կարևոր
403 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-25 14:42
Հասարակություն

Մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, պետությունը ամեն սպանություն չի կարող կանխել, հանեք վարդագույն ակնոցները․ Սրբուհի Գալյանը՝ Մերձավանի ողբերգության մասին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով Մերձավանում Փարաքարի համայնքապետի սպանության դեպքին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի մասնակցել կառավարությունում տեղի ունեցած քննարկմանը, բայց ՆԳՆ-ն սկսել է ակտիվ աշխատանքը, որ, ի վերջո, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել։

Գալյանը կոչ արեց սպասել այնքան, որքան անհրաժեշտ է, որ արդյունքներ տեսնենք։

Դիտարկմանը, որ ֆեյսբուքյան գրառում կատարողին անմիջապես հայտնաբերում են, բայց սպանություն կատարած անձը չի հայտնաբերվում՝ Գալյանն արձագանքեց․ «Այսինքն՝ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանքեր չգործադրվե՞լ։ Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում չի կարող իրականացվել՝ հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը»։ 

Հարցին՝ եթե իրավապահ համակարգն իր տեղում լիներ՝ հնարավոր կլինե՞ր կանխել ողբերգությունը՝ նախարարն ասաց, թե այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը։

«Գուցեև հնարավոր էր, գուցեև հնարավոր չէր։ Ցավոք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել ու դա ամբողջ աշխարհում է, ոչ միայն Հայաստանում»,- հայտարարեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։