կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-07 13:31
Քաղաքական

Աշոտյանը սթրես չի տանի, եթե նախարար չլինի

Աշոտյանը սթրես չի տանի, եթե նախարար չլինի

Իր հետագա պաշտոնավարման հարցը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը քաղաքական կարեւորագույն հարցերից չի համարում, բայց Yerkir.am-ի հետ զրույցում, այդուհանդերձ, պատասխանեց այդ հարցին:

 

«Եթե խոսքը գնում է նախարար եղած իմ չորս տարիների աշխատանքի մասին, ապա կարող եմ ասել, որ այն, ինչ կարողացել եմ անել, արել եմ, բայց էլի ունեմ ռեզերվ` հարկ եղած դեպքում կրկին աշխատելու: Իսկ առհասարակ իմ քաղաքական ճակատագիրն անբաժանելի է իմ կուսակցության քաղաքական ճակատագրից»,- հայտարարեց նա:

 

Դիտարկմանը, թե ի՞նչ է կարծում` կմնա՞ նախարար, Աշոտյանը պատասխանեց, որ այնքան գործ ունի, որ բացարձակապես չի ֆիքսվել սահմանադրական այն գործընթացի վրա, որը ենթադրում է կառավարության հրաժարական, վարչապետի նշանակում, նոր կառավարության կազմ: Եթե կրկին նախարար չդառնա, վստահեցնում է` այդ փաստը ծանր չի տանի, սթրեսի մեջ չի ընկնի:

 

«Եթե ես չլինեմ նախարար` առաջին պարտավորությունս կլինի այն, որ ինձ հաջորդողին փոխանցեմ իմ կուտակած ամբողջ փորձը, գիտելիքը, տեղեկատվությունը եւ հարկ եղած դեպքում հնարավորինս օգտակար լինեմ նրա աշխատանքին»,- հայտարարեց Աշոտյանը:

 

Նաեւ շեշտեց, որ ՀՀ կառավարության կազմում լինելը պատիվ է, պատիվ է մեր երկրում ԿԳ նախարար լինելը, եւ ինքը պատվով է կատարում այդ առաքելությունը: «Միաժամանակ, կարծում եմ, որ ես կարող եմ դրսեւորվել քաղաքական ճակատի ցանկացած հատվածում, որտեղ որ հարկ կհամարի իմ կուսակցությունը»,- հայտարարեց Աշոտյանը: