Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր երկու ժամով տուն է գնացել, լողացել եւ վերադարձել ԳԱԱ շենքի մոտ` շարունակելու հացադուլը: Yerkir.am-ը Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք ընտանիքի անդամները չեն փորձել տանը համոզել, որ դադարեցնի հացադուլը:
«Ոչ, բնականաբար, որոշումը դեռեւս հունվարի 20-ին էր ընդունված, ընտանիքիս անդամները գիտեն, որ մինչեւ վերջ եմ գնալու եւ, բնականաբար, անգամ համոզելու նման խոսակցություն չէր կարող գնալ»,- հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը եւ ընդգծեց, որ ընտանիքի բոլոր անդամները համամիտ են իր որոշման հետ, համախոհ են, ուստի չեն էլ մտածել, որ պետք է համոզեն` հետ կանգնել հացադուլից:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ տանը եղած 2 ժամերը բավական արագ են անցել, անգամ չի էլ նկատել: Մեր այն դիտարկմանը, որ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը` հայտարարելով, որ աղջկա ծննդյան օրն է, Ղուկասյանը ժպտալով հայտարարեց. «Իմ աղջկա ծնունդը մայիսին է»:
Հարցին, թե ի՞նչ է անելու հետագայում, նախագահի թեկնածուն նշեց, որ նախաձեռնելու է քաղաքացիական շարժում եւ փորձելու է ձեւավորել նոր քաղաքական սուբյեկտ: Նախագահի թեկնածուն անհրաժեշտ է համարում, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Դիտարկմանը, թե` կհաջողվի՞ ժողովրդին տանել, առաջնորդել, Ղուկասյանը պատասխանեց, որ դա աշխատանք է, որը պետք է կատարել:
Նախագահի թեկնածուն վստահեցրեց, որ երբեք չի զղջա իր արածի համար: