կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 16:49
Հասարակություն

Միտքը վառ են պահում, երբ ուրախանալու սիրտ կա, դուք ուրախանալու սիրտ տվեք

Միտքը վառ են պահում, երբ ուրախանալու սիրտ կա, դուք ուրախանալու սիրտ տվեք

Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները հրապարակել են, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում Քաղաքացու օրը: «Միտքդ վա՛ռ պահիր» խորագիրն ընտրած իշխանությունները, թվում էր, այնպիսի ոգեցունց միջոցառումներ են իրականացնելու, որ հոգիներս փառավորվի, քաղաքացիներն էլ իրենց երկրի թիվ մեկ դեմքը զգան:

Քննարկումներ, հանդիպումներ, ներկայացումներ, ծառատունկ, ցուցադրություն և, իհարկե, ավանդական եզրափակիչ հրավառություն ` գմփ-գմփ-հու: Նորեկները, կարծես, ալարել են նորմալ բան մտածել կամ չեն կարողացել դիմել համապատասխան մարդկանց, որ հուշեն` ինչպես տարբերվել նախկիններից, ու «քոփի-փեսթ» են արել Երևանի օրվա տոնակատարությունների ցանկը:

Ամենազավեշտալին «քննարկումներն են» այս կամ այն համայնքի ուսումնական հաստատություններում կամ հրապարակներում: Նման քննարկումները, հարգելի' նորկեներ, հատկապես փոքր համայնքներում ամեն օր էլ լինում են` առանց բյուջեից 250 հազար դոլար հատկացնելու: Մարդիկ թե՛ իրենց ընտանիքների, թե՛ մեր երկրի, թե՛ Երկիր մոլորակի դարդուցավերով այնպիսի քննարկումներ են ունենում, որ գործադիրի ու օրենդիրի ներկայացուցիչները չեն էլ կարող պատկերացնել:

Միտքը վառ են պահում վառ գաղափարներով, մարդուն որպես անհատականություն, քաղաքացի, որոշում կայացնող դաստիարակելով ու ընկալելով: Միտքը վառ պահելու համար երկրի «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացուն չեն ստիպում վարչապետին տեսնելուն պես ձգվել, հակառակ դեպքում` դիմում գրել ու հեռանալ: Հետո էլ արդարանում են, թե` «է, թող դիմում չգրեր »: Հասկանո՞ւմ եք, երկրի վարչապետի խոսքը լուրջ ընդունած պետական ծառայողին երկրի թիվ մեկ դեմքն անուղղակի տեքստով ասում է` իմ ասածը պետք չէր լուրջ ընդունել:

Միտքը վառ են պահում` քաղաքացիների համար սոցիալապես ապահով կյանք ապահովելով. կեցությունն է որոշում գիտակցությունը: Միտքը վառ են պահում` սահման պահող ու քաղաքի կենտրոնում բնակվող երեխաների համար գրեթե նույն պայմաններն ապահովելով: Միտքը վառ են պահում` հանուն երկրի բարօրության, զարգացման ու թռիչքաձև աճի` պետական պարգևավճարներից հրաժարվելով ու հզոր պետություն ունենալու սուրբ գաղափարն ուղեղի մի անկյունում  շարունակ փայփայելով: Միտքը վառ են պահում, երբ այն մերժում է խորոված անելու համար փողոց փակելու համառությունը, հասարակությունը մերոնքականների ու ձերոնքականների բաժանելու մոլուցքը: Միտքը վառ են պահում, երբ ուրախանալու սիրտ կա, դուք ուրախանալու սիրտ տվեք մարդկանց:

Վրույր Սևակ