կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 10:20
Քաղաքական

ՀԱԿ մի քանի անդամներ հաշի՞վ կպահանջեն Տեր-Պետրոսյանից. ''168 ժամ''

ՀԱԿ մի քանի անդամներ հաշի՞վ կպահանջեն Տեր-Պետրոսյանից. ''168 ժամ''

ՀԱԿ-ում տիրող հարաբերական անդորրը միայն թվացյալ է: Այդ կառույցին մաս կազմող կուսակցությունների և անհատների մեծ մասը, չնայած դժգոհ է Լևոն Տեր-Պետրոսյանի` չառաջադրվելու որոշումից` դա գնահատելով որպես պայքարից հրաժարվելու քայլ, սակայն առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ հայտարարություններ կամ գործողություններ անելուց: 

 

«168 ժամ»-ի տեղեկություններով` ՀԱԿ մի քանի անդամներ, այդ թվում՝ Սասուն Միքայելյանը, Վարդան Մալխասյանը, Վաղարշակ Հարությունյանը, մտադիր են նախագահական ընտրություններից հետո «հաշիվ պահանջել» ՀԱԿ ղեկավարությունից, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանից` համարելով, որ չառաջադրվելու նրա հիմնավորումներն արժանահավատ և լուրջ չեն: Նրանք պահանջում են, որ իրենց ավելի կոնկրետ և հանգամանալից պարզաբանում տրվի ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման, այլ նաև ընտրություններին որևէ այլ թեկնածուով չմասնակցելու որոշման վերաբերյալ:  Վերոնշյալ գործիչներին կարող են միանալ նաև Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Գառնիկ Մարգարյանը:

 

Կոնգրեսը մինչև այժմ մի պատասխան ուներ այս մարդկանց՝ եթե ՀԱԿ ընդունած որոշումները ձեզ դուր չեն գալիս, կարող եք հեռանալ: Բայց վերը նշված գործիչները համարում են, որ արդեն եկել է նման ձևակերպում ներկայացնելու իրենց ժամանակը՝ «Դուք ձախողվել եք և պետք է հեռանաք»:

 

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը, որպես իրավաբանական միավորում, գրանցված չէ, և դե յուրե նման կառույց գոյություն չունի: Եթե վերոնշյալ անձինք և կուսակցությունները միավորվեն, նրանք կարող են հայտարարել, որ ՀԱԿ-ն այլևս իրենք են և ոչ թե Լևոն Զուրաբյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: