կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 20:17
Քաղաքական

Վարչապետի ակնարկը իր` մնալ-չմնալու մասին

Վարչապետի ակնարկը իր` մնալ-չմնալու մասին

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ Yerkir.am-ը վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեց գնահատական տալ քարոզարշավի ընթացքին, հետաքրքրվեց, թե այս ընթացքում որեւէ ձեւով մասնակցելո՞ւ է քարոզարշավին, եւ արդյո՞ք նախագահի վերջին մի քանի «սխալները» բացասաբար չեն անդրադառնա նրա վարկանիշի վրա:

 

Վարչապետը նախ հայտարարեց, որ գործադիր իշխանության սուրբ պարտականությունն է ստեղծել հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար, չմիջամտել այդ գործընթացին, ապահովել օբյեկտիվության եւ չեզոքության սկզբունքը: Իսկ ինչ վերաբերում է վարկանիշին, ըստ նրա, այդ հարցերի պատասխանը տալիս են հանրությունը, ԶԼՄ-ները, եւ ճիշտ չէ, որ գործադիր մարմնի ղեկավարը գնահատական տա, թե ում վարկանիշն է բարձրանում, ումը` իջնում:

 

Դիտարմանը, թե որքանով է ճիշտ, երբ երկրի առաջին դեմքն օգտագործում է «խիար» բառը, վարչապետը հայտարարեց, որ դա տասներորդական հարց է եւ պետք չէ մատի փաթաթան դարձնել:

 

Հարցին, թե ընտրություններից հետո ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կոալիցիա կհրավիրի՞, վարչապետը պատասխանեց, որ ՀՀԿ-ն մշտապես հանդես է եկել այն տեսակետով, որ իրենք ստեղծում են այնպիսի միջավայր, որ համագործակցության համար լինի ամուր հիմք:

 

«Եթե մեր գործընկերները կկայացնեն որոշում, որ ցանկանում են վերադառնալ կոալիցիա, բնականաբար, ՀՀԿ-ն այդ հարցը կքննարկի»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

 

Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին նաեւ, թե արդյո՞ք վարչապետ կմնա, ինչին ի պատասխան` Տիգրան Սարգսյանն առաջարկեց սպասել եւս մի քիչ եւ ամեն ինչ պարզ կլինի: «5 տարի դիմացել եք, մի քանի ամիս էլ կդիմանաք»,- հայտարարեց նա:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե, մասնավորապես, ո՞րն է հարցի վերաբերյալ իր անձնական կարծիքը, Տիգրան Սարգսյանը ի պատասխան վստահեցրեց, որ ՀՀ քաղաքական դաշտի կարեւորագույն հարցը չէ դա: