կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-04 23:10
Հասարակություն

''ԷԿՈսցենար-2013''

''ԷԿՈսցենար-2013''

Սկսենք փոքր թվաբանությամբ` 2013 թվական, 20-ից հանենք 13, կստացվի 7, կանխատեսումներ:

 

Եվ այսպես` այս տարի բնապահպանության ոլորտում 7 կարեւոր իրադարձություն կլինի`

 

1. Առնվազն 2 ամիս հետո կձեւավորվի նոր կառավարությունը, իսկ կառավարության նոր կազմում բնապահպանության նախարարությունը դարձյալ կղեկավարի ՀՀԿ-ական, բայց դարձյալ` ոլորտից շատ հեռու մեկը: 6 տարի բնապահպանության նախարարի պորտֆելն ամուր գրկած Արամ Հարությունյանը տխուր, բայց «բաց ճակատով» կասի. «Դե ես շատ կցանկանայի շարունակել ղեկավարել ոլորտը: Այնքան շատ բան կա դեռ անելու»: Թեեւ դեռ ոլորտի կադրային խաղաքարտը դրված չէ սեղանին, սակայն պարզ է, որ նա լքի նախարարությունը, իսկ նրա հետեւից նախարարությունից կսկսվի նախարարի համերկրացիների առնետավազքը. բոլորին է հայտնի, որ բնապահպանության նախարարությունը անվանափոխվել է Made in Yeghvard-ի:

 

2. Արամ Հարությունյանի վերջին որոշումներից մեկը կլինի այն, որ մրցույթ կհայտարարվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար, եւ հավանական է, որ նա անգամ հասցնի քննություն վերցնել թեկնածուներից: Չար լեզուներն ասում են, որ ներկայիս նախարարը ամենահավանական թեկնածու է համարում արգելոցի տնօրենի ժ/պ Հրաչիկ Հովակիմյանին, ով իրեն «հռչակել» է լավագույն թեկնածու` ամեն տեղ բարձրաձայնելով, որ իբր ինքը ՀԱՅԱՆՏԱՌ-ի ամենալավ տնօրենն է եղել: Բայց այդ պաշտոնից հեռանալուց հետո այնքան էլ երկար ժամանակ չի անցել, եւ բոլորն են հիշում, թե այդ տարիներին ինչպես են մսխվել անտառի բարիքները՝ շինափայտից  մինչեւ պետական բյուջեից դուրս գրված գումարներ:

 

3. Նորանշանակ բնապահպանության նախարար X. Y-յանը նշանակվելուց անմիջապես հետո «բացահայտումներ» կանի իր ղեկավարած գերատեսչությունում եւ այնքան կզայրանա նախորդի վրա, որ «բացահայտումները» կհայտնվեն որոշ մարդկանց ուշադրության կենտրոնում... Ենթադրությունները թողնում եմ ընթերցողներին:

 

4. 2013 թվականը կառանձնանա նրանով, որ բնապահպան ակտիվիստները տարբեր ճակատներով «հարձակումներ» կսկսեն Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում: Երեւանը նույնպես «հարձակումից» չի խուսափի, քանի որ կառավարական որոշումները հուշում են, որ առաջիկայում Երեւանում իրականացվելու են մի շարք ծրագրեր, որոնք վնաս են հասցնելու մայրաքաղաքի շրջակա միջավայրին, օդային ավազանին, նաեւ կենսաբազմազանությունը:

 

5. 2012 թվականը ցույց տվեց, որ բնապահպանական բոլոր ակտիվ խմբերը միավորվելով են փորձել լուծել ծագած խնդիրները: Նոր տարում միասնական պայքարը կանխելու համար որոշ ուժեր այնպես կանեն, որ պառակտում լինի բնապահպան ակտիվիստների խմբերում: Ընդ որում` դա նրանց կհաջողվի:

 

6. Բնապահպանության նախարարությունը «կազատվի» որոշ գործառույթներից, եթե ՀՀ նորանշանակ նախագահը որոշի, որ ներկայիս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը լուծարվում է եւ ձեւավորվում են երկու առանձին նախարարություններ. բնապահպանության նախարարությունից տարանջատված որոշ բաժիններ անմիջապես կընդգրկվեն նորաստեղծ` բնական պաշարների նախարարության մեջ:

 

7. Այս տարի դատարանները նույնպես կստանան բնապահպանությանը վերաբերվող մի շարք հայցեր, սակայն դրանք չեն բավարարվի կամ վերջնական վճիռը կկայացվի ոչ հօգուտ հայցվորի: Մամուլն այս տարի նույնպես շատ կգրի բնապահպանության ոլորտի մասին:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ