Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք գործ ունենք խճճողների մեծ վարպետների հետ: Ձեր մտահոգությունները մեր մտահոգությունները չեն»,- ԱԺ նիստում դիմելով խորհրդարանական ընդդիմությանը` ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գազամատակարարման ոլորտի խնդիրները ուսունասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին խոսելիս:
Նա նշեց, որ իր կողմից հարգված չորս քաղաքական ուժերը ներկայացրել էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ, ինքն էլ իր կողմից ասել էր, որ անդրադառնալու է այդ հարցին: Այնուհետեւ ԱԺ նախագահը նշեց, որ դիմել է ՀՀ նախագահին, որ Հանրապետական խմբակցությունը հանդես գա առաջարկությամբ՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը օժտված կլինի ավելի լայն լիազորություններով:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության քննադատություններին, մասնավորապես` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե քաղաքական մեծամասնության նպատակն է այս հանձնաժողովի ստեղծմամբ թաղել ճշմարտությունը, Հովիկ Աբրահամյանը նշեց. «Մենք թաղելու վարպետ չենք, թաքցնելու վարպետ չենք, մենք դրա փորձը չունենք: Նախագահն ասել է` եթե կան մարդիկ, որ զբաղվել են ապօրինություններով, պետք է պատասխան տան: Ահա` ինչու ստեղծում ենք այս հանձնաժողովը: Հիմա ինչի՞ եք վարկաբեկում այդ` դեռ չստեղծված հանձնաժողովը: Ինձ մոտ տպավորություն կա, որ հենց դուք չեք ուզում, որ այդ հանձնաժողովը ստեղծվի»:
Նա նշեց, որ քաղաքական մեծամասնությունն ազատ է իր որոշումների մեջ, և եթե հանձնաժողովի աշխատանքների արդյունքում մեղավորներ հայտնաբերվեն, ապա բոլորը ականատես կլինեն, թե ինչպես են այդ մարդիկ պատժվելու: ԱԺ նախագահը հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը որևէ բան կոծկելու նպատակ չունի: Ինչ վերաբերում է նիստերի դռնփակ լինելուն, նա նշեց. «Եթե որոշ մարդիկ ուզում են գան ու այդտեղ դեմագոգիայով զբաղվեն, անձամբ ես դեմ եմ դրան: Այս հանձնաժողովը պետք է լինի լուրջ լծակ՝ հայտնաբերելու ապօրինի գործող մարդկանց ու պատժելու նրանց: Մենք պարտավոր ենք վեր հանել ու հանրությանը ներկայացնել հենց հանրությանը հուզող հարցերը, և ապագայում էլ դուք ականատեսը կլինեք շատ ու շատ հանձնաժողովների ստեղծման: Ուզում եմ պարբերաբար բռնկվող գործընկերներիս ասել, որ հանդարտ լինեն, հանդարտությունը լավ բան է, բոլորս էլ կարող ենք բռնկվել: Հիշեք հորդառատ անձրևը շուտ է կտրվում»:
ԱԺ նախագահը վերջում նշեց, որ քաղաքական մեծամասնությունը լուրջ է տրամադրված, ուստի հանձնաժողովը կկայանա ու կտա հանրությանը հուզող կարևոր հարցերի պատասխանները: