Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է Տաջիկստանի մայրաքաղաքից: Նա ֆեյսբուքյան տեսակապով ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ է ունեցել Նյու-Յորքում և Դուշանբեում: Նյու-Յորքում կարճ շփումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
«Դրանք ոչ ֆորմալ կարճ շփումներ են եղել, որի հիմնական թեման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների հարցն է եղել: Կարճ հանդիպում եմ եւնեցել եվրահանձնաժողովի նախագահ Յունկերի հետ, Վրաստանի վարչապետ Բախտաձեի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ հատկապես արդյունավետ է համագործակցությունը Վրաստանի վարչապետի հետ, քանի որ դրա արդյունքում հնարավոր եղավ միջանկյալ լուծում գտնել բեռնատարներով հացահատիկ ներկրելու հարցում:
Ինչ վերաբերում է Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած կարճ զրույցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ոչ ֆորմալ կարճ հանդիպում էր, դա ըստ էության առաջին շփումն էր:
«Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց, որի արդյունքում մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որ նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարվածությունն իջեցնելու վերաբերյալ: Խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլերին»,- ասաց Փաշինյանը: Նա այդ պայմանավորվածության մասին անմիջապես տեղյակ է պահել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, և այդ պայմանավորվածությունը նրա համար նույնպես ընդունելի է եղել:
Փաշինյանի խոսքով` կա պայմանավորվածություն, որ շփման գծի երկայնքով միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ: Վերջին շրջանում դեպքեր էին արձանագրվում, ունենում էինք զոհեր:
«Այս մարդաորսին պետք է դադար տրվի, և դրա հետ կապված Ադրբեջանի նախագահի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն: Հաջորդ կետով մենք արձանագրել ենք բանակցային գործընթացի նկատմամբ մեր հավատարմությունը : Արձանագրվել է, որ բանակցություններով պետք է կարգավորվի ԼՂ հարցը: Երրորդ կետով պայմանավորվել ենք օպերատիվ կապի միջոց ստեղծել: Թե ինչպիսին կլինի այն, չենք պայմանավորվել, բայց պայմանավորվել ենք հանձնարարել մեր երկրների համապատասխան գերատեսչություններին, որ նրանք օպերատիվ կապի այդպիսի համակարգ մշակեն, որ հնարավոր լինի կողմերի միջև կապ հաստատել, որովհետև ամեն անգամ վեճ է սկսվում, թե ով առաջինը խախտեց հրադադարի ռեժիմը, ով առաջինը սկսեց կրակել»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` ԼՂ հարցի կարգավորման համար նախ և առաջ պետք է առկա լինի կարգավորման մթնոլորտ, և երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ ու փոխհրաձգություն է տեղի ունենում, տրամաբանական չէ կարգավորման մասին խոսել:
«Ուրախ եմ, որ այս պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունները կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, այդ պայմանավորվածությունները պահպանելու համար»,- ասաց նա: