կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-05 16:00
Քաղաքական

6 միլիարդ կիլովատտ ժամ հոսանքից մեկուկես միլիարդը ձախ է վաճառվում. Հրանտ Բագրատյան

6 միլիարդ կիլովատտ ժամ հոսանքից մեկուկես միլիարդը ձախ է վաճառվում. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԷՑ-ի վաճառքին և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Ըստ նրա` էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը հիմնավոր չէ:

«Ո՞նց է հիմնավոր, եթե ինքը գնում, ՀԷՑ-ի թանկ հոսանքն առնում է, ՀԷԿ-երի հոսանքը չի առնում: Որովհետև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի պայմանագրով պարտավոր է առնել: Այսինքն՝ ինքը 4 դրամանոց հոսանքը թողնում է, գնում է 40 դրամանոցն է առնում: Հա, եթե ուզում ենք դեկտեմբերի 2-ի` այդ ոչ ճիշտ ու խլամ պայմանագիրը հարգել, այդ տեսանկյունից հիմնավոր է»,- ասաց Բագրատյանը:

Հարցին, թե հույսեր կա՞ն, որ ՀԷՑ-ի վաճառքով համակարգում խնդիրներ կլուծվեն, համակարգը կառողջանա, պատգամավորը պատասխանեց, որ թեթև հույսն այն է, որ սեփական ընկերության է վաճառվում, սեփականատերը թույլ չի տա գողություն, բայց դա հարցի 10 տոկոսն է լուծում: «90 տոկոսը էներգետիկ շուկան է, ճիշտ կառուցվածքային ռեֆորմը, որին մենք չենք մոտեցել»,- ասաց նա:

Բագրատյանի կարծիքով`ճիշտ չէ սակագին սահմանելը, քանի որ այն պետք է թելադրի շուկան: «Ես կարծում եմ, որ ամեն օր` երեկոյան, շուկայի մասնակիցները պետք է հավաքվեն և մյուս օրվա գինը որոշեն: Նույնիսկ ամսվա մեջ սակագինը մի քանի անգամ կարող է տատանվել, բարձրանալ ու իջնել»,- ասաց պատգամավորը:

Նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ ողջ տարածաշրջանում ամենաթանկ էլեկտրաէներգիան Հայաստանինն է` Մոլդովայից հետո: Բագրատյանը նշեց, որ դա բարձր ու աննախադեպ կորուստների հետևանք է: «Հետևանք է նաև նրա, որ 6 միլիարդ կիլովատտ ժամ հոսանքից մեկուկես միլիարդը ձախ է վաճառվում»,- ասաց նա: