կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 12:52
Հասարակություն

Բաց նամակ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Yerkir.am-ը Դալմայի այգիների հողօգտագործողներից բաց նամակ է ստացել` ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: 


Պարոն նախագահ, տասնամյակից ավելի ձգվում է մեր' Դալմայի այգիների հողօգտագործողներիս խնդիրը: Մեր հիմնական խնդրանքն է, որպեսզի մեր հարցի նկատմամբ կայացվի պետական, համակարգված, միասնական, վերջնական և արժանապատիվ որոշում, ինչպես քաղաքի այլ տարածքների դեպքում, այլ ոչ թե մեր փոխհատուցման հարցը թողնվի գնորդի «բարի կամքին»: Մենք ցանկանում ենք, ՀՀ օրենսդրության համաձայն, ճանաչել սեփականության մեր իրավունքը մեր հողամասերի նկատմամբ կամ տրամադրել արժանի փոխհատուցում' Երևանում հողամասի կամ դրան համարժեք գումարի տեսքով: 

 

Այն, որ ժամանակին գործադիր իշխանությունն անօրինական գործողություններ է իրականացրել մեր նկատմամբ' ապօրինի խլելով մեր տնօրինած գույքը, այժմ ընդունում են բոլորը: Անգամ միջազգային կազմակերպությունները /մասնավորապես' ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով հանձնաժողովը/ ՀԱՍՏԱՏԵԼ են, որ ՀՀ կառավարությունն իր որոշումները' Դալմայի այգիների վերաբերյալ կայացրել է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ խախտմամբ: Այդուհանդերձ, մինչ օրս մենք չենք ստացել փոխհատուցում խլած գույքի դիմաց, այնպես, ինչպես ժամանակին չէին գրանցում մեր սեփականության իրավունքը, կայացվում էին օրենքի հետ որևէ առնչություն չունեցող դատական վճիռներ կամ էլ կազմակերպվում էին գաղտնի «աճուրդներ»' մեզ չտալով գույքի ձեռք բերման առաջնային իրավունք: Այժմ կարծես թե ցանկություն կա որոշ մարդկանց փոխհատուցում տրամադրել, սակայն այդ գործը թողնած է գնորդի «բարի» կամքին, թեև աճուրդները ոչ թե գնորդը, այլ պետական պաշտոնյաներն են իրականացրել: 


Պարոն նախագահ, ամեն շաբաթ մենք գալիս ենք Ձեր նստավայրի մոտ' մեծ հույսերով, սակայն ոչ մի առաջընթաց: Այդ է պատճառը, որ այսօր մենք ստիպված էինք գալ այստեղ' Ձեր նախընտրական հանդիպմանը' անձամբ ասելու, որ մեր խնդիրը լուծված չէ, թեև գուցե Ձեզ հակառակն է ներկայացվում: Մենք մինչ օրս սպասում ենք արժանի փոխհատուցման' խլված գույքի փոխարեն' համարժեք հողամասի կամ գումարի տեսքով:


Մեջբերում ենք մի հատված Ձեր նախընտրական ծրագրից. «Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Վստահեցնում եմ՝ 2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Հաստատուն քայլերով ենք գնալու այդ ճանապարհով, ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ տանող ճանապարհով»:

 

Լինելով Հայաստանի քաղաքացի' մենք եւս ցանկանում ենք մեզ վրա զգալ այդ արդարությունը եվ քայլել դեպի ապահով Հայաստան:

Հարգանքով' Դալմայի այգիների հողօտագործողներ, Երևան, 29.01.13: