Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ակադեմիական քաղաքը» դեռեւս չսարքած՝ Նիկոլ Փաշինյանը հերթական խոշորամասշտաբ ծրագիրն է պատրաստվում իրականացնել՝ «արդարադատության թաղամաս» կառուցել։ Այս առիթով Փաշինյանը հայտարարել է․ «Մենք արդեն երկար ժամանակ քննարկում ենք, պայմանական ասած՝ արդարադատության թաղամաս ստեղծելու հարցը: Ինչի՞ հետ է դա կապված: Մենք դատաիրավական համակարգում մեծ բարեփոխումներ ենք իրականացնում, բայց սովորաբար շատերի համար նկատելի չէ, որ այդ բովանդակային բարեփոխումների ընթացքում նաեւ ֆիզիկական ենթակառուցվածքների շատ մեծ խնդիր է առաջանում՝ շենքային պայմանների, եւ այդպես շարունակ: Նաեւ դիտարկում ենք, որ դատական, քննչական համակարգի գործունեության սպասարկման համար որոշակի՝ բավական ծանրակշիռ ծախսեր կան, որոնք, մեծ հաշվով, աշխատանքի, լոգիստիկայի կազմակերպման՝ շատ հաճախ հնացած ձեւերի արտահայտության պատճառ են: Եվ հիմա ուզում ենք մտածել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի այդ ամենն ավելի արդյունավետ դարձնենք, որպեսզի առաջինը՝ դատաիրավական համակարգի համար աշխատանքային պատշաճ, սոլիդ պայմաններ ստեղծվեն, այսպես ասած՝ առանց կցակառույցների տրամաբանության, երկրորդը՝ կալանավորված, դատապարտված անձանց իրավունքները պաշտպանվեն, եւ հնարավորինս արժանապատիվ պայմաններ ստեղծվեն նաեւ կալանքի տակ գտնվող անձանց, դատավարության կողմերի համար եւ այլն․․․ Մեկ պարզ օրինակ կարող եմ բերել. իհարկե, շենքը, որտեղ մենք գտնվում ենք, պատմամշակութային շատ կարեւոր արժեք է, բայց մենք չենք հաշվում, թե, օրինակ, այս շենքի 6 մետր բարձրությամբ աշխատասենյակների տաքացման, հովացման, սպասարկման համար ինչքան միջոցներ են ծախսվում, որոնք կարող էին կա՛մ չծախսվել, կա՛մ ծախսվել ավելի արդյունավետ: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք մտածողության եւ մտածելակերպի փոփոխության կարիք ունենք եւ այդ ռազմավարությունը պետք է որդեգրենք՝ Երեւան քաղաքի փոքր կենտրոնից եւ ընդհանրապես կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու․․․ Ընդ որում, դա նորություն չէ. աշխարհում, ընդհուպ շատ մայրաքաղաքներում, կան դարերի հնություն ունեցող շենքեր, որոնք մասնավոր հատվածին կամ վարձակալությամբ են տրված, այսինքն՝ դա ճիշտ մոդել է եւ պետությանը միլիարդների եկամուտներ է բերում, բայց, մյուս կողմից էլ, այդ պատմամշակութային հուշարձանները պահպանվում են, ընդ որում՝ պետական հսկողության ներքո մասնավորը շատ ավելի լավ է անում այդ գործառույթը, քան շատ հաճախ պետական կառավարման մարմիններն են անում:
Այս ռազմավարությունը քննարկում ենք եւ կարծես մոտ ենք հայեցակարգային մակարդակում այն որդեգրելուն: Մենք մտածում ենք նաեւ, որ ահա այսպիսի պետական ներդրումներ պետք է արվեն այն հատվածներում, որոնք այս պահին մասնավորի համար այնքան էլ գրավիչ չեն․․․ ինչը նշանակում է, երբ պետական լայնածավալ ներդրումներ իրականացվեն այդ հատվածներում, դրանք նույնպես կդառնան գրավիչ եւ ինչ-որ առումով տնտեսական աճի համար շատ լավ խթան կարող են հանդիսանալ»: Փաշինյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ այս գաղափարի հիմնական նպատակը կենտրոնում գտնվող պատմամշակութային շենքերն ազատելն ու դրանք մասնավոր ընկերություններին տալն է, այսինքն՝ պատրաստվում են պատմամշակութային շինությունները վաճառել կամ վարձով տալ, դե՝ վարձակալներն ու գնորդներն էլ, բնականաբար, Փաշինյանի սիրելի օլիգարխները կլինեն։
Արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց, որ «արդարադատության թաղամաս» հիմա էլ կա։ «Արդարադատության թաղամաս ստեղծվել է, երբ ես նախարարությունում էի, եւ հիմա էլ առկա է․ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ, Նոտարական պալատ, Վճռաբեկ դատարան, դատախազության շենք․ այս բոլորը գտնվում են մի քառակուսի, 4 փողոցով շրջափակված հատվածում։ Եթե անունը դնում ենք «արդարադատության թաղամաս», ապա այն վաղուց այդտեղ գտնվում է։ Եթե մենք այն ուզում ենք տեղափոխել այլ տեղ, ապա դա ուրիշ խնդիր է, դա սիրուն անուններ հնարելու խնդիր չէ՝ «արդարադատության թաղամաս»։ Արդյոք կարիք կա՞ հսկա դատարան կառուցելու, թե՞ ոչ, պե՞տք է բոլորը մի տեղ տանել․ այս հարցերը կարելի է դիտարկել։ Իրականում Հայաստանում եւ Երեւանում հիմա դատարանների հագեցվածության խնդիր կա, որովհետեւ պլանավորվել էր, կառուցվել էին դատարաններ, բայց դատավորների թվի ավելացման անհրաժեշտություն կա։ Իմ կարծիքով՝ տրամաբանական է, որ դատարանների շենքերը մեծ, գիգանտ շենքեր չլինեն, այլ լինեն բազմաթիվ, ավելի փոքր շենքեր՝ հարմարեցված, ստանդարտներին համապատասխանող, որպեսզի այդ շենքերում խցանումներ չառաջանան, ամեն ինչ մի տեղ չլինի, նույն շենքում չհավաքվի։ Ես ժամանակին, որպես փոխնախարար, դիտարկել եմ Վրաստանի փորձը, վրացիներն իրենց այդ հանրային պալատներն էին կառուցում, ինչն առաջին հայացքից գեղեցիկ է, բայց դրա փոխարեն պետք էր ապակենտրոնացնել եւ համայնքներին փոխանցել այդ նույն լիազորությունները, որպեսզի այլ տեղերում մարդիկ իրենց ավելի մոտիկ ունենան այդ ծառայությունները։ Նույն ձեւով՝ երկրներ կան, որտեղ մեգադատարաններ կան, մի քանի դատարաններ միասին են, դա կարող է հարմար լինել որոշակի տեխնիկական խնդիրներ լուծելու համար, չնայած, եթե մենք կարողանանք միջին չափի, ստանդարտացված եւ ճարտարապետական լուծումներով դատարանի շենքեր կառուցել, կարծում եմ՝ դա ավելի նպատակահարմար կլինի»,- ասաց Օրբելյանը։
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը թեեւ ծրագրին ծանոթ չէ, սակայն նշեց, որ կարեւոր սկզբունքն այն է, որ պետական մարմինները քաղաքացուն մատչելի լինեն․ «Ճիշտն ասած՝ այդ ծրագրին տեղյակ չեմ եւ չեմ կարող գնահատական տալ, բայց, ամեն դեպքում, իրավապահ մարմիններն այնպիսի տեղերում պետք է լինեն, որպեսզի քաղաքացուն հասանելի լինեն, ինչ էլ որ արվի, այդ սկզբունքը պետք է չխախտվի, որպեսզի ավելորդ բարդություններ քաղաքացիների համար չստեղծվեն»։
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս իշխանության ցանկացած ծրագիր իր մոտ անհանգստություն է առաջացնում․
«Մանրամասներին ծանոթ չեմ, բայց այս իշխանության որեւէ առաջարկ ինձ մոտ առաջին հերթին անհանգստություն է առաջացնում, հետո նոր սկսում եմ այն վերլուծել, որովհետեւ հայտարարվել էր, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», բայց մենք այսօր Արցախի հետ կապված խնդիր ունենք։ Խոսում էին կրթօջախներն Աշտարակ տեղափոխելու մասին, օրինակ՝ ԵՊՀ-ն Աշտարակ տանելու մասին, որից հետո անհայտ է, թե համալսարանն ինչ էին կոչելու․․․, այս տիպի գաղափարներ են։ Հիմա էլ՝ «արդարադատության թաղամաս» ստեղծելը․․․, ինձ թվում է, սա այս համակարգը՝ մեր ոլորտը քանդելու հերթական քայլն է լինելու։ Ծրագրին ծանոթ չեմ, բայց առնվազն վստահելի չէ, երբ իշխանությունն է դրա մասին խոսում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։