Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բեռնարդ Շոուն, ով, ի դեպ, հայ չէր, մի անգամ ամերիկյան թերթերից մեկում հոդված է գրում, որը վերնագրում է այսպես` «ԱՄՆ սենատորների կեսը սրիկաներ են»: Թե ի՞նչ է լինում հետո, հետո կասենք, հիմա խոսենք մեր «սրիկաներից»: Ամուսնական գործակալություններից մեկում մի կին հայտարարություն է տեղադրում, որ փնտրում է տղամարդ` ամուսնանալու նպատակով: Կինը ներկայացնում է իր պահանջները: Դուք կզարմանաք, բայց նա միայն երկու պահանջ է ներկայացնում` առաջինը` տղամարդը պետք է անպայման հումորի զգացում ունենա, երկրորդը` նրանք, ովքեր հումորի զգացում չունեն, թող չանհանգստացնեն:
Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչպե՞ս է այս կնոջ ամագա ամուսինը միայն հումորով ընտանիք պահելու, բայց փոխարենը գիտեմ, թե ինչու է այդ կինն իր ապագա ամուսնուց միայն հումոր պահանջում: Ի դեպ, այդ կինն էլ հայ չէ: Բանն այն է, որ եթե մարդը հումոր ունի, ընդ որում` ոչ թե իր, այլ շրջապատի առնվազն 10 ներկայացուցչի կարծիքով, ապա նա նաեւ ինտելեկտ ունի, շփվել գիտի, բարի է, կամեցող, կիրթ, կարդացած, շուտ չի վիրավորվում, եթե վիրավորում էլ է, ապա` միայն հումորով: Այսինքն` հումորով մարդը ինտելեկտ ունեցող, կարդացած, շփվող, բարի, կամեցող, կիրթ, շուտ չվիրավորվող եւ միայն հումորով վիրավորող մարդն է:
Այս համատեքստում արձանագրենք` մեր ԱԺ-ի կեսից ավելին ինտելեկտ չունի, կիրթ չէ, կարդացած չէ, բարի եւ կամեցող չէ, շփվել չգիտի, շուտ վիրավորվող է եւ վիրավորող: Բանն այն է, որ ԱԺ-ի կեսից ավելին խուսափում է պատասխանել մեր կազմած` ամանորյա հումորային հարցերին, ընդ որում` մենք նախօրոք շեշտում ենք, որ դրանք հումորային հարցեր են, այսինքն` նախօրոք պատրաստած տեքստեր, վերեւներից «դաբրոներ», աշխարհաքաղաքական եւ ներքին քաղաքական իրավիճակների փոփոխություններ պետք չեն` այդ հարցերին պատասխանելու համար: Պետք է միայն մեկ բան` հումոր, որը, փաստորեն, կեսից ավելիի մոտ բացակայում է:
Թե ի՞նչ է սկսվում հումորի լիակատար բացակայությունից, մենք արդեն գիտենք, օրինակ` ֆրանսիական «Շառլի Էբդո» ամսագիրը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով հումոր էր անում, գուցե անհաջող, գուցե չափազանցված, բայց դա հումոր էր, որը իսլամիստ ծայրահեղականները չգնահատեցին, քանի որ հումորի զգացում չունեն: Այսինքն` հումորի բացակայությունից կարող է ահաբեկչություն սկսվել, ընդ որում` միջազգային, ու եթե մենք համատեղ ուժերով պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ, ապա պետք է նախեւառաջ հումոր անել իմանալ եւ հումոր հասկանալ: Այսինքն` երբ թերթերից մեկը տպագրում է, ենթադրենք, պատգամավոր Մհեր Սեդրակյանի ծաղրանկարը, դա հումոր է, բայց երբ մեկ այլ թերթ տպագրում է Մհեր Սեդրակյանի լուսանկարը եւ տակը գրում` «մարդասպան», դա հումոր չէ: Սա` որպես ի գիտություն, մարդ ես, կարող է շատերն ուզում են հումոր ունենալ, բայց ուղղակի չգիտեն, թե դա ինչ է:
Իսկ Բեռնարդ Շոուն գիտեր: Երբ նա հրապարակեց իր` «ԱՄՆ սենատորների կեսը սրիկաներ են» վերնագրով հոդվածը, հաջորդ օրը ԱՄՆ Սենատը հոդվածը հրապարակած թերթից պահանջեց հերքում տպագրել եւ ներողություն խնդրել: Շոուն շատ հանգիստ հերքեց իր ասածները եւ ներողություն խնդրեց: Նա իր հաջորդ հոդվածը վերնագրեց այսպես` «ԱՄՆ սենատորների կեսը սրիկաներ չեն, եւ ես ներողություն եմ խնդրում նրանց սրիկա անվանելու համար»:
Որպեսզի ոմանք ավելորդ գլխացավանքներ չունենան, ինչը հաճախ է լինում, երբ մարդը հումորի զգացում չի ունենում, մենք էլ արձանագրենք` մեր ԱԺ-ի կեսը ինտելեկտ ունի, կիրթ է, կարդացած է, բարի եւ կամեցող է, շփվել գիտի եւ շուտ վիրավորվող չէ: Մենք, սակայն, փնտրում ենք նրանց, որպեզի մի քանի հումորային հարց տանք: Հարցերը հեշտ են, կա նաեւ երկու անգամ մեր հուշումներից օգտվելու հնարավորություն: Բայց չկա զանգ ընկերոջը տարբերակը. Դուք եք, մենք եւ ձեր ինտելեկտն ու շփվելու ունակությունը:
Հովիկ Աֆյան