կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-04 10:30
Առանց Կատեգորիա

''Վարպետ'' Հակոբ

''Վարպետ'' Հակոբ

Ամեն անգամ Հին թաղ իջնելիս` անկախ ինձանից կանգ եմ առնում արդեն դատարկ ու ամայի մի փոքրիկ տարածքի առաջ ու մտքով վերականգնում կողք կողքի, գրեթե միմյանց սոսնձված հալեպցի կոշկակար Վարպետ Մխոյի (Մխիթարի)արհեստանոցն ու բուլղարացի Հակոբի վարսավիրանոցը: Այդ դատարկ ու ամայի տարածքից ես դեռ առնում եմ վարսավիրանոցի յուրահատուկ բույրն ու լսում Վարպետ Մխոյի արհեստանոցից դուրս թափվող՝ կոշկատակեր նորոգող մուրճի ձայնը՝թը՛խկ, թը՛խկ, թըխկ-թը՛խկ… Վարպետ Մխոն բերանի մի անկյունում փոքրիկ մեխեր էր պահում, հետո հատ-հատ հանում, սեղմում նորոգվող կոշկատակին ու մուրճի ստուգողական հարվածներով անցնում էր բոլոր մեխերի վրայով, հետո ձեռքով ներսից շոշափում՝ կարգի՞ն է ամեն ինչ, ու բարի ժպիտով՝ պատվիրատուին ասում. «Աղվոր է, բարով մաշես»:

 

Ասում են՝ Վարպետ Մխոն մեկ-մեկ մոռանում էր բերանի անկյունում մնացած մեխն ու հացի կամ ջրի հետ կուլ տալիս… Մի օր հաճախորդներից մեկը հարցրել էր.

 

- Քանի՞ մեխ ես կուլ տվել, Վարպետ Մխո:

 

- Հակոբին հարցրե՞լ ես՝ ինչքան մազ է կըլլել,-հարցին հարցով պատասխանել էր վարպետն ու շարունակել,- ամեն մարդ իր արհեստեն քիչ մը «կգողնա». վարսավիրը առանց մազ կըլլելու չի մնար, կոշկակարը՝ առանց մեխ, մեղր քամողն ալ՝ առանց մատը լիզելու…

 

Վարպետ Մխոն այնքան բարեխիղճ ու մանրակրկիտ էր վերանորոգում հին, մաշված, գործածելու համար գրեթե անպետք կոշիկները, որ նույնիսկ զայրացրել էր վարսավիր Հակոբին. - Այդչափ նրբազգաց նորոգելով ո՞ւր պիտի հասնես…

 Վարսավիրը «նրբազգաց» բառը հատուկ շեշտով ու քամահրանքով էր ասել:

- Քո հասկնալիքը չէ, գնա՛ թրաշդ ըրե…

 Հակոբը Վարպետ Մխոյի պատասխանից ավելի էր բորբոքվել.

- Է՞, ըրածդ փինե (վերանորոգում) չէ՞…

-Փինե է, բայց ինձ փինաչի Մխո չեն ասում, Վարպետ Մխո են ասում: Քեզի վարպետ  ըսող կա՞:

 

Հակոբը մի պահ լռել է. իրոք որ, իրեն՝ «վարպետ Հակոբ»՝ չեն դիմել, չի հիշում…

 

-  «Վարպետը» փոր կկշտացնե՞… Ես իմ թրաշը կընեմ. ինչքան ալ իստակ, շուշա թրաշ ընեմ, հաճախորդս երեք-չորս օրեն նորեն քովս է, քո փինած կոշիկը տարի մը ետք քովդ գա-չգա, ով գիտե…                                  

- Ականջիդ օղ ըրե՛, Հակո՛բ. ես փինաչի չե՛մ, ես Վարպետ մարդ եմ…

 

Վարպետ Մխոյի ձայնի մեջ արդեն ուրիշ երանգ կար, ու վարսավիր Հակոբը հասկացել էր՝ վերջ, չպիտի շարունակվի վեճը…ու որպես հաշտության, ավելի շուտ՝ հնազանդության նշան՝ գլուխը դեմ էր անելու Վարպետ Մխոյին՝ ասելով.

 

- Հատ մը զարկի՛ր, հանգստացիր…

- Մուրճս ափսոս է, Հակոբ, գնա՛, գնա թրաշդ ըրե՛. հաճախորդդ կըսպասե…

 

Ասում են՝ մի օր, հերթական հաճախորդին սափրելուց հետո Հակոբը շշուկով դիմել էր նրան.

 

- Քեզմե փարա չեմ առներ, միայն երբ դուրս ելաս, բարձր ձայնով ըսե՝ վարպետ Հակոբ, շնորհակալ եմ: Այնպես կըսես, որ Մխոն լսե:

-Վարպետ Մխո՞ն…

-Հա՛, Մխոն:

-Վարպետ Մխո՞ն,- նորից հարցրել էր հաճախորդը:

- Հա՛, հա՛, հենց Վարպետ Մխոն:

- Ի՞նչ կա, ինչի՞ համար:

- Հե՛չ, կուզեմ, որ ինձի ալ «վարպետ» ըսեն:

 

Հաճախորդը ծիծաղել է ու դրամը դնելով Հակոբի ճերմակ խալաթի գրպանը՝ ասել.

-Վա՜յ, Հակո՛բ, վա՜յ…Անունդ դրամը չառնելո՞վ պիտի շենցնես…

-Վա՜յ, Հակո՛բ, վա՜յ…

 

Սպարտակ Ղարաբաղցյան