Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը շարունակում է քրեական աշխարհի ամենամեծ հեղինակություններից մեկի՝ Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մասին զրույցը գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ: Ի՞նչ կապ կա Ուսոյանի և հայերի միջև. բացահայտումները տանում են ՀՀ նախագահական ընտրություններ:
-Ո՞վ է, ի վերջո, Դեդ Հասանը՝ հա՞յ, վրացի՞, թե՞ եզդի:
- Դեդ Հասանի ծնողները ծնվել են Ապարան քաղաքից 20 կմ հեռավրությամբ գտնվող եզդիական մի գյուղում, այնուհետև՝ 1930-ականներին գաղթել են Թիֆլիս, որտեղ և 1937-ի փետրվարին ծնվել է Ասլան Ուսոյանը: Նա երբեք չի թաքցրել, որ ազգությամբ եզդի է:
-Ինչո՞վ էր պայմանավորված նրա համակրանքը հայերի նկատմամբ:
-Թիֆլիսը հայաշատ քաղաք էր, Ասլանը մեծացել է մի բակում, որտեղ շատ հայ ընտանիքներ են բնակվել: Այնտեղ նա ծանոթացել է եզդի Դոլշա Ավդոյանի հետ, ով ապրել և մեծացել է նույն բակում, որտեղև` Նատաշա Պալասյանը՝ Ռաֆայել Բաղդասարյանի (Սվո Ռաֆի) կինը: Երկուսն էլ շատ մտերիմ են եղել՝ քույրերի պես: Ստացվում է, որ Սվո Ռաֆն ու Դեդ Հասանը, մտերիմ ընկերներ լինելուց զատ, նաև բաջանաղներ են եղել: Նա միշտ էլ սերտ կապեր է ունեցել հայերի հետ:
-Այս տարի կլրանա Սվո Ռաֆի սպանության 20-րդ տարելիցը, և լուրեր կային, որ Դեդ Հասանն է կազմակերպելու այդ արարողությունը: Ընդհանրապես նա հաճա՞խ էր Հայաստան գալիս:
-Որքանով տեղյակ եմ` նա ամեն տարի փետրվարին` Սվո Ռաֆի ծննդյան օրը, ժամանում էր Հայաստան, այցելում ընկերոջ գերեզմանին, հանդիպումներ ունենում ոչ միայն հայկական քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, այլև այլ մարդկանց: 1993-ին, երբ Սվո Ռաֆը մահացավ, հունիսի 27-ի նրա հուղարկավորությունը պատշաճ կերպով կազմակերպեց Դեդ Հասանը: Եվ մի հետաքրքիր հանգամանք՝ այդ օրերին Երևանը 3 օր լույս ունեցավ, այն դեպքում, երբ այդ տարիներին օրական 1-2 ժամ էին լույս տալիս: Դա բացառիկ երևույթ էր Երևանի պատմության մեջ, ինչը կատարվեց Դեդ Հասանի հանձնարարականով:
-Ի՞նչ հետևանքներ կթողնի այս կորուստը հայկական քրեական աշխարհի վրա:
-Յուրաքանչյուր մեծ հեղինակության սպանություն նոր փոթորկի ալիքներ է բերում: Աստվա՛ծ չանի` այդ ալիքները հասնեն Հայաստան: Դեդ Հասանը բավականին ջերմ հարաբերությունների մեջ էր հայերի հետ: Դա արդեն իսկ բավական է, որ այդ զարգացումները հասնեն Հայաստան: Իմ ձեռքի տակ կան բացառիկ տեսագրություններ, որտեղ Դեդ Հասանը հայ տարբեր հեղինակությունների (և ոչ միայն քրեական աշխարհի) ծնունդներին և տարբեր այլ առիթների է ներկա, որոնք առայժմ չեմ պատրաստվում հրապարակել:
-Սվո Ռաֆից հետո կրիմինալ կայսրությունում հայերը դիրքերը զիջեցին չեչեններին, ադրբեջանցիներին, վրացիներին: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է վերականգնել հայկական քրեական աշխարհի նախկին հեղինակությունը: Կա՞ն այսօր Սվո Ռաֆին արժանի փոխարինողներ:
-Հայաստանում այսօր հզոր օրենքով գող չունենք, իսկ արտերկրում՝ կան:
-Որտե՞ղ են ապրում առավել հայտնի հայ օրենքով գողերը ՝ ամերիկյան, թե ռուսական «արևի տակ» :
-Մեր «հայրենիքում»՝ Լոս Անջելեսում: Ինչքան վատ բան կա, տարել ենք այնտեղ: Այսօր մեր սերունդը Վիլյամ Սարոյանից և Արշիլ Գորկիից շատ հիշում է Armenian power-ին, Պզոյին (Արմեն Ղազարյան), և դա շատ ցավալի է:
-Քրեական հեղինակությունները բոլոր ժամանակներում, իհարկե, ոչ բացահայտ, սակայն դերակատարում ունենում են երկրի քաղաքական կյանքում: Հայաստանում մոտ ժամանակներս լուրջ քաղաքական զարգացումներ են սպասվում: Ի՞նչ եք կարծում, քրեական հեղինակություններն այս անգամ մասնակցություն կունենա՞ն այդ գործընթացին:
-Հայաստանում այժմ քաղաքական անդորր է: Կանխատեսելի ընտրություներ են լինելու, ամեն ինչ խաղաղ է անցնելու:
-Նորահայտ թեկնածուների ընտապայքարը գնալով նմանվում է խեղկատակության՝ վարկաբեկելով գործող նախագահի հեղինակությունը: Ի՞նչ եք կարծում, նման թեկնածուների ի հայտ գալը հնարավո՞ր է քրեական աշխարհից եկած պատվեր լինել:
-Քրեական աշխարհն այս անգամ չի խառնվել, քանի որ դրա կարիքը չկար, սա ուրիշ բեմադրություն է:
-Իսկ եթե լուրջ ընդդիմություն լինե՞ր:
-Այդ դեպքում, գուցե հարկ լիներ՝ կրիմինալ աշխարհն էլ խառնվեր:
Զրուցեց՝ Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ