Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հասմիկը ոնց որ կադրում էր` աշխույժ, դրական լիցքեր հաղորդող, նույն կերպ էլ կադրից այս կողմ` կյանքում էր»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց դերասան Ռաֆայել Երանոսյանը` խոսելով դերասանուհի Հասմիկ Ղարիբանի մասին:
Նա նշեց, որ Հասմիկ Ղարիբյանի հետ սկսել է համագործակցել, երբ «Կարգին հաղորդման» մեջ է նկարահանվել /2007 թվականից/:
«Այդ ժամանակ ծանոթացանք ու դարձանք ընկերներ: Հետո, իհարկե, մեր ծանոթությունն ավելի խորացավ, ու ուղղակի իրար հարազատ մարդիկ էինք դարձել: Հասմիկն իր տեսակով, գեղեցկությամբ ու հմայքով առանձնացող կերպար էր, ժամերով կարող էիր նստել ու զրուցել նրա հետ»,- ասաց Երանոսյանը:
Նա հիշեց նաև, որ վերջին անգամ Հասմիկ Ղարիբյանի հետ նույն բեմին են եղել 2012-ին, երբ հյուրախաղերով /«No comment»/ գնացել էին ԱՄՆ:
«Մենք գնացինք, բեմադրեցինք ու հետ եկանք, իսկ Հասմիկը մնաց: Դրանից հետո արդեն հեռախոսով, «Ֆեյսբուք»-ով էինք շփվում: Այս տարվա օգոստոսին, երբ վերջին անգամ գնացել էինք ԱՄՆ` հյուրախաղերի, զանգահարեցինք Հասմիկին, քույրը վերցրեց, ասաց` Հասմիկը քնած է, կարթնանա կասեմ` կզանգի: Բայց նա այդպես էլ չզանգեց, երևի չէր ուզում, որ մենք իրեն նման վիճակում տեսնենք, քանի որ այդ ժամանակ վիճակն արդեն վատ էր: Երևի բարին էլ դա էր, որ մենք նրան չտեսանք ընկճված: Մենք միշտ կհիշենք այն Հասմիկին, որին տեսել էինք 2012-ին»,- ասաց Երանոսյանը:
Ըստ նրա` դերասանուհին ուզում էր կանանց ակումբ ստեղծել, ասում էր` կհավաքեմ տաղանդավոր աղջիկների, ինչպես «Comedy women»-ն է, և մենք էլ մեր ակումբը կունենանք: «Ինձ էլ հարցնում էր` որ էդ ակումբն ունենանք, կաշխատի՞ այստեղ: Հասմիկը շատ գաղափարներ ուներ, պոռթկումը, մտահղացումները, բեմի, կյանքի հետ կապված, շատ-շատ էին: Ասում էր` կգնամ Ամերիկա ու այնտեղ էլ առաջ կգնամ: Ես էլ ասում էի` ըհը, Ամերիկան էլ նստած քեզ է սպասում, և մենք վիճում էինք հաճախ, բայց լավ իմաստով` իրար հոգու հետ խաղալով»,- պատմեց մեր զրուցակիցը: