Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում, ուր ընթանում էր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը, «Եվրանեսթ»-ի համանախագահներից մեկը՝ Հայդի Հաուտալան, հարց ուղղեց հայ պատգամավորներին:
«Ես որքան շատ եմ տեղեկանում ԵՏՄ-ից, այնքան շատ եմ համոզվում, որ ԵՏՄ-ն ունի ներքին խնդիրներ ու խոչընդոտներ: Ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք ԵՏՄ-ն իրական միություն կլինի, արդյո՞ք հնարավոր կլինի այդ միության ներսում ապրանքների ստանդարտների համաձայնեցում կատարել, որովհետև դա շատ դժվար կլինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի պատճառով: Արդյո՞ք այդ միությունը բավարարել է ձեր ակնկալիքները, արդյո՞ք արդյունքները դրական են՝ հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, նավթի գների անկումը: Շատ կուզենայի ձեզանից ստանալ այս հարցերի պատասխանները»,- ասաց Հայդի Հաուտալան:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ ԵՏՄ սցենարը տեսականորեն լավն է, բայց պրակտիկ կյանքում այն չի աշխատի, և որ Հայաստանն ու ԵՄ-ն պետք է շարունակեն նոր համագործակցության ուղիներ փնտրել:
«Եթե ձեր կողմից ճկունություն լինի, այդ համագործակցությունը կկայանա, որովհետև եթե մի երկրի պարագայում կարողանում եք դրսևորել այդ ճկունությունը, օրինակ՝ Ուկրաինայի պարագայում, ապա լավ կլինի, որ մնացած երկրների պարագայում էլ այդպես վարվեիք: Չէ՞ որ Հայաստանը առաջին օրից էլ պատրաստ է եղել ստորագրել Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը, բայց դուք Հայաստանի նկատմամբ մի մոտեցում ցուցաբերեցիք, Ուկաինայի դեպքում՝ այլ»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Պատգամավորի այս ելույթին արձագանքեց ԵՄ եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը: «Մենք չենք առաջարկում ձեզ, որ փորձադաշտ հանդիսանաք, մենք առաջարկում ենք նույն համաձայնագիրը, ինչը բոլոր երկրներին ենք նախկինում առաջարկել: Սուվերեն ընտրություն էր Հայաստանի ընտրությունը, թե` ոչ, մենք այդ ընտրությունը հարգում ենք: Մենք հիմա պարզապես առաջարկում ենք լրացնել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցումը` որպես ի հավելումն: Նույն բանը մենք առաջարկել ենք ԵՏՄ անդամ Ղազախստանին:
Մենք չենք ցանկանում կրճատել կամ ընդհատել մեր համագործակցությունը Հայաստանի հետ: Մենք ցավում ենք, բայց հարգում ենք Հայաստանի կատարած ընտրությունը: Ցավում ենք, որովհետև այդքան տարի աշխատել ենք միմյանց հետ, վարել բանակցություններ: Մենք համարում ենք, որ ձեզ լավ բան ենք առաջարկում, հակառակ դեպքում` չէինք առաջարկի:
Նկատենք, որ այս ամենին զուգահեռ Պուտինը գնում է Բաքու և ստորագրում չորս միլիարդանոց համաձայնագիր Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Այսինքն` կան մի շարք հանգամանքներ, որոնք լույս սփռեցին նրա վրա, թե դուք ինչու նման որոշում կայացրեցիք»,- ասաց Մարտինսը՝ հավելելով, որ իրենց առաջարկը ուղղված է միմիայն հայերի բարեկեցությանը:
Նաև արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ասելով, որ Հայաստանը չի կարող հարաբերությունները զարգացնել որևէ երկրի հետ՝ ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների վնասման:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ պետք չէ դրամատիզացնել իրավիճակը: «Ե'վ Հայաստանը, և' Եվրոպան հազարամյա փորձառություն ունեն, և երկու-երեք տարին ավազի հատիկ են: Այսօր ունենք լավ հնարավորություն` շարունակելու համագործակցությունը և գտնելու իրավական այն հիմքը, որով կաշխատենք ԵՄ հետ: Ժամանակը ամենամեծ դատավորն է, մի քիչ ավելի փիլիսոփայորեն նայենք նման հարցերին»,- ասաց նա: