Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները` հիմնարար սկզբունքների և, ընդհանրապես, փոխզիջումային լուծման վերաբերյալ համաձայնության գալը ծայրաստիճան դժվար կլինի. «Երկիր»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
«Դրա համար չկան օբյեկտիվ նախադրյալներ: Ներկա պայմաններում, այսպես կոչված` հիմնարար սկզբունքները կարող են ստորագրվել միջազգային ուժեղ ճնշման տակ, ինչը կարող է հակամարտող կողմերի հասարակություններում ներքին ապակայունացման հանգեցնել»,- նշեց նա:
Մ. Մայիլյանի կարծիքով` բանակցություններին ԼՂՀ ներկայացուցիչների չմասնակցելը կարգավորման խոչընդոտներից մեկն է: Ոչ պակաս լուրջ խոչընդոտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մոտեցումը. նրանք փորձում են Ղարաբաղի օրինակով ապացուցել Հելսինկյան հնացած սկզբունքների կենսունակությունը, սկզբունքներ, որոնք միջնորդ երկրներն իրենք են բազմիցս շրջանցել: Այսօր արդեն կան նոր նախադեպեր եւ միջազգային-իրավական նոր իրողություններ, որոնք կարելի է կիրառել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Բաքվից Ստեփանակերտ այցելելիս արդեն երկրորդ անգամ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանը ոտքով հատելուն` թե իբր սահմաններ չկան, ըստ Մ. Մայիլյանի, դրանք ոչ մի կերպ չեն ազդում հրադադարի ռեժիմի պահպանման վրա:
«Փիար-ակցիա հիշեցնող այդ ոչ պետքական անցումների փոխարեն միջազգային միջնորդները պետք է հասնեն նրան, որ Ադրբեջանը հրաժարվի ռազմական շանտաժից եւ շահագրգիռ մասնակցություն ցուցաբերի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննությանը: Այս հարցերում ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները պետք է հաստատակամություն ցուցաբերեն եւ չվախենան մերժել համանախագահների՝ դեռեւս չբարեկարգված-չսարքավորված միջպետական սահմանները հատելու մասին դիմումները»,- նշեց նա: