Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոռետեսական սցենարը պատկերացնել հեշտ է: Ազգայնականությունը, մեկուսացումը, այլատյացությունը և հարձակումները լիբերալ աշխարհակարգի վրա աճել են տարիների ընթացքում, և այդ միտումը կխորանա համավարակի հետևանքով: Հունգարիայի և Ֆիլիպինների կառավարություններն օգտվեցին ճգնաժամից իրենց արտակարգ լիազորություններով օժտելու համար, ինչը նրանց ավելի հեռացրեց ժողովրդավարությունից: Բազմաթիվ այլ երկրներ, ներառյալ` Չինաստանը, Սալվադորը, Ուգանդան, նմանատիպ միջոցներ ձեռնարկեցին: Ամենուր, այդ թվում` Եվրոպայի սրտում, ի հայտ եկան մարդկանց տեղաշարժման պատնեշներ` հանուն համընդհանուր բարօրության համագործակցելու փոխարեն, երկրները ներփակվեցին, վիճեցին միմյանց հետ և հակառակորդներին դարձրեցին սեփական անհաջողությունների քավության քաղաքական նոխազներ. ըստ yerkir.am-ի`Foreign Affairs ամսագրում տպագրած «Համավարակը և քաղաքական կարգը» հոդվածում նշում է քաղաքագետ, տնտեսագետ, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման (սկիզբը` այստեղ):
Նրա կարծիքով` ազգայնականության աճը կմեծացնի միջազգային հակամարտությունների հավանականությունը: Առաջնորդները կարող են դիտարկել արտաքին ուժերի դեմ այդ պայքարը որպես կարևոր ներքաղաքական շեղիչ գործոն կամ կարող են տրվել գայթակղությանը, հակառակորդների թուլությունից ու համավարակի փաստից օգտվելով, խոցել առաջնահերթ թիրախներ կամ նոր իրավիճակ ստեղծել տեղերում: Այնուհանդերձ, ըստ Ֆուկույամայի, հաշվի առնելով միջուկային զենքի կայունացնող ուժը, նաև ընդհանուր հիմնախնդիրների առկայությունը, որոնք ծառացած են բոլոր հիմնական խաղացողների առջև, միջազգային տուրբուլենտությունն ավելի քիչ հավանական է, քան ներքին տուրբուլենտությունը:
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը նշում է, որ գերբնակեցված քաղաքներով ու առողջապահական թույլ համակարգերով աղքատ երկրներն ամենաշատն են տառապում: Այդպիսի հասարակություններում ոչ միայն սոցիալական հեռավորությունը, նույնիսկ հիգիենայի տարրական կանոնները չափազանց դժվար է պահպանել, քանի որ քաղաքացիներից շատերը մաքուր ջրին կանոնավոր հասանելիություն չունեն: Ինչ վերաբերում է կառավարություններին, ապա դրանք հաճախ խորացնում են իրավիճակը` լինի մտադրված` միջհամայնքային լարվածության հրահրմամբ և սոցիալական համաձայնության խզմամբ, թե` պարզապես ոչ կոմպետենտ լինելու պատճառով: Օրինակ` Հնդկաստանը խորացրեց իր խոցելիությունը, երբ հայտարարեց համազգային մեկուսացման մասին` չմտածելով տասնյակմիլիոնավոր աշխատանքային միգրանտների մասին, որոնցով լի են խոշոր քաղաքները: Նրանց շատերը վերադարձան իրենց գյուղական տները` տարածելով հիվանդությունը երկրով մեկ, նաև` տեղաշարժման արգելքը շատերին թակարդում թողեց` առանց աշխատանքի, տանիքի, բժշկական խնամքի:
Ֆուկույաման համոզված է, որ կլիմայի փոփոխության պատճառով մարդկանց տեղաշարժն արդեն իսկ սողացող ճգնաժամ է, որ հասունանում է Հարավում: «Համավարակը կսրի դրա հետևանքները, որի արդյունքում զարգացող երկրների բնակչության մեծ խմբեր կհայտնվեն գոյատևման եզրին: Այս ճգնաժամը ոչնչացրեց երկու տասնամյակ կայուն տնտեսական զարգացման շահառու աղքատ երկրների հարյուրմիլիոնավոր մարդկանց հույսերը: Վրդովմունքը կսկսի աճել, իսկ երբ հանրության` փոփոխությունների տրամադրված մասը զգա, որ հնարավորություն կա, դասական հեղափոխական իրավիճակ կստեղծվի: Ամենահուսահատները կփորձեն արտագաղթել, դեմագոգ առաջնորդները կօգտագործեն իրավիճակը իշխանությունը զավթելու համար, կոռումպացված քաղաքական գործիչները չեն կորցնի ամեն հնարավորը ձեռք գցելու շանսը, իսկ բազմաթիվ կառավարություններ կկորցնեն վերահսկողությունը և կտապալվեն: Իսկ այդ ժամանակ Հարավից Հյուսիս միգրացիայի նոր ալիքն այս անգամ ավելի քիչ կարեկցանք ու մեծ դիմադրություն կունենա, քանի որ միգրանտներին հեշտ է մեղադրել այն բանում, թե նրանք են բերել հիվանդություններն ու քաոսը:
Վերջապես, այսպես կոչված, «սև կարապների» ի հայտ գալը թեև անկանխատեսելի է, սակայն` ավելի ու ավելի հավանական, եթե նայենք հեռու ապագան: Նախորդ համավարակները ծնեցին ապոկալիպտիկ ընկալումներ, պաշտամունքներ ու նոր կրոններ` հոգեպես արմատացած ծայրահեղ տանգապալից վիճակներում, պայմանավորված երկարատև էքզիստենցիալ մարտրահրավերներով: Ֆաշիզմն, ըստ էության, կարելի է դիտարկել որպես պաշտամունք` առաջացած Առաջին աշխարհամարտից ու դրա հետևանքներից ծնված բռնությունից ու քաոսից»,- գրում է Ֆուկույաման, սակայն հուսադրում, որ համավարակը կարող է որոշ դրական քաղաքական արդյունքներ տալ. երբեմն քաղաքական համակարգերը ճահճացումից հանելու և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու համար հենց այդպիսի արտաքին ցնցումներ են հարկավոր:
Ինչ վերաբերում է համավարակի դեմ գործնական պայքարին, ապա, ըստ նրա, այն, անշուշտ, պրոֆեսիոնալություն և փորձ է պահանջում, դեմագոգիան ու ոչ կոմպետենտությունը այդպիսի պայմաններում հեշտությամբ բացահայտվում են: Ֆուկույաման կանխատեսում է, որ հարուստների ու աղքատների միջև խզումը` ինչպես մարդկանց, այնպես էլ երկրների, որ խորացել է ճգնաժամի արդյունքում, հետագայում էլ կմեծանա երկարատև տնտեսական ստագնացիայի պատճառով:
Սակայն ճգնաժամը բացահայտել է նաև կառավարությունների` հավաքական ռեսուրսների հիման վրա որոշումներ գտնելու կարողությունը: «Առանձին միասին» ընկալման երկարատև փորձը կարող է ամրապնդել սոցիալական համերաշխությունը և խթանել ավելի առատաձեռն սոցիալական պաշտպանություն:
Ճգնաժամը, ըստ նրա, կարող է խթանել միջազգային համագործակցության վերսկսումը: «Այն ժամանակ երբ ազգային առաջնորդները խաղում են «Գտիր մեղավորին» խաղը, գիտնականներն ու առողջապահության պաշտոնյաները ընդլայնում են իրենց ցանցերն ու խորացնում կապերը»,- գրում է Ֆուկույաման և համոզմունք հայտնում, որ երբ միջազգային համագործակցության քայքայումը հանգեցնի աղետի և ճանաչվի որպես տապալում, հետագայում կտեսնենք համընդհանուր շահերի առաջխաղացման համար համագործակցության բազմակողմանի ձևաչափի վերականգնում:
Ըստ ամերիկացի քաղաքագետի`համավարակը դարձել է համաշխարհային քաղաքական սթրես-թեստ: Արդյունավետ լեգիտիմ կառավարություններով երկրներն այն կհանձնեն հարաբերականորեն հաջող և կկարողանան իրականացնել բարեփոխումներ, որոնք նրանց կդարձնեն ավելի ուժեղ ու կայուն` այդպիսով նպաստելով դրանց ապագա առաջընթաց աճին: Իսկ թույլ պետական պոտենցիալով կամ ոչ արդյունավետ ղեկավարությամբ երկրները կհայտնվեն բավական աղետալի վիճակում` տնտեսական ստագնացիա, եթե ոչ`աղքատացում ու անկայունություն: Սակայն խնդիրն այն է, որ երկրորդ խումբը թվաքանակով զգալիորեն գերազանցում է առաջինին:
«Ցավոք, սթրես-թեստն այնքան բարդ է, որ շատ քչերը կկարողանան այն հաղթահարել մինչև վերջ: Ճգնաժամի նախնական փուլերի հաջող հաղթահարման համար երկրներին հարկավոր են ոչ միայն գործունակ պետություն և բավականաչափ ռեսուրսներ, այլ նաև զգալի սոցիալական կոնսենսուս ու վստահություն ներշնչող կոմպետենտ առաջնորդներ: Այդպիսի մոդել իրագործվեց Հարավային Կորեայում, երբ համավարակի կառավարումը պատվիրակվեց համապատասխան պաշտոնեական ապարատին, նաև` կանցլեր Անգելա Մերկելի Գերմանիայում: Բայց ավելի մեծ է այն կառավարությունների թիվը, որոնք գլուխ չհանեցին խնդրից: Եվ քանի որ ճգնաժամի երկրորդ փուլն էլ դժվար կլինի, ազգային միտումները, հավանորեն, միայն կուժեղանան, ինչը զգալիորեն նվազեցնում է դրական կանխատեսումները:
Հոռետեսության մյուս պատճառն այն է, որ դրական սցենարները ենթադրում են որոշակի ռացիոնալ հանրային դիսկուրս և սոցիալական ուսուցում, սակայն տեխնոկրատական փորձի ու պետական քաղաքականության կապն այսօր թույլ է, քան նախկինում, երբ վերնախավերն ավելի մեծ իշխանություն ունեին»,- նշում է Ֆրենսիս Ֆուկույաման:
Ըստ նրա` ներկայումս, երբ ճգնաժամի ամենասուր ու ողբերգական փուլն անցել է, աշխարհը շարժվում է երկարատև, ծանր աշխատանքի ուղղությամբ: «Ի վերջո, դուրս կգանք և այդ փուլից` մեկը` արագ, մյուսը` դանդաղ: Համաշխարհային բռնի ցնցումները, այդուհանդերձ, քիչ հավանական են. ժողովրդավարությունը, կապիտալիզմը և ԱՄՆ-ը արդեն ապացուցել են իրենց` ձևափոխվելու ու հարմարվելու կարողությունը: Սակայն հարկ կլինի մեկ անգամ ևս գլխարկից նապաստակ հանել»,- եզրափակում է Ֆրենսիս Ֆուկույաման: