կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-24 18:00
Մշակույթ

Գյումրիում հումորի փառատոն կանցկացվի

Գյումրիում հումորի փառատոն կանցկացվի

Գյումրիում այս տարի կանցկացվի հումորի փառատոն, որին կմասնակցի նաեւ Եվգենի Պետրոսյանը. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

 

Գյումրին հռչակվել է 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչի կապակցությամբ էլ երեկ Հայաստան էր ժամանել ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը:

 

Պողոսյանը նշեց, որ տարվա ընթացքում կհրավիրեն հանրաճանաչ մարդկանց, ովքեր վարպետության դասեր կանցկացնեն: Միջազգային մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ ինքը պատրաստ է օգնել այդ հարցում:

 

«Այս տարի Ուլյանովսկից պատվիրակություն կժամանի Հայաստան` փորձի փոխանակման համար, քանի որ անցած տարի հենց Ուլյանովսկն էր ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվել: Ի դեպ, կուզեմ նշել նաեւ, որ մեր ծրագրերի որակը եւ բովանդակությունն ավելի հետաքրքիր են, քան մյուս երկրներինն է եղել»,- ասաց Պողոսյանը:

 

Նա նշեց նաեւ, որ գյումրեցիները նույնպես հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնցից ամենահաջողները կընդգրկվեն ծրագրում: Գյումրեցիներն, ըստ Պողոսյանի, առաջարկել էին հացի փառատոն անցկացնել, որի ժամանակ հաց թխելու պահը, նաեւ` գիտական ուսումնասիրություններ:

 

«Երբ ծրագրերը պատրաստ լինեն, եւս մեկ անգամ պատվիրակության անդամների հետ քննարկում կանցկացնենք, բայց` ավելի նեղ ենթակազմով: Ինչ վերաբերում է միջոցառումներին, ապա, օրինակ, սպորտային ենթակառուցվածքների առումով, առաջիկայում Գյումրու քաղաքապետարանը նոր առաջարկներ կներկայացնի կառավարությանը»,- ասաց Պողոսյանը:

 

Ի դեպ, միջոցառումների մեկնարկը կտրվի մայիսի վերջին, իսկ փակումը կլինի նոյեմբերի վերջին: