Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչը պատասխանել է իր բլոգային հայտնի գրառումների վերաբերյալ մամուլում և հասարակական քաղաքական շրջանակներից հնչած արձագանքներին` ըստ էության, վերահաստատելով արած նախկին պնդումները:
Նման մեկնաբանություններով հանդես գալու իր իրավունքը Լինչը հիմնավորում է` հղում կատարելով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե չնայած ընտրությունները մենք մեզ համար ենք անցկացնում, բայց գործում ենք միջազգային հանրության տիրույթում, և անհրաժեշտ է, որ այդ հանրության անդամները քեզ համարեն իրենցից մեկը: Կարճ ասած` դեսպանը մեզ հասկացնում է` ուզո՞ւմ եք լինել միջազգային հանրության մաս, ուրեմն պատրաստ եղեք դրսից լսել դաժան ճշմարտությունները:
Չցանկանալով անդրադառնալ արտահայտած մտքերի` իսկապես վիրավորական ոճին, ենթատեքստին և սխալված լինելու հնարավորության բացառման` նույնքան վիրավորական շեշտադրումներին, որոնք, վերահաստատվում են պաշտոնական մակարդակով հակահարվածի չարժանանալու պատճառով, պետք է նշել, որ դեսպանն ասում է դաժան ճշմարտությունների միայն մի մասը:
Նախ` Հայաստանից առաջ միջազգային հանրության մաս են եվրոպական երկրները: Բայց դժվար է պատկերացնել, որ եթե Լինչը լիներ ասենք, Ֆրանսիայում կամ Գերմանիայում ՄԹ դեսպանը, կարող էր իրեն իրավունք վերապահել այդ երկրների կուսակցություններին մեղադրել ծախվածության, իրական ընդդիմադիր չլինելու մեջ, որքան էլ դրա հետ կապված հիմնավոր կամ անհիմն կասկածներ ունենար: Հայաստանը Գերմանիա և Ֆրանսիա չէ, իհարկե, բայց ոչ թե աշխարհագրական դիրքի, զարգացվածության առումով, այլ, այսպես կոչված, եվրոպականացումը, սեփական արժանապատվությունը նույն եվրոպացիների հետ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով առուծախի առարկա դարձնելու: Բայց Հայաստանն այդպիսին է, որովհետև նրանից հենց այդպիսի եվրոպացի, միջազգային հանրության տիրույթի այդպիսի դերակատար են կերտում տիկին Լինչն ու եվրոպական մնացած էմիսարները:
Այն ժամանակ, երբ Եվրոպական պառլամենտի ամենամեծ խմբակցությունը կազմող կուսակցությունը` ԵԺԿ-ն, որտեղ Մեծ Բրիտանիան հաստատապես ևս ներկայացուցիչներ ունի, իր շարքերն էր ընդգրկում Հանրապետական կուսակցությանը և առանձնահատուկ ընդունելություն կազմակերպում այդ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի համար, տիկին Լինչը, չգիտես ինչու, մոռացել էր Հայաստանում նախորդ բոլոր ընտրությունների կեղծված լինելու և դրանում հանրապետական իշխանության պատասխանատվության մասին: Երբ այդ կուսակցության ղեկավարը` Ուիլֆրիդ Մարթենսը, Հայաստանի ընտրողների փոխարեն Բրյուսելից արդեն որոշել էր, որ խորհրդարանական, այնուհետև` նախագահական ընտրություններում հաղթող է լինելու ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Եվրոպայում, չգիտես ինչու, մոռացել էին ժողովրդավարական արժեքների մասին: Իսկ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ և ԵԽ դիտորդական առաքելությունները, ապտակելով Հայաստանի` քվեի արժեքն իմացող ու իրենց իրավունքին տեր կանգնելուն պատրաստ տասնյակհազարավոր քաղաքացիներին, մայիսյան խորհրդարանական ընտրությունները որակեցին միջազգային չափանիշներին համապատասխանող, տիկին Լինչը երևի, իր աշխատասենյակում հարմարավետ նստած, անգլիական թեյ էր ըմպում և ընթերցում 2011թ. ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանի հարցով կազմված բանաձևը:
Հիմա հարց է առաջանում` ի՞նչն է փոխվել, ինչո՞ւ են բրյուսելներում, լոնդոններում խառնվել իրար: Գուցե հասկացե՞լ են, որ Սերժ Սարգսյանն իրենց «ֆարշ» ապրանք է ծախում, թե՞ փորձում են այստեղ իրենց իսկ ակտիվ քաջալերմամբ ջախջախված իրական քաղաքական հակակշիռները վերականգնել, որովհետև ամբողջությամբ կախվածության մեջ են հայտնվում գործող ու վերընտրվելիք նախագահի տրամադրությունից, որը պահի տակ կարող է հանկարծ, լրիվ անսպասելի «ռուսական բաղնիք» ցանկանալ:
Այնպես որ` տիկին Լինչն իր բլոգում գրառումներ կատարելուց առաջ նախ պետք է բացատրեր, թե ինչ է նշանակում միջազգային հանրություն և եվրոպական արժեքներ ասվածը` առանց նույն Եվրոպայի ու միջազգային հանրության կողմից երկակի ստանդարտներ կիրառելու: Բացատրեր նաև` արդյո՞ք Հայաստանում կեղծիքի այս մթնոլորտը կարող էր ձևավորվել, կենսակերպ դառնալ, եթե իրենք Հայաստանի լյումպեն ընտրամարմնավաճառներին, քաղաքական մուրացկաններին չփորձեին համոզել, որ նրանց վրայից իրականում ոչ թե կեղտի ու կեղծիքի հոտ է փչում, այլ ֆրակ հագնող եվրոպացու:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ