Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվում: Այն ուղղված է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ-ի) շենքի և դրան հարակից պատմամշակութային հուշարձանների պաշտպանությանը: Ակցիայի մասնակիցները շենքի մոտ սպասելու են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ նրա պաշտոնական դիրքորոշումը լսելու համար: Եթե Հասմիկ Պողոսյանը չգա, ցուցարարները պատրաստվում են գնալ մշակույթի նախարարություն: Այս մասին «ԷկոԼուր»-ին ասել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Գրիգորյանը:
«Մեր ձեռքին է հայտնվել փաստաթղթերի մի փաթեթ, որը վկայում է պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող երկու կառույցի քանդման մասին: Դրանք են՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի հուշարձան-շենքը և դրա անմիջապես հարակից՝ կրկին հուշարձան-շենքերը:
Նշված հուշարձանների անմիջական հարևանությամբ՝ հայտնի «շինարար» Սամվել Մայրապետյանի կողմից կառուցվում է 10 վերգետնյա հարկեր ունեցող մի հյուրանոցային համալիր: Համալիրի նախագիծն իրականացվել է «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ի կողմից, որի անվանումն իսկ հուշում է, թե ով է այս թյուրիմացության «գլխավոր ճարտարապետը»:
Չանդրադառնալով այն հանգամանքին, որ Փոքր Կենտրոնի` առանց այդ էլ գերխիտ կառուցապատված տարածքում հսկայական հյուրանոցային համալիրի գործարկումն ուղղակի կաթվածահար է անելու քաղաքի այդ հատվածում երթևեկությունը՝ անդրադառնանք իրավական խախտումներին:
Այսպես՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ քաղաքաշինական պետական տեսչության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված գրությունների համաձայն` նշված հյուրանոցային համալիրի նախագծումը և շինարարությունն իրականացվում են գործող քաղաքաշինական օրենսդրության կոպիտ խախտմամբ: Լիովին անտեսվել են թե' հակահրդեհային և թե' սեյսմիկ անվտանգության նորմերը:
Նախագծի համաձայն` հյուրանոցը կառուցվում է Աբովյան փողոցից 21 մետր հեռավորության վրա՝ իբր ստեղծելով «կանաչ հեռանկար», որը պետք է լինի հենց ԱՕԿՍ-ի և դրան հարակից հուշարձան-շենքերի տեղում:
Ներկայացված լուսանկարներից, սակայն, պարզ է դառնում, որ հյուրանոցային համալիրի կառուցումից հետո Երևանի պատմամշակութային հուշարձանների փոխարեն լինելու է պարզապես ավտոկայանատեղի և հյուրանոցի սպասարկման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ:
Այս ամենի վերլուծությունից հետո իրավապահ մարմինների համար առաջանում են առնվազն հետևյալ հարցադրումները՝
1. Արդյո՞ք Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անձնական նախագծային ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում նախագծային գործունեությամբ զբաղվելը կոռուպցիայի դրսևորում չէ:
2. Ինչպե՞ս է ստացվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատել է հսկայական հյուրանոցային համալիրի կառուցման մի նախագիծ, որը չի քննարկվել քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում:
3. Ինչո՞ւ մշակույթի նախարարությունը որևէ դիրքորոշում չի արտահայտում հուշարձանները քանդելու կապակցությամբ, այն դեպքում, երբ հյուրանոցային համալիրի նախագծի սխեմայում հուշարձանները բացակայում են:
4. Արդյո՞ քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ճարտարապետների միության կողմից ներկայացված՝ վերը նշված գրությունների առկայության պայմաններում շինարարական աշխատանքների շարունակումը չի վկայում խոշոր կոռուպցիոն գործարքի մասին:
Ի վերջո, նախընտրական այս թոհուբոհի մեջ պետական կառավարման և իրավապահ մարմինների կողմից ցուցաբերվող նմանօրինակ սանձարձակ վարքագիծը շատ «ոչ գեղեցիկ» իրավիճակ է ստեղծում այդ համակարգի՝ գործող «գլխավոր ճարտարապետի» համար»,- «ԷկոԼուր»-ին նամակով հայտնել է Արթուր Գրիգորյանը:
Առկա լուսանկարներում ներկայացված են ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի ճարտարապետների միության նամակները, որոնք փաստում են հյուրանոցի կառուցման արդյունքում քաղաքաշինական նորմերի խախտումները: