Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարագվայի նախագահի թեկնածու Լինո Ավիեդոն ավիավթարի զոհ է դարձել: 69-ամյա քաղաքական գործիչը, ավարտելով իր նախընտրական քարոզարշավը Կոնսեպսիոն քաղաքում, ինքնաթիռով վերադառնում էր տուն: Սակայն ինքնաթիռն անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել մայրաքաղաք Ասունսիոնից 500 կմ հեռու: Ավիեդոյից բացի, զոհվել են նաեւ նրա թիկնապահը եւ օդաչուն:
Տեսնես ո՞ւմ էր դա ամենաշատը ձեռնտու: Իշխանության ներկայացուցիչները, ովքեր եղել են վթարված ինքնաթիռի բեկորների թափման վայրում, շտապել են հայտարարել, որ դա ամենաքիչը իշխանություններին էր պետք: Թեև ինքնաթիռի սև արկղերը դեռ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ, պարագվայցի քրեագետները հակված են մտածել, որ սա հաստատ մահափորձ է եղել, և կազմակերպիչներին հաջողվել է մինչև վերջ իրականացնել: Նախագահի մյուս թեկնածուները, որը մեկ օրով, որը՝ մեկուկես, դադարեցրել են իրենց ընտրարշավն` ի նշան հարգանքի: Զոհված թեկնածուի հարազատներն ու բարեկամները միաբերան պնդում են, որ Ավիեդոն թշնամիներ չուներ, իսկ մյուս թեկնածուներից ոչ մեկին չեն կասկածում ավիավթարի կազմակերպման մեջ:
Ավիավթարի հաջորդ օրը Պարագվայում թերթերը լույս են տեսել «Ոտնձգություն Պարագվայի պետականության դեմ», «Վտանգվել է Պարագվայի պետականությունը», «Ավիավթարի է ենթարկվել ոչ թե Ավիեդոն, այլ Պարագվայի պետականությունը» մեծադիր վերնագրերով:
Հարց է առաջանում: Ասա, այ Ավիեդո, տարիքդ առած մարդ ես, 69 տարեկան, քո՞ ինչ գործ՝ զբաղվել պոլիտիկա, որ մի բան էլ վտանգես երկրիդ պետականությունը: Նորմալ մարդիկ 68-ից աջ են քաշում, իսկ սրանց որ թողնես՝ նորից կպսակվեն... Ոչ մի պատասխանատվություն: Թու, թու, թու, բայց մեր Պարույրն արդեն լավ է: Օգտվելով հանգամանքից, որ հանգստյան օրերին հիվանդանոցներում, սովորաբար, համարյա բժիշկ չի լինում, մեր թեկնածուն մոտ մեկ ժամով լքել է վերջին օրերի ՀՀ թիվ մեկ պալատը և կարճատև այց կատարել Դավթաշեն համայնք: Սեփական առանձնատան աստիճանների վրա փորձելով ուժերը՝ Հայրիկյանը վերադարձել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կողմից իրեն հատկացված ապարտամենտները: Փառքդ շատ, տեր Աստված, այդ ճանապարհորդության ընթացքում մեր պետականության հետ ոչինչ տեղի չի ունեցել:
Հանգստյան օրերին, սակայն, լրիվ ռեժիմով աշխատում էին սոցիոլոգները: Դեռ շաբաթ օրն ամենահաս սոցիոմետր Ադիբեկյանը նախազգուշացրեց, որ եթե Հայրիկյանը մի քիչ երկար ախուվախ քաշի, նրա «ղսմաթը» ձեռքից կգնա: Սենսացիան մեկ շաբաթ է ապրում, ասաց Ադիբեկյանը և Հայրիկյանին խորհուրդ տվեց շարունակել քարոզարշավը, քանի դեռ իր ռեյտինգը աճ է գրանցում:
Մեր երկրում Ադիբեկյանից առաջ խորհուրդներ տալիս է մեկ էլ Գալուստ Սահակյանը: Այս մարդը խորհուրդ տալու մենաշնորհ ունի, կարծես: Հայրիկյանը դեռ չի որոշոլ դիմե՞լ ՍԴ, թե՞ չդիմել, իսկ Գալուստ Գրիգորիչը, իբր սովորական կարծիք է հայտնում, հայտարարում է, որ Պարույրը չի դիմի, Պարույրն էդ տղեն չի:
Թեկնածուներից այս օրերին իրեն ամենավատը պահեց հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանը: Նա մի նամակ է գրել Պարույր Հայրիկյանին, որով վերջինիս հորդորել է այնպես անել, որ նոր ընտրություններ նշանակվեն, և այդ ընտրություններում չառաջադրվի գործող նախագահը: Այդ դեպքում ես կդադարեցնեմ հացադուլը՝ նամակը եզրափակել է Անդրիասը: Այս երիտասարդը, կարծես, ի հեճուկս Գալուստ Սահակյանի է առաջադրվել: Անընդհատ բզբզում է մեր պետականությունը:
Իսկ էպոսագետ Վարդան Ղուկասյանն էլ արդեն քանի օր է իշխանություններին է մեղադրում, թե ինչո՞ւ այդ Հայրիկյանին պատգամավոր չդարձրեցիք, որ վերջանար գնար: Դուք էլ այսօր ստիպված չէիք լինի ողբ անել, թե այս ո՞ւմ են խփել, մեր պետականության ակունքներում կանգնած մարդուն են խփել, բոլորիս են խփել... Եվ, իրոք, եթե Սերժ Սարգսյանը քաղաքական խլամի վառ ներկայացուցիչներից մեկի փոխարեն ԱԺ տարած լիներ Հայրիկյանին, այսօր մեր պետականությունը չէր վտանգվի, իսկ մեզ էլ ուսից չէին խփի:
Այս պահին Հայոց մայրաքաղաքի վրա բացվել է նախագահական քարոզարշավի 14-րդ առավոտը: Մեր պետականության բախտը դեռ Պարույր Հայրիկյանի ձեռքերում է: Կդիմի՞ դատարան, քանի՞ օրով կհետաձգի, թե՞ ընդհանրապես չեղյալ կանի այս հրաշալի սկսված և հանգիստ առաջ գնացող նախընտրական գործընթացը, որ սպառնում է վերջանալ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով: Սպասումը դառնում է անտանելի: Ինչ որ է: Հայրիկյանից կամ ՍԴ-ից լուր լինելուն պես կտեղեկացնենք: Ասենք միայն, որ հանցագործի ֆոտոռոբոտը կա, և գործի բացահայտման աշխատանքները տաք հետքով շարունակվում են:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ