Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ նախագահի 8 թեկնածուներին ԿԸՀ-ն 48 ժամ է տվել ընտրագրավը մուծելու համար, նախագահի թեկնածու, «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը, ընտրագրավն արդեն մուծած, հանգիստ սպասում է պաշտոնական քարոզարշավի մեկնարկին: Նա նախագահի այն 7 թեկնածուներից է, ով ճիշտ ժամկետներում տեղավորվել եւ մուծել է անհրաժեշտ 8 մլն դրամը:
Որտեղի՞ց նախագահի թեկնածուին այդ գումարը, երբ իր իսկ ղեկավարած ռադիոյի լրատվական բաժինը, լրագրողական հանրության տեղեկություններով, փակվեց հենց ֆինանսական խնդիրների պատճառով: Yerkir.am-ի հետ զրույցում Ղուկասյանն, իհարկե, հերքեց լրագրողական դաշտում տարածված լուրը, բայց մեզ հուզող հարցերին, այդուհանդերձ, պատասխանեց:
«Մեր լրատվական բաժինը փակվել էր, որովհետեւ մրցունակ չէր «Ռադիո Հայի» կողմից վերահեռարձակվող «Ազատություն» ռադիոկայանի տեղեկատվական պրոդուկտների հետ, ուստի չէր արդարացնում այն ներդրումները, որոնք ընկերությունը անում էր սեփական լրատվական արտադրանքի ուղղությամբ։ Բացի այդ` լրատվական բաժնի կարեւորագույն աշխատողներից մեկը՝ Արաքս Պողոսյանը, որոշում կայացրեց անմիջականորեն մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներում։ Այսինքն` խախտվեց անկախ լրատվական միջոցի գլխավոր կանոններից մեկը։ Հաշվի առնելով նաեւ, որ կարեւոր ենք համարում ապահովել «Ռադիո Հայի» ավանդական չեզոք դիրքը նաեւ գալիք ընտրություններում, որոշեցինք ժամանակավոր դադարեցնել լրատվական բաժնի աշխատանքը մինչեւ ընտրական գործընթացների ավարտը»,- մեզ հետ զրույցում հայտարարեց նախագահի թեկնածուն եւ վստահեցրեց նաեւ, որ «Ռադիո Հայ» ընկերությունը շահութաբեր ձեռնարկություն է եւ ունի երկու տասնյակ ռադիոկայաններ Հայաստանում ու Արցախում:
Իսկ 8 մլն դրամ ընտրագրավը, ինչպես պարզվեց մեր զրույցում, նախագահի թեկնածուի եւ նրա ընտանիքի ձեռնարկատիրական գործունեության` մոտ մեկ տարվա ընթացքում կուտակված արդյունքն է։
Անդրիաս Ղուկասյանը պատասխանել է մեր թղթակցի մի քանի այլ հարցերին եւս:
-Պարո'ն Ղուկասյան, պարզ հարց` ինչո՞ւ առաջադրվեցիք նախագահի թեկնածու:
-Ես համաձայն չեմ Հայաստանում գոյություն ունեցող իրականության հետ եւ գտնում եմ, որ պետք է դրսեւորենք համարձակություն` այն փոխելու համար։
-Եվ ո՞վ է Ձեր հիմնական մրցակիցն այս ընտրություններում:
-Իմ մրցակիցը քրեաօլիգարխիկ համակարգն է իր բոլոր բաղադրիչներով՝ ընտրակաշառք բաժանող կուսակցություններով, կոռումպացված չինովնիկներով, կեղծ ընդդիմադիրներով, հանրությանը բթացնող ԶԼՄ-ներով եւ մոլորություններ ստեղծող լրագրողներով։ Գտնում եմ, որ այդ մարդկային տգիտության վրա հիմնված համակարգը իր դարն արդեն ապրել է եւ այսօր դարձել է վտանգավոր մեր ազգային անվտանգության համար։ Որպեսզի ձեւավորենք ժամանակակից հանրություն եւ երաշխիքներ ստեղծենք անվտանգ ապագայի գամար, պիտի հաղթահարենք այդ համակարգը։
-Իրո՞ք իրատեսական եք համարում Ձեր հաղթանակը, չե՞ք կարծում, որ այն ռոմանտիկայի ժանրից է:
-Իրատեսական եմ համարում քրեաօլիգարխիկ համակարգի վախճանը այս ընտրություններում։ Իմ եւ բոլորիս հաղթանակը կհամարեմ այդ համակարգի վերացումը Հայաստանում։ Չեմ գտնում, որ դա ռոմանտիկայի ժանրից է, որովհետեւ խոսքը գնում է մեր երկրի անկախության լինել-չլինելու մասին։ Եթե հանրությունը չվերացնի քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում, ապա այդ նույն համակարգը կվերացնի մեր երկրի անկախությունը՝ վաճառելով դա կա՛մ Եվրամիությանը, կա՛մ Ռուսաստանին։
-Կարելի է իմանալ, թե Ձեր ո՞ր արժանիքի համար ՀՀ քաղաքացին պետք է ընտրի հենց Ձեզ:
-Ես իմ հայացքներով հարում եմ սոցիալ-դեմոկրատիային, եւ ինձ ընտրողը լինելու է այն աշխատավոր մարդը, ում բարեկեցությունը կախված է իր աշխատանքի արդար վարձատրությունից։ Այսօր այդ մարդկանց սահմանադրական իրավունքը ոտնահարված է: Ես նպատակ ունեմ շտկել այդ իրադրությունը։
-Լավ, հետաքրքիր է իմանալ, թե որո՞նք են լինելու Ձեր առաջին 3 քայլերը` նախագահ ընտրվելու դեպքում:
-1. Քաղաքացիական, ոչ կուսակցական Սահմանադիր ժողովի գումարում` նոր Սահմանադրություն մշակելու համար։ 2. Ժողովրդի վստահության վրա հենված կառավարության ձեւավորում։ 3. Կրիմինալ օլիգարխիայի վերահսկողության տակ գտնվող կուսակցությունների լուծարում։
Ի դեպ նախագահի թեկնածուն առաջարկում է իր ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելել www.andrias.am կայք:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը