կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-02 13:38
Քաղաքական

56.3-ից 43 միլիարդը տրամադրվում է Երևանին, իսկ մնացած մարզերին տակի մնացածն է մնում. Վարդան Ղուկասյան

56.3-ից 43 միլիարդը տրամադրվում է Երևանին, իսկ մնացած մարզերին տակի մնացածն է մնում. Վարդան Ղուկասյան

Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «2018 թվականի բյուջե» օրինագծի նախնական քննարկումները:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի համար 2017 թվականի բյուջեով տրամադրվել էր 6.9 մլրդ դրամ, իսկ այս տարի նախարարությանը կտրամադրվի 10.9 մլրդ դրամ՝ 23 ծրագրերի իրականացման համար, որոնցից 13-ը նոր նախաձեռնություններ են։ Բնապահպանության նախարարությանը կտրամադրվի 4.9 մլրդ դրամ, տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ 56.3 մլրդ դրամ, որից 43.7 մլրդ դրամը կտրվի Երևանին։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դժգոհություն հայտնեց առ այն, որ Երևանին չափից շատ հատկացում է արվում: «56.3 միլիարդից ավելի քան 43 միլիարդը տրամադրվում է Երևանին, իսկ մնացած մարզերին, քաղաքաներին ու գյուղերին տակի մնացածն է մնալու։ Տարբերությունը շատ մեծ է, դրա համար երկիրը համաչափորեն չի զարգանում, ու արտագաղթը ավելի շատ է մարզերից ու գյուղերից»,- ընդգծեց պատգամավորը։

Ջանջուղազյանն էլ ասաց, որ բաշխումները կատարվում են համահարթեցման դոտացիաների օրենքների համաձայն: «Օրինակ` այն բյուջեն, որը մետրոպոլիտենի համար է նախատեսված, չենք կարող ծախսել այլ տարածաշրջանների համար։ Այդ միջոցները Երևանին բնորոշ ծրագրերի համար են, որոնք պատվիրակվել են Երևանին, հակառակ դեպքում` դրանք կպատվիրակվեին այլ մարզերի»,- ասաց նա:

Վարդան Ղուկասյանն էլ հակադարձեց. «30 տարի լսում ենք, որ սոցիալապես անապահով խավը Շիրակում ու Գյումրիում է»:

Փոխնախարարը պատասխանեց, որ հատկացումներն օրենքի շրջանակներում են կատարվում, և այդ առաջարկներով ավելի ճիշտ կլինի կառավարությանը դիմել։