են` գլխատում կամ գնդակահարում հայերին: Եղբայրները հավաստիացրեցին, որ այդ տեսանյութերի դեպքերը, հաստատ, Քեսաբում չեն ծավալվում, գուցե` Սիրիայի այլ շրջաններում, բայց ոչ` Քեսաբում: Նրանք նշեցին, թե զինյալների' Քեսաբ ներխուժման ժամանակ որեւէ հայ զոհ չի գրանցվել, միայն 1-2 վիրավոր կա: Իսկ տարածված լուսանկարներից միայն մի քանիսն են համապատասխանում իրականությանը'որտեղ երեւում են պայթյուններ կամ տների հրդեհներ:

 

Քեսաբցի եղբայրները կոչ արեցին ուշադիր եւ աչալուրջ լինել եւ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեսանյութեր չտեղադրել լրատվամիջոցներում, քանի որ դրանք, ընդհանուր առմամբ, շատ են վնասում քեսաբցիներին, հատկապես հոգեբանորեն ազդում են նրանց վրա, ովքեր հեռու են Քեսաբից ու որեւէ կերպ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ:

 

Իսկ Քեսաբում ծավալված իրադարձությունները, ըստ երիտասարդների, մեծ ազդեցություն կարող են ունենալ Սիրիայում ծավալվող իրադարձությունների վրա, քանի որ արդեն իսկ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեցին Սիրիայի, մասնավորապես' Քեսաբի դեպքերի վրա: Սակայն սիրիական իրադարձությունների հանդեպ սիրիահայերի չեզոքության վրա դրանք չեն անդրադառնա:

 

«Ինչպես եղել ենք չեզոք, այնպես էլ պիտի մնանք չեզոք»,- նշեց եղբայրներից Սերժը' ընդգծելով,  որ չեզոքությունը կխախտվի թուրքական կողմի առումով, եւ իրենք պետք է ամեն ինչ անեն' բոլորի ուշադրությունը կենտրոնացնելու համար Թուրքիայի կողմից խախտումների վրա: