կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-28 14:06
Հասարակություն

Չի կարելի քողարկել բանակային միջադեպերը

Չի կարելի քողարկել բանակային միջադեպերը

Վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող շատ միջադեպեր անմիջապես տարածվում են լրատվական դաշտում` երբեմն խուճապի մատնելով զինվորների հարազատներին կամ բանակ զորակոչվողներին:  Սակայն գոյություն ունի նաև այն հաստատուն համոզումը, որ նման դեպքերի բարձրաձայնման շնորհիվ են կանխվում նման միջադեպերը: Այս առնչությամբ yerkir.am-ը հարց ուղղեց  ռազմական փորձագետ, հոգեբան Դավիթ Ջամալյանին` ակնկալելով  նրա  տեսակետը:

 

«Բնականաբար, մենք պետք է իրատես լինենք: Երբեք չի կարելի քողարկել  այն, ինչ տեղի է ունեցել, քանի որ դրանից առաջին հերթին կտուժի բանակը:  Ոչ ճիշտ, շատ հաճախ չափազանցված ինֆորմացիան ավելի մեծ խուճապ կարող է առաջացնել, քան իրական դեպքը: Պետք  է օբյեկտիվ լուսաբանել: Պետք  է պարզել, թե ով կամ ովքեր են մեղավոր  դժբախտ դեպքերի համար և ցույց տալ`  ի՞նչ է արվում իրականում մեղավորների բացահայտման համար:

 

Երբ բանակում ողբերգություն է տեղի ունենում, շատ սխալ  է այդ մասին խոսելիս անդրադառնալ  վիճակագրությանը, քանի որ լարված մթնոլորտում, այն ավելի կսրի իրավիճակը: Սովորաբար վիճակագրությունից  խոսում են`  ցույց տալու,  թե իբր գործ են անում, սակայն այդ մասին հետո էլ կարելի է ասել:

 

Բանակում տեղի ունեցող ցանկացած ձեռքբերում պետք է լուսաբանել ոչ թե մերկապարանոց հայատարարությունների տեսքով, այլ առարկայորեն պետք է ցույց տալ, թե որ խնդիրն է լուծում ստացել: Մարդիկ պետք է տեսնեն դրական տեղաշարժը»,- ասաց նա:

 

Դիտարկմանը  թե շատ դեպքերում ՊՆ-ն խուսափում է պարզաբանումներ տալուց` պատճառաբանելով, թե պարտադիր չէ, որ տվյալ միջադեպը լուսաբանվի, Ջամալյանն ասաց. «Լինում են միջադեպեր, որոնք առօրյայի մի մասն են կազմում: Շատ են, օրինակ, միջանձնային հարաբերությունների շուրջ ծագած վեճերը, որոնք  բնորոշ են մեր մտածելակերպին և բնական են:  Նման դեպքերի մասին  բարձրաձայնելով` միմիայն  բանակին կվնասենք:  Իսկ նման դեպքեր չեն լինի, եթե վաշտի հրամանատարները աչալրջորեն վերահսկեն իրենց ստորաբաժանումները»: