Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի անկախության տոնին ՀՀ բարձրագույն իշխանության չմասնակցելը հողերը ծրագրված հանձնելու շարունակությունն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը։
Դա, նրա համոզմամբ, ուղերձ է և ուղերձը նոր չէ։
«Դա սկսվել է իշխանափոխությունից հետո, երբ մենք սկսեցինք արժեզրկել Արցախը, նսեմացնել Արցախն ազատագրողներին, Արցախի գոյության և էության նշանակությունը փոքրացնել՝ Արցախի նախագահին մարզպետ կոչելով, սկսելով լուրեր տարածել, որ այդտեղ որոշ տարածքներ հայկական երբեք չեն եղել․․․ այս բոլորը ծրագրավորված, պայմանավորված պատերազմի՝ մեր տղաների կյանքի դիմաց, հող հանձնելու ծրագրի շարունակությունն է»,-ասաց նա։
Հրաչ Ջաբրայանը ընդգծեց, որ պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով ներկայացված չէ Արցախի այս շատ կարևոր միջոցառումներն, բայցևայնպես զարմանալի չէ, որովհետև ծրագրված է և հանձնելու հետևանքն է։
«Եվ ես կարծում, որ տակավին այդ գործընթացը ավարտված չէ, և իրենք այս ձևով կշարունակեն այդ գործընթացը ավարտին հասցնելու, Արցախը ամբողջովին զրկելու հայկականությունից»,-ասաց նա։
Կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը մասնակցել է 44-օրյա պատերազմին ՀՅԴ կամավորների հետ։ Կորցրել է ընկերներ, որոնց կորստի հետ համակերպվել չի ստացվում։ Ասում է՝ երևի այն քչերից է, որ այս պատերազմում շատ ընկեր կորցրեց՝ 54 ծանոթ՝ ներառյալ 19 ընկեր մեկ դիրքի վրա, նաև իր ամենամտերիմ ընկերները։ Եվ բոլորը համարում է դավաճանության հետևանք։
«Գիտեք, պատերազմի օրերին մեր միակ նպատակը հայրենիք պաշտպանելն ու գոյատևելն էր։ Կարող է՝ մտածեցինք, բայց երբեք իսկապես չընդունեցինք մեր հոգիների մեջ, որ մեր իշխանությունները կողքից կհարվածեն մեզ և կդավաճանեն մեզ։ Այս պատերազմը պարտվեց ՀՀ դավաճան իշխանությունը՝ ծրագրված, պայմանավորված, իմ ընկերների կյանքի գնով»,-ասաց նա՝ պատմություններ հիշելով ընկերների մասին։
Կատակում էինք մահվան մասին, ասաց նա, ծիծաղում էինք մահվան վրա։
Ընկերներից մեկը՝ Քրիստափորն ասել էր՝ չէ՛, ընկեր ջան, եթե զոհվել լինի՝ ես զոհվեմ, ես մի երեխա ունեմ, դու հեշտ կպահես, եթե դու զոհվես՝ ես 3 երեխադ ո՞նց պետք է պահեմ, չեմ պահելու, չզոհվես։
«Մենք մահից չենք վախեցել, մենք մահվան վրա ծիծաղել ենք, մեզ ուղղակի դավաճանել են»,-արձանագրեց Հրաչ Ջաբրայանը։
Կանադահայ գործարարը միլիոնավոր դոլարների ներդրումներ էր արել Արցախում՝ Շուշիում, ազատագրված շրջաններում, որոնք զրոյացան դավաճանական հանձնումով։ Բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Արցախում ու Սյունիքում։
Միացյալ հայրենիքի իդեալը նրա համար Արցախի ու Հայաստանի միասնականությունն է, իսկ հայրենիքը պահելու համար, ասում է, պետք էր աշխատատեղեր ստեղծել, ինչն էլ արել են։
Այսօր Հրաչ Ջաբրայանի վրա մի քանի հարյուր էջանոց քրեական գործ կա «կարված» ընդամենը ֆեյսբուքյան գրառման համար, որ՝ դավաճանը պետք է ահաբեկվի ինչպես Չաուշեսկուն և Հուսեյնը։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, ասում է նա, անգամ իր գրառումները ֆեյսբուքում հավանողներին առանձին-առանձին հարցաքննել են, ահաբեկել, շատերին ստիպել հրաժարվել նրա հետ ընկերությունից։
Նա շարունակում է համարել, որ երկրի փրկությունը կլինի մեկ ճանապարհով՝ առաջինը պետք է հեռանա դավաճան իշխանությունը, երկրորդ՝ պետք է կազմակերպված պաշտպանենք մեր երկիրը։ Հրաչ Ջաբրայանը արձանագրում է․ «Ես այսքան ստրուկ չեմ զգացած իմ կյանքի մեջ՝ ինչքան այսօր, ստրուկ այս իշխանության՝ ի դեմս թուրքի»։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․