կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-09 16:50
Հասարակություն

Մտածե՞լ եք երբևէ, որ կարող է այդ ժամին վիրահատության շտապող բժիշկներ կան. բաց նամակ` Սերժ Սարգսյանին

Մտածե՞լ եք երբևէ, որ կարող է այդ ժամին վիրահատության շտապող բժիշկներ կան. բաց նամակ` Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ

 

Շատ վաղուց էի ուզում Ձեզ դիմել բաց նամակով, սակայն ամեն անգամ զայրույթս անցնում էր, և նամակին գործը չէր հասնում: Ինքս ինձ բարկանում էի, հետո էլ ինքս ինձ հանգստանում: Երեկվա միջադեպից այնքան եմ վրդովվել, որ այս անգամ որոշեցի անպայման Ձեզ բաց նամակով դիմել: Նամակս չի վերաբերում երկրում ստեղծված ծանր սոցիալական պայմաններին, Հայաստանում առկա աղքատության մակարդակին և ոչ էլ շատ ու շատ այլ կարևոր հարցերին, որոնք ինձ ստիպում են մտածել երկիրը լքելու և տղայիս համար ավելի լավ ապագա ստեղծելու մասին: Չեմ էլ պատրաստվում պատմել Ձեզ, թե ոնց ստացվեց, որ իմ ընտանիքի մեծ մասը արդեն լքել են երկիրը և կարելի է ասել մնացել եմ այստեղ գրեթե մենակ:

 

Նամակս այս ամենի ֆոնի վրա շատ զայրացնող մի երևույթի է վերաբերում` Ձեր շարասյան երթևեկը առանց խոչընդոտների կազմակերպելու համար փակվող փողոցներին: Ես հասկանում եմ, որ գուցե ցանկանում եք մեկ րոպե շուտ հասնել Ձեր աշխատավայր, որ երկրի և շարքային ՀՀ քաղաքացիների ծանր սոցիալական վիճակը մեկ րոպե շուտ լավացնեք, բայց Ձեզ հետ զուգահեռ այս երկրում ապրում և արարում են հազարավոր մարդիկ, որոնք նույնպես շտապում են իրենց առօրյա գործերով: Մտածե՞լ եք երբեևէ, որ կարող է այդ ժամին բժիշկներ կան, որոնք շտապում են վիրահատության, մտածե՞լ եք երբևէ, որ գուցե այդ պահին խցանման մեջ հայտնված մեքենաներում կան կանայք, որոնց ծնարան են տանում, մտածե՞լ եք արդյոք, որ գուցե վատ դեպք է պատահել, որևէ մեկի երեխային, և ծնողը շտապում է դեպքի վայր: Օրինակները շատ են: Թողնենք դրանք: Այս ամենն էլ կարելի է երևի հասկանալ… Բայց չեմ կարողանում հասկանալ թե երեկոյան ժամը 20:00-ից հետո, երբ աշխատանքային ժամը ավարտվել է, ինչու են կանգնեցնում Դեմիրճյան փողոցի վրա, երբ Դուք այդ փողոցով պետք է անցնեք: Արդյո՞ք Դուք տեղեկացված եք, որ ամեն անգամ, երբ Դուք անցնում եք Դեմիրճյան փողոցով, վարորդներին ստիպում են կայանել մեքենան, անջատել շարժիչը և դա էլ բավական չէ, հրահանգում են նաև անջատել մեքենայի լույսերը և սպասել, երբ Դուք կանցնեք: Երբևէ նկատե՞լ եք, որ այդ ժամերին Դեմիրճյան փողոցի աջ և ձախ կողմերում կայանած շատ մեքենաներ կան, նրանց մեջ էլ Ձեր շարասյանը զայրացած հայացքով նայող բազում քաղաքացիներ:

 

Երեկ երեկոյան մեքենաս հերթական անգամ ստիպեցին կայանել` Դեմիրճյան փողոցով երթևեկելիս: Մեքենայում իմ ուղևորներից մեկը հղի կին էր, որն իրեն լավ չէր զգում: ՃՈ աշխատակցից տեղեկացա, որ Դուք եք անցնում և պետք է մի քանի րոպե սպասենք (անիմաստ կլիներ նրան բացատրել որևէ բան): Միշտ էլ զայրացել եմ նման դեպքերում, սակայն սպասել եմ: Մեքենայում հղի կին կար, որն իրեն լավ չէր զգում, և ես նրան շտապ պետք է տուն հասցնեի: ՀՂԻ կին, հասկանում ե՞ք: Այս պարագայում երևի Դուք պետք է սպասեիք և ճանապարհ զիջեիք, չե՞ք կարծում: Եթե այս ամենը արվում է Ձեր անվտանգությունը ապահովելու համար, ապա կարող է գոնե կանանց և երեխաներին չվերաբերվի: Մի՞թե այն մեքենաներից, որոնցում կանայք և երեխաներ են, նույնպես վտանգ եք զգում: Մենք էլ ձեզ պես մսից և արյունից ենք ստեղծված, մենք նախագահ չենք, բայց մենք ել Ձեզ հետ միասին մեր հողի վրա ենք ապրում, նույն երկնքի տակ նույն օդն ենք շնչում: Մնացած դեպքերում ես չէ, որ որպես շարքային քաղաքացի պետք է քննադատեմ ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը. դրա համար կան մասնագետներ, ընդդիմություն, քաղաքական գործիչներ, որոնք իրենց գործն անում են: Բայց կոնկրետ նման դեպքերը քաղաքականությանը չեն վերաբերում, և ես Ձեզ քննադատում եմ որպես մարդը մարդու, նույնիսկ որպես կինը տղամարդու: Երեխաներին, կանանց և հատկապես հղի կանանց ճանապարհը սովորաբար զիջում են: Սիրուն չէ հարգարժան պարոն Սերժ Սարգսյան, իսկապես սիրուն չէ: Հուսամ, որ գոնե 20:00-ից հետո մեր քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը այլևս չի խախտվի:

 

ՀՀ քաղաքացի` Մարինա Տեր-Անանյան