կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-14 15:08
Քաղաքական

Ամեն ամսվա 15-ին յուրաքանչյուր ընտանիք սթրես է ապրում, երբ ստանում է էլեկտրաէներգիայի ու գազի հաշիվները

Ամեն ամսվա 15-ին յուրաքանչյուր ընտանիք սթրես է ապրում, երբ ստանում է էլեկտրաէներգիայի ու գազի հաշիվները

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր ՀԾԿՀ 2016թ. տարեկան ծրագիրը: Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ասելով, որ հայ ընտանիքների եկամուտների 50 տոկոսը վճարվում է կոմունալ ծախսերի համար՝ ՀԾԿՀ որոշումներով: «Ամեն ամսվա 15-ին յուրաքանչյուր ընտանիք սթրես է ապրում, երբ ստանում է հոսանքի ու գազի հաշիվները, և ցավն այն է, որ գազի ու հոսանքի մատակարարման բնագավառը ամենակոռումպացվածն են՝ խութերով ու ծածուկ գործարքներով լեցուն»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` ոլորտում շարունակում են չլուծված մնալ ամենակարևոր խնդիրները, որոնք ամեն հայ ընտանիքի հիասթափության պատճառ են դառնում: Արամ Մանուկյանը համարում է, որ թալանի բնագավառ է գազի գործակից կոչվածը, որովհետև սպառողը վճարում է ոչ թե սպառածի համար, այլ տեսուչի սուբյեկտիվ գրած գործակցի համաձայն: Դա էլ, իր հերթին, մեծացնում է ոլորտում կոռուպցիան, երբ գործարքների են գնում տեսուչների հետ:

Պատգամավորին հետաքրքում է` եթե Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնվելուց հետո կորուստները 2-3 տոկոսով նվազել են, իսկ ամեն մի տոկոսը կազմում է 5 միլիարդ դրամ, ուրեմն ինչո՞ւ այդ 15 միլիարդ դրամը չի անդրադառնում էլեկտրաէներգիայի սակագնի նվազման վրա:

«Իմ տեղեկություններով` այդ կորուստները արհեստականորեն նվազեցվել են, որ ցույց տան, թե այնտեղ շարժ կա, ու գործ է արվում, և այդ նվազեցված տոկոսները հավելագրվում են մնացած սպառողների վրա, և մարդիկ բողոքում են, որ անցած ամիսներին նույնչափ վառել են, բայց շատ ավելի են վճարում»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա թվարկեց ոլորտի մի շարք խնդիրներ` եզրակացնելով, որ այդ ամենն առաջացել է քաղաքական անհեռանկար որոշումների արդյունքում, օրինակ՝ Որոտան կասկադի վաճառքը, Հրազդանի հինգերորդ բլոկի գործարքը և այլն, բոլորն էլ վաճառվել են ջրի գնով՝ ուղեկցված մութ գործարքներով: Այդ ամենն անդրադառնում էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Նրա խոսքով՝ վերջին խայտառակ գործարքը՝ 30 միլիարդ դոլարի վարկ վերցնել էր, որի արդյունքում էլ, հավանաբար, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հեռացվեց պաշտոնից: