Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում բարձր տրամադրությամբ ամփոփում էր քաղաքապետի արտահերթ ընտրությունների արդյունքները: Նա շնորհավորեց Երևանին ու երևանցիներին 55-րդ քաղաքապետի ընտրության կապակցությամբ և ասաց, որ իրենց համար ընտրության արդյունքը զարմանալի չէր, նաև իրենց` քիչ ձայներ ստանալը զարմանալի չէ, սակայն դա տապալում կամ ձախողում չի համարում, ոչ էլ կուսակցության պարտությունը վերագրում է երկրին: «Սա հեղափոխության մայրաքաղաքային արդյունքն էր, և մենք ամեն պարագայում շարունակելու են ժպտալ,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա` իրենց թիմը չէր մասնակցում ընտրություններին` անպայման հաղթելու պայմանով, իրենք համաժողովրդական այլընտրանքի առաջարկն էին, որը, սակայն, չստացվեց: Այս ընտրությունները ժառանգականները համարում են քայլ առաջ և քաղում են իրեց դասերը, սրբագրումներ են անում և պատրաստվում հաջորդ արտահերթ ընտրություններին:
Ասուլիսի ընթացքում «Ժառանգության» ղեկավարը մի քանի անգամ հույս հայտնեց, որ այս հեղափոխությունը չի վերածվի միակուսակցականացման, սևի ու սպիտակի բաժանման: Ըստ նրա` ինքն արդեն 25-27 տարի է` լսում է քաղաքական դաշտի դավաճանների, քաղաքական դիակների մասին, երբեմն նաև իր մասին և կարծում է, որ ժամանակն է ինստիտուցիոնալացնել հեղափոխությունը ու հերթական հիասթափությունը չպատճառել քաղաքացիներին:
Հովհաննիսյանը հայտնեց, որ «Ժառանգություն»-ը նույնպես խորհրդարանական արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացմանը դեմ չէ, բայց իրենք կարծում են, որ ամեն բան պետք է արվի ճիշտ, տեղը տեղին: «Առաջիկա համապետական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որ կպահանջեն իմ մասնակցությունը»,- նաև նշեց նա` պարզաբանելով, որ թիմն անընդհատ համալրվում է երիտասարդ կադրերով, և նոր Հայաստանը նոր դեմքեր պետք է տեսնի:
Հովհաննիսյանն ասաց, որ իրենք վարչապետի հետ կհամագործակցեն նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե մյուս կողմն էլ դա ցանկանա. իր կողմից այդպիսի առաջարկ եղել է, բայց անպատասխան է մնացել:
Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների խնդրանքով գնահատեց նաև նախկին թիմակիցների` Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի` թիմից հեռանալը և ասաց, որ հեռանալը ճիշտ չէր համարում, և դրա ապացույցն ընտրությունների արդյունքն է, սակայն նաև համարում է, որ դա նրանց իրավունքն էր: