Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՅԴ-ն իր ընտրազանգվածին կոչ կանի, թե ինչպես քվեարկեն:
Նա ընդգծեց, որ շտապելու կարիք չկա, իրավիճակի փոփոխությունները, կարծես, անսպասելի են, եւ մինչեւ վերջին պահն էլ հայտնի չէ՝ ընտրությունները կհետաձգվե՞ն, թե՞ ոչ:
«Ես հակված եմ գնալ ընտրության եւ քվեաթերթիկի վրա գրել` բոլորին դեմ»,- հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը: Նա հիշեցրեց, որ առաջ, եթե քվեաթերթիկների հիսուն տոկոսի վրա կար բոլորին դեմ նշումը, ընտրություններն անվավեր էին ճանաչվում, եւ ափսոսանք հայտնեց, որ ՀՅԴ-ի նախաձեռնությունը` որ օրենքի այդ կետը վերականգնվի, չանցավ:
«Ընտրություններին մեր չմասնակցելը պայքարի ձեւ է, պետք է մեր երկրում վերջ դնել նման ընտրությունների: ՀՀ-ում չկա ժողովրդավարական ընտրություն, ՀՀ-ում ժողովուրդը չի որոշում իր ապագան, եթե այդպես լիներ մեկ անգամ գոնե իշխանությունը կփոխվեր ընտրությունների միջոցով»,- հայտարարեց Ռուստամյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե կշնորհավորե՞ն Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ, նա պատասխանեց. «Ինչը շնորհավորենք, երբ ընտրությունները շինծու են եւ ժողովրդավարական ընտրություններից այնքան հեռու են, որ իմաստ չունի խոսել հաղթողի եւ պարտվողների մասին»:
ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել երկրում, երբ իշխանություններն իրենք իրենց համար ստեղծել են վիրտուալ իրականություն, ուր ամեն ինչ լավ է, իսկ ով դրա դեմ է խոսում՝ թշնամի է: Երկրում ստեղծված իրավիճակը, ըստ Ռուստամյանի, շատ ծանր է, ընտրական գործընթացներն էլ չեն արտացոլում մեր իրականությունը: Ռուստամյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին կշնորհավորեն նրանք, ովքեր կհամարեն, որ նորմալ ընտրություններ են եղել:
ՀՅԴ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ նախագահի որոշ թեկնածուներ, մասնակցելով ընտրություններին, թվում էր` պետք է քննադատեն իշխանությանը, բայց ավելի շատ անդրադառնում են նրանց, ովքեր չեն մասնակցում ընտրություններին: Ռուստամյանը վստահ է, որ այդ թեկնածուները մեծ ծառայություն են մատուցում իշխանություններին՝ ֆոն ստեղծելով, թե ընտրությունները մրցակցային են, ինչի մասին ամեն օր խոսում է նաեւ Սերժ Սարգսյանը: «Այս ընտրությունները կանխորոշված են: Պարզ է, թե ով է հաղթելու, եւ ի՞նչ կապ ունի, թե մյուս թեկնածուները որ տեղերը կգրավեն, քանի տոկոս կհավաքեն, երկրի ապագայի վրա դա ազդելո՞ւ է: Կանխորոշված հաղթողը ինքնագոհ շարունակելու է ղեկավարել երկիրը»,- հայտարարեց Ռուստամյանը: